09:27 27 դեկտեմբերի, 2012«Շատ ուրախալի էր Հենրիխ Մխիթարյանի առաջընթացը: Արաս Օզբիլիսը նույնպես, կարելի է ասել, գտավ իր խաղը եւ դառնում է հավաքականի առաջատարներից մեկը: Շատ ուրախացրեց նաեւ Կամո Հովհաննիսյանի առաջընթացը: Մանավանդ նա այն դիրքի ֆուտբոլիստ է, որ մեզ շատ է անհրաժեշտ: Ամենակարեւորն այն է, որ չնայած շատ դժվարությունների, թիմը մնում է միասնական»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն ամփոփեց 2012 թվականը։
Ինչպիսի՞ն էր 2012 թվականը Ձեզ համար թե անձնական, թե աշխատանքային կյանքում:
Այս տարի ինձ համար ամեն ինչ շատ լավ էր: Ամենակարեւորն այն է, որ իմ բոլոր հարազատներն առողջ են: Այդ առումով դրական էր: Իսկ աշխատանքային առումով ասեմ, որ սպասելիքները չարդարացվեցին, չնայած բազմիցս նշել եմ, որ դրա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները կային: Հաշվի առնելով նախորդ երկու տարիների արդյունքները` սպասելիքներն ավելի մեծ էին:
Տարվա սկզբին հավաքականը հաջողության գագաթնակետին էր: Հայտնվել էինք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 41-րդ հորիզոնականում: Ո՞րն էր հիմնական պատճառը, որ չկարողացանք պահել այդ մակարդակը:
Չեմ կարծում, որ դա գագաթնակետն էր, ավելի մեծ հաջողություններ դեռ կունենանք: Կոնկրետ պատճառ չկա. կային վնասվածքներ, որակազրկումներ, մեր դեմ թիմերն ավելի լուրջ են պատրաստվում։ Մենք չպետք է ոչ մեկի մեղադրենք, այլ ինքներս մեզնից պիտի պահանջենք, ամեն ինչ մեզնից է կախված:
Ո՞րն էր այս տարվա հայտնությունը՝ ըստ Ձեզ, լինի դա խաղաոճ, իրադարձություն կամ ֆուտբոլիստ:
Ինձ միշտ շատ հետաքրքիր է եղել Իտալիայի հավաքականը: Այս տարի մենք մեկնել էինք Եվրոպայի առաջնությանը եւ նրանց մասնակցությամբ երեք խաղ դիտել: Ինձ համար դա շատ հետաքրքիր էր, քանի որ նրանց միշտ բոլորից առանձնացրել եմ: Ինձ համար Իտալիայի հավաքականը տակտիկապես ամենաճկուն թիմերից մեկն է: Հետաքրքիր էր նրանց դեմ խաղալը զուտ տակտիկական առումով: Բացասական առումով կառանձնացնեմ Բուլղարիայի հետ Հայաստանի հավաքականի խաղը:
Շատ ուրախալի էր Հենրիխ Մխիթարյանի առաջընթացը: Արաս Օզբիլիսը նույնպես, կարելի է ասել, գտավ իր խաղը եւ դառնում է հավաքականի առաջատարներից մեկը: Շատ ուրախացրեց նաեւ Կամո Հովհաննիսյանի առաջընթացը: Մանավանդ նա այն դիրքի ֆուտբոլիստ է, որ մեզ շատ է անհրաժեշտ: Ամենակարեւորն այն է, որ չնայած շատ դժվարությունների, թիմը մնում է միասնական:
Բազմիցս հնչել է, որ հավաքականի նպատակը աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը չէ, այլ ապագայի թիմ կառուցելը: Ո՞րն է Ձեր առաջնային նպատակը 2013-ին:
Մեր խմբում ընդգրկված բոլոր թիմերը բացի Մալթայից ձգտում են հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Դրա համար մենք պետք է ամեն խաղին դուրս գանք հաղթելու ցանկությամբ: Իսկ մինչեւ հաջորդ պաշտոնական խաղը մենք ունենք երեք ընկերական հանդիպում: Երկու թիմերի անունները պարզ են: Շուտով պարզ կդառնա նաեւ երրորդի անունը: Հույս ունեմ, որ հաջորդ տարին ավելի հաջող կդասավորվի մեզ համար: Ես միշտ ասում եմ, որ լավ ֆուտբոլ խաղալը դեռ չի ապահովում արդյունք: Խաղից բացի կան նաեւ այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել արդյունքի վրա: Այդ առումով այս տարին այդքան էլ հաջող չէր մեզ համար: Համենայն դեպս, ամեն ինչ մեզնից է կախված:
Առաջին խաղը փետրվարի 5-ին անցկացնելու ենք Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ: Շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչո՞ւ հենց Լյուքսեմբուրգը: Չէ՞ր կարելի ավելի ուժեղ թիմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել:
Փորձեմ բացատրել: Լյուքսեմբուրգից բացի, մարտին խաղալու ենք նաեւ Թուրքմենստանի հավաքականի հետ: Ինչո՞ւ հենց նրանց: Այդ խաղն ընկնում է Չեխիայի հետ կարեւոր խաղից չորս օր առաջ: Եվ պարզ է, որ ցանկալի չէր լինի խաղալ ուժեղ թիմի հետ: Ինչ վերաբերում է Լյուքսեմբուրգին, այդ խաղը տեղի է ունենալու փետրվարի 5-ին եւ խաղալու ենք փորձնական կազմով, փորձարկելու ենք նորեկներին: Հաջորդ օրը մենք նույնպես խաղ ենք ունենալու եւ խաղալու ենք մեր հիմնական կազմով: Այս պահին դեռ հայտնի չէ մրցակիցը, բայց ֆեդերացիան ակտիվ աշխատանքներ է կատարում: Իմ առաջին պահանջը, որ այդ թիմն իր վարկանիշով եւ ուժով չզիջի, անգամ գերազանցի Չեխիային:
Իսկ կարո՞ղ եք ասել փետրվարի 6-ին կայանալիք խաղի հնարավոր մրցակիցներին:
Մի քանի թիմ կա, որոնց հետ բանակցություններ ենք վարում: Կան ուժեղ աֆրիկյան թիմեր: Ընտրություն կա ասիական, եվրոպական եւ անգամ Հարավային Ամերիկայի հավաքականների մեջ: Կփորձենք մինչեւ Ամանոր ավարտել այդ հարցը: Եթե ոչ, ապա հունվարին պարզ կլինի:
Իսկ Գեւգեւոզյանից, Մարկոսովից եւ Խաչատուրովից բացի, ուրիշ ովքե՞ր կմիանան հավաքականին փետրվարի խաղերին:
Չի բացառվում, որ Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների փորձարկենք: Կան նաեւ դրսում խաղացող ֆուտբոլիստներ, որոնց մենք հետեւում ենք: Բայց եկեք դեռ անուններ չտանք եւ սպասենք:
Նոյեմբերին ասացիք, որ հավաքական են հրավիրվելու Գեւգեւոզյանն ու Մարկոսովը: Մոտ 20 օր առաջ երկուսի հետ էլ փոքրիկ զրույց ունեցա: Մաուրոն ասաց, որ իրեն դեռ չեն դիմել, իսկ Մարկոսովն ասաց, որ եղել է միայն հեռախոսազանգ եւ ոչ մի պաշտոնական առաջարկ:
Ասեմ, թե նման դեպքերում ինչպես է գործում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Քանի որ մենք արդեն ունենք դառը փորձ, երբ հրավիրել ենք ֆուտբոլիստների եւ մերժում ստացել: Այդ երկու ֆուտբոլիստի հետ ֆեդերացիայի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել, եւ նրանք տվել են իրենց համաձայնությունը: Երեւի դա եղել է Ձեր զանգից հետո: Հաջորդ քայլը կլինի նրանց պաշտոնական հրավեր ուղարկելը ընկերական խաղերից առաջ:
Հունվարը արձակուրդային ամիս է: Կհասցնե՞ք: Ինչու եմ ասում: Քանի որ Ռուսաստանի Առաջին լիգայում կա լեգեոնականների քանակի սահմանափակում: Խաղալով Հայաստանի հավաքականում` Մարկոսովը իր թիմում կդառնա լեգեոներ: Չկրկնվի Դենիս Թումասյանի պատմությունը:
Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստից: Ես միշտ օրինակ եմ բերում Սարկիսովի դեպքը: Մենք նրան հրավեր ուղարկեցինք, եւ նա անմիջապես ընդունեց այն: Նրա վարկանիշը բարձրացավ հավաքականում խաղալով, եւ այժմ նա խաղում է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Եթե Մարկոսովը մեզ տվել է դրական պատասխան, ուրեմն ամեն բան ծանրութեթեւ արել է եւ գիտի, որ նա կդառնա լեգեոնական: Ես դիտել եմ Մարկոսովի խաղերը, եւ ինձ վրա նա լավ տպավորություն է թողել: Ինչպես նաեւ Մաուրո Գեւգեւոզյանի բոլոր խաղերը: Միակ խնդիրն այն է, որ նրանք հայերեն չեն խոսում: Իսկ Մաուրոն անգամ անգլերեն չգիտի: Բոլոր նորեկներն էլ դեռ պետք է ապացուցեն, որ կարող են օգնել հավաքականին:
Ունե՞ք սկզբունքներ, որոնք ոչ մի դեպքում չեք խախտի։
Ունեմ սկզբունքներ, բայց ոչ այն ժամանակ, երբ հարցր վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին: Ես միշտ ասում եմ, որ հավաքականում պետք է խաղան հայրենասեր, ուժեղ տղաներ: Եվ ինչի՞ համար ընկնել ավելորդ սկզբունքների հետեւից: Սա իմ անձնական հավաքականը չէ: Այս պարագայում սկզբունքները տեղ չունեն:
Այսինքն ցանկացած ֆուտբոլիստ կարող է մի օր ընդգրկվել հավաքականում: Օրինակ՝ Մելիքսեթյանի մասին ասվել էր, որ նա այլեւս երբեք չի խաղա հավաքականում:
Ես այդպիսի բան ասե՞լ եմ: Խաղո՞ւմ է արդյոք այսօր Մելիքսեթյանը: Որքան գիտեմ, նա այս պահին վնասվածք ունի եւ չի խաղում: Ես միշտ ասել եմ, որ ցանկացած ուժեղ ֆուտբոլիստ, ով կհամապատասխանի իմ երեք պահանջներին, կհրավիրվի հավաքական: Ինձ համար առաջնայինը հավաքականի արդյունքն է եւ թիմում տիրող մթնոլորտը:
Իսկ փետրվարի խաղերին ո՞ր դարպասապահներին եք հրավիրելու:
Եթե երկու խաղ անցկացնենք, կհրավիրենք չորս դարպասապահի: Ընդհանուր առմամբ 28 ֆուտբոլիստ կմասնակցի: Երեք հիմնական դարպասապահներին գիտեք: Նրանց հավանաբար կմիանա Արսեն Բեգլարյանը:
Համեմատելով նախորդ տարիների հետ, կարելի է ասել, որ այսօր Հայաստանում մարզական լրագրությունը քանակական առումով ծաղկում է ապրում: Եթե ժամանակին գործում էին միայն երկու թերթեր, ապա այսօր բազմաթիվ կայքեր, հաղորդումներ, թերթեր կան: Ձեզ գոհացնո՞ւմ է մարզական մամուլի մակարդակը:
Ճիշտ եք ասում, քանակը շատացել է, բայց…: Օրինակ՝ ես շատ եմ ցանկանում, որ մամուլի ասուլիսներին այնպիսի հարցեր տան, որոնք մարզիչներին կստիպեն մտածել: Լինեն տակտիկական, սխեմաներին վերաբերող հետաքրքիր հարցեր, ոչ թե հարցեր, թե ինչու այս կամ այն ֆուտբոլիստը չի հրավիրվում հավաքական: Կան լրագրողներ, ովքեր ինձ միշտ միայն այդ հարցն են ուղղում: Հիմականում ստանդարտ, միանման հարցեր են: Կան մի քանի լրագրողներ, որոնց հարցերը միշտ շատ հետաքրքիր են:
Դուք բա՞ց եք մամուլի հետ շփվելու հարցում:
Եթե հարցը վերաբերում է մարզական հարցերին, ես միշտ բաց եմ պատասխանելու համար: Իհարկե, պետք է պահպանել կանոնակարգը` դիմել ֆեդերացիայի մամլո ծառայություն: Իսկ այլ բաները` հեռուստատեսություն, ամսագրեր, իմը չեն, ինձ չեն հետաքրքրում:
Կա՞ այնպիսի մարզիչ, ում ոճը Ձեզ համար օրինակելի է:
Ես ոչ մեկի չեմ նմանակել: Իմ ոճը կարելի է ասել, ստացվել է ինքն իրեն: Ես 2003-ից աշխատել եմ մի քանի մարզիչների հետ, բոլորից էլ ինչ-որ բան վերցրել եմ: Շատ բան սովորել եմ Սամվել Դարբինյանից եւ Յան Պորտերֆիլդից: Նրանց մարզական եւ մարդկային մոտեցումները ինձ համար շատ հոգեհարազատ են:
Եթե զրոյից թիմ կառուցեիք, ֆուտբոլային ո՞ր ուղղությունը կնախընտրեիք:
Հավաքականում ինչ-որ տեղ դա դժվար է, քանի որ ֆուտբոլիստների քանակը սահմանափակ է: Ակումբում ավելի հեշտ է ասել նախագահին, որ ինձ պետք է այս կամ այն ֆուտբոլիստը, ով համապատասխանում է քո ֆուտբոլային փիլիսոփայությանը: Այն խաղաոճը, որը ցուցադրում է այսօր մեր հավաքականը, ինձ հոգեհարազատ է:
Եթե հնարավորություն լիներ մի որոշ ժամանակ աշխատել հայտնի մարզիչներից մեկի հետ, ո՞ւմ կնախընտրեիք:
Այժմ կա այդպիսի հնարավորություն, մենք մասնակցում ենք ՊՐՈ լիցենզավորմանը, փետրվարին մեկնելու ենք Իտալիայի Ա սերիայի երկու թիմերի մարզումների պրոցեսները դիտելու: Բայց դա իմ ընտրությամբ չէ: Իսկ եթե ես ընտրեի, ապա միշտ ասել եմ, որ կցանկանայի տեսնել, թե ինչպես է աշխատում Արսեն Վենգերը: Մենք մեկ անգամ դիմել էինք «Բարսելոնային», որպեսզի ես մեկնեի այնտեղ: Այն ժամանակ ինչ-որ խնդիրներ էին առաջացել, եւ ինձ առաջարկեցին հետեւել նրանց դպրոցին: Բայց ես ցանկանում էի հետեւել առաջին թիմին: Կցանկանայի լինել հենց այդ երկու թիմերում՝ «Բարսելոնա» եւ «Արսենալ»։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Ավելի լավ է լինել ուժեղ թիմի երկրորդ մարզի՞չ, թե՞ ավելի ցածրակարգ թիմի գլխավոր մարզիչ:
Սկզբնական ժամանակաշրջանում ամենակարեւորն է աշխատել ուժեղ մարզչի կողքին եւ նրանից շատ բան սովորել: Ես ճանաչում եմ շատ մարզիչների, ովքեր ցանկություն չունեն աշխատել որպես գլխավոր մարզիչ: Կարիերայի սկզբում ավելի լավ է աշխատել ոչ այդքան մեծ ամբիցիաներ ունեցող թիմում, որտեղ կարելի կլինի սխալվել:
2009-ին, երբ Դուք գլխավորեցիք Հայաստանի ազգային հավաքականը, մեղմ ասած հավաքականն այդքան էլ լավ օրեր չէր ապրում: Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականից կրած պարտությունից հետո ստադիոնը անգամ վանկարկում էր «Մինասյան, հեռացիր»: Հոգեբանորեն ինչպե՞ս հաղթահարեցիք այդ դժվար պահը եւ ինչպե՞ս ուժ գտաք դիմակայել այդ ամենին:
Դա շատ տհաճ պահ էր: Մարդկային առումով մեծ ճնշում էր ինձ վրա: Չգիտեմ ինչպես դա ստացվեց, բայց ես ինձ շատ հանգիստ պահեցի: Պատճառը երեւի այն էր, որ գիտակցում էի` ցանկացած մարզիչ կարող է հայտնվել այդ իրավիճակում: Դա մեր աշխատանքի մի մասն է կազմում: Ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Հիմա ավելի հանգիստ եմ նայում այդ ամենին:
Իսկ ինչպե՞ս վերաբերվեցիք երկրպագուների դժգոհության այդ ալիքին:
Դա բնական էր: Մարդիկ ցանկանում են, որ իրենց սիրած թիմը հաղթի: Բացի այդ, թիմն այն ժամանակ ցուցադրում էր անատամ խաղ, շուտ հանձնվում էր: Բաց էր թողնում մեկ գոլ եւ թեւաթափ լինում: Փառք Աստծո, այժմ այդպիսի բան չկա: Նույնիսկ այն խաղերում, որտեղ մենք պարտվել ենք, մինչեւ վերջ պայքարել ենք: Պայքարող մարդը միշտ կհասնի հաջողության:
Շատ հաճախ, երբ թիմը հասնում է հաջողությունների եւ այնտեղ առանձնանում են մի քանի ուժեղ ֆուտբոլիստներ, թիմում սկսվում են տարաձայնություններ մարզչի եւ նրանց միջեւ: Հիշում ենք ժամանակին Ռայկարդը կանգնեց նման խնդրի առջեւ` Ռոնալդինյոյի ու Էտո՝Օ-ի հետ: Վան Գալին մեղադրում են Ռիվալդոյի կարիերան կործանելու մեջ: Այժմ էլ «Ռեալում» ամեն ինչ հարթ չէ: Վերջերս մեր հավաքականում էլ էին առաջացել նման խոսակցություններ, հատկապես Յուրա Մովսիսյանի եւ Վերհեենի միջադեպը: Կարո՞ղ եք Դուք պատժել ֆուտբոլիստին եւ չխաղացնել նրան՝ իմանալով, որ դրանից թիմի խաղը կտուժի:
«Բարսելոնայում» նրանք ավելի շատ արժեւորում են ֆուտբոլիստի մարդկային որակները նրա խաղային որակներից: Նույն Ձեր թվարկած անուններին ավելացնեմ Իբրահիմովիչինը: Որքան էլ նրանք ուժեղ ֆուտբոլիստներ էին, «Բարսելոնան» ազատվեց նրանցից: Ինչ վերաբերում է մեր հավաքականին, Փառք Աստծո, այսքան ժամանակ, ես չեմ հանդիպել այդպիսի երեւույթի, որ ֆուտբոլիստն իր անձնական ամբիցիաները վեր դասի թիմայինից: Եթե այդպիսի բան պատահի, սկզբից ես կտրուկ գործողությունների չեմ գնա: Կարելի է խոսել, փորձել հասնել կոմպրոմիսի: Իսկ եթե գործը մտնում է փակուղի, ապա հավաքականի շահը պետք է վեր դասել: Ամենից կարեւորը թիմում տիրող մթնոլորտն է:
Ի՞նչն է նպաստում հավաքականում լավ ընկերական մթոլորտ ձեւավորելուն:
Տղաներից շատերը միասին խաղացել են դեռ մանկուց: Նրանցից շատերը համախմբված են մեկ գաղափարի շուրջ: Կարեւորը, որ թիմում ֆուտբոլիստն իրեն անկաշկանդ զգա: Այդ դեպքում նա կարող է դրսեւորել իր ողջ պոտենցիալը:
Վերջերս դարձյալ ստանձնեցիք նաեւ «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը: Առաջիկա մրցաշրջանում Ձեր առջեւ դրված նպատակները:
Մեր երկու ֆուտբոլիստներ ձմռանը կգնան: Կամո Հովհաննիսյանն արդեն հունվարին կմեկնի «Ալանիա», Դավիթ Մանոյանը վնասվածքն է բուժում, բայց դրանից հետո նա կլքի մեզ: Մեր գլխավոր նպատակը ուժեղ թիմ կառուցելն է, այլ ոչ թե մրցաշարային աղյուսակում ինչ-որ տեղ գրավելը: Մեր ֆուտբոլիստները պետք է պատրաստվեն 17, 19, 21 տարեկանների հավաքականների համար: Նոր ֆուտբոլիստներ էլ ենք պատրաստվում ձեռք բերել: Այժմ բանակցությունների մեջ ենք: Մեր փիլիսոփայությունն է` աշխատել միայն հայ ֆուտբոլիստների հետ: Կապ չունի՝ տեղի ակումբների, թե դրսից հրավիրված:
Մարզիչը պետք է ֆուտբոլիստների հետ ընկերակա՞ն լինի, թե՞ ավելի խիստ, կարգադրողի դերում:
Ընկերական լինել չի կարող, քանի որ մարզիչ եւ ֆուտբոլիստ հարաբերություններ են: Ես նախընտրում եմ խոսելու, բացատրելու տարբերակը: Գտնում եմ, որ ցանկացած կոնֆլիկտային դրվագում պետք է նայել նաեւ դիմացի կողմից: Ամեն մեկին անհատական վերաբերմունք է անհրաժեշտ, քանի որ նրանք բոլորը միանման չեն, բոլորն էլ անհատականություններ են:
Շատ մարզիչներ խաղերից առաջ արգելում են ֆուտբոլիստներին տեսնել իրենց կանանց, օգտվել սոցիալական կայքերից: Կա՞ն բաներ, որ արգելում եք Ձեր ֆուտբոլիստներին:
Մեզ մոտ մի քանի տարի առաջ շատ վատ էր դրված մամուլի հետ շփման հարցը: Այն ժամանակ ցանկացած ամսագրի լրագրող կարող էր զանգահարել մեր ֆուտբոլիստներին եւ հարցազրույց անել: Ես կարծում եմ, դա սխալ է: Գոյություն ունի ՀՖՖ մամուլի ծառայություն: Այս պահին դա ինչ-որ չափով կարգավորվել է:
Ասում են` անփոխարինելի մարդ չկա: Մեր հավաքականում կա՞ այնպիսի ֆուտբոլիստ, ով իսկապես անփոխարինելի է:
Ամեն մեկն իր տեղում անփոխարինելի է: Այն, ինչ կատարվում է հիմա հավաքականում`կապված վնասվածքների հետ, մի քիչ չափից շատ է: Հենակետային գոտում խնդիրներ ունեինք, այժմ Դավիթը եւ Մասիսը վնասվածք ստացան:
Բայց անուններ չե՞ք տա:
Դուք ցանկանում եք, որ ես Հենրիխի, Կառլենի, Բերեզովսկու անուննե՞րը տամ (ծիծաղում է):
Սնահավա՞տ եք:
Ոչ, ես աստվածահավատ մարդ եմ: Իհարկե, դու պետք է անես առավելագույնը, որպեսզի հետո ոչ ոքի չմեղադրես:
Մարդիկ բաժանվում են երկու խմբի: Մի մասն ասում է, մարդն է իր երջանկության կերտողն է, մյուսները` որ ամեն բան կանխորոշված է:
Պետք է հավասարակշռություն պահել այս երկու գաղափարների միջեւ: Դու պետք է անես հնարավոր ամեն բան, բայց կա նաեւ բախտի գործոնը: Մանավանդ ֆուտբոլում ամեն բան կախված չէ քեզնից, սա թիմային աշխատանք է: Ինձ հաճախ հարցնում են, ինչի մասին եմ ես երազում: Ես վաղուց չեմ երազում: Անիմաստ է երազել, պետք է աշխատել, չարչարվել, եթե ստացվի, ուրեմն դա էր քոնը:
Սիրո՞ւմ եք Ամանորը:
Այո, բայց իմ ամենասիրելի տոնը Զատիկն է` Հիսուս Քրիստոսի հարության տոնը:
Ձեր ընտանիքում կա՞ն ամանորյա հատուկ ավանդույթներ:
Ոչ, նշում ենք բոլորի պես: Իրար նվերներ ենք տալիս: Մեկ ցանկություն կա, որ միշտ Նոր տարին նշեմ ընտանիքիս հետ:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.