23:52 2 հոկտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի C2 խմբի երրորդ տուրի արտագնա խաղում Կիպրոսից կրած 0:2 հաշվով պարտությունը։
«Ցավալի էր, մենք արժանի չէինք պարտության։ Այսպիսի անհաջող խաղ չեմ հիշում, որ ամեն ինչ լավ սկսում ենք, հետո մեջքներս կոտրվում է՝ առաջին սխալ, երկրորդ սխալ, եւ դրանից հետո պետք է փրկել խաղը այն պայմաններում, երբ մեր որակով խաղացողները վնասվածքներ ունեն ու չունեինք ռեսուրսներ։ Բայց ես գնացի ռիսկի, վաբանկ, որ մրցակցի դարպասի մոտ ստանանք արդյունք․ ընդամենը 3 խաղացող թողել եմ պաշտպանությունում, 7 խաղացող առաջ են գնացել։
Շատ ցավալի է, որ Արթուր Ղարիբյանը մեկնարկային կազմում ընդգրկվելուց հետո նախավարժանքի ժամանակ վնասվածք է ստանում։ Բանդիկյանը խաղի ժամանակ վնասվածք է ստանում։ Արդեն 13-14-րդ վնասվածքն է։
Հաճելի չէ, տխուր ենք, ներողություն ենք խնդրում, բայց մեղավորներ չենք փնտրում։ Ես եմ առաջին մեղավորը, բայց այս ամենը ես պետք է մի կողմ թողնեմ, երեք օրից խաղ ունենք։ Պետք է թիմին հոգեբանորեն պատրաստել, ֆիզիկապես վերականգնել, որ վերջացնենք այս ցիկլը։
Հետո անպայման կունենանք վերլուծելու հնարավորությունը եւ հասկանալու, ինչպես պետք է շարժվենք առաջ։
Տղաներից նվիրվածության համար դժգոհ չեմ։ Դե որ գոլերը չգնաց, պետք է երեւա, որ բոլորս մեղավոր ենք, ընդունում ենք եւ պետք է շարժվենք առաջ»,- ասել է Մելիքյանը։
Խմբի մյուս խաղում Չեռնոգորիան Ռիգայում 2:1 հաշվով հաղթեց (տեսանյութ) Լատվիային եւ խմբի առաջատարն է՝ 9 միավոր։ Կիպրոսը 4 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, որը տալիս է B լիգայի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։
Հայաստանի թիմը 3 միավորով երրորդն է։
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում կհյուրընկալվի Չեռնոգորիային, որը Երեւանում հաղթել էր 3:2 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.