14:28 1 հոկտեմբերի, 2026Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։
Որպես ֆուտբոլիստ Դմիտրի Գունկոն ժամանակին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, «Տյումենում», «Սպարտակ-Չուկոտկայում», Տուլայի «Արսենալում» և Վլադիմիրի «Տորպեդոյում»։
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում՝ գլխավորելով կարմրասպիտակների երիտասարդական թիմը, որը Գունկոյի ղեկավարությամբ 2 անգամ դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն։
2014 թվականի մարտին Վալերի Կարպինի հեռացումից հետո, Դմիտրի Գունկոն նշանակվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար և Ռուսաստանի ամենատիտղոսակիր թիմի ղեկին աշխատել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ավելորդ չէ նշել, որ այդ ժամանակ նրա գլխավորությամբ «Սպարտակում» հանդես էին գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը։
2020 թվականի օգոստոսին ռուս մասնագետը գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկին», սակայն կարճ ժամանակ անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Այնուհետև Դմիտրի Գունկոն սկսել է մարզչական գործունեություն ծավալել հայկական թիմերում և որպես մարզիչ առավելապես հաջողությունների է հասել հենց Հայաստանում աշխատելու ընթացքում։
2020 թվականի նոյեմբերին Գունկոն նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ ու նույն մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։
Հաջորդ մրցաշրջանում նա գլխավորել է «Արարատ-Արմենիան» և Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ մրցաշրջանում՝ այս անգամ արդեն «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է առաջնության փոխչեմպիոն՝ մեկ միավորով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկին»։
2022 թվականի հունիսին Գունկոն նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, և 2022/23 թթ․ մրցաշրջանում թիմի հետ նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Այդ մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել էր նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։
2025 թվականի հունիսին Գունկոն 3 տարի աշխատելուց հետո հեռացել է «Ուրարտուից»։ Ընդհանուր առմամբ, նրա գլխավորությամբ «Ուրարտուն» անցկացրած 119 խաղում տարել է 66 հաղթանակ, գրանցել 22 ոչ-ոքի և կրել 31 պարտություն։
Դմիտրի Գունկոյի նախորդ աշխատավայրը եղել է Տուլայի «Արսենալը», որը նա գլխավորել է 2025 թվականի հունիսին։ Գունկոյի գլխավորությամբ՝ «զինագործները» Ռուսաստանի Առաջին լիգայի նախորդ առաջնությունում զբաղեցրել են 13-րդ տեղը։ Այս տարվա սեպտեմբերին 50-ամյա մասնագետը լքել է Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Դմիտրի Գունկոյի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն Դմիտրի Կուդրյաշովը, Նիկոլայ Տյունինը և Իգոր Մենշչիկովը։ Թիմի մարզչական շտաբում իրենց աշխատանքը կշարունակեն նաև գլխավոր մարզիչի օգնական Արթուր Ավագյանը և ֆիզպատրաստության մարզիչ Չիրո Հոսեյնի Վարդեին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.