ՖԻԴԵ նախագահ․ Դպրոցական շախմատի հայկական օրինակը լավագույն մոդելն է ամբողջ աշխարհի համար (ֆոտո, վիդեո)

17:26   29 սեպտեմբերի, 2026

Ես Հայաստանը շատ եմ սիրում: Մենք հիանում ենք այս երկրով եւ, միանշանակ է, որ մենք, ամբողջ միջազգային հանրությունը Հայաստանից սովորելու բան ունենք: Հայաստանը հրաշալի արդյունքներ է գրանցում շախմատում: Դրա վառ ապացույցը օրերս Սամարղանդում ավարտված շախմատային Օլիմպիադայում Հայաստանի թիմերի նվաճումն է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովը:

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահն առաջին պաշտոնական այցով Հայաստանում է։ Նա Ծաղկաձորում մասնակցել է 2026 թ. դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլի բացման արարողությանը։

Օրվա երկրորդ հատվածում Թիմուր Տուրլովն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ նրան դիմավորեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: ՖԻԴԵ նախագահը շրջեց ակադեմիայում, ծանոթացավ պայմաններին, հանդիպեց այցի պահին շախամտային դաս անցկացնող երեխաներին, նաեւ հիացավ ակադեմիայի մրցումային դահլիճով:

«Հրաշալի դահլիճ է, ուղղակի հիացած եմ»,- Սմբատ Լպուտյանի հետ շրջայցի ընթացքում ասաց Թիմուր Տուրլովը, իսկ շախմատով զբաղվող երեխաներին հաջողություն եւ մեծ հաղթանակներ մաղթեց:

«Ես շատ եմ սիրում Հայաստանը: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ սա իմ առաջին այցը չէ Հայաստան: Այստեղ է գործում իմ ղեկավարած հոլդինգը եւ, անպայման, տարին մեկ անգամ ես այցելում եմ Հայաստան:

Արդեն որպես Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ իմ առաջին պաշտոնական այցը եղավ Հայաստան, քանի որ այստեղ այս օրերին անցկացվում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնութունը: Առաջնությունն անցկացվում է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ-2026» նախաձեռնության շրջանակում:

Մենք այս առաջնությունը հատուկ ծրագրում էինք անցկացնել Հայաստանում, քանի որ սա մի երկիր է, որը «Շախմատը կրթության մեջ» ծրագրով զբաղվում է 2011 թվականից եւ կարողացել է այս ժամանահատվածում ձեւավորել դպրոցական շախմատի ամենամեծ մշակույթը: Հայաստանն այն երկրն է, որն անցկացրել է բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ շախմատում: Այս ամենին զուգահեռ նաեւ ցուցաբերում է հրաշալի արդյունքներ մեծ շախմատում: Այդ մասին փաստում է Սամարղանդում օրերս ավարտված շախմատային Օլիմպիադայում Հայաստանի թիմերի նվաճումը, որտեղ հայ շախմատիստները գրանցել են բարձր արդյունքներ:

Մենք հիանում ենք այս երկրով եւ, միանշանակ է, որ մենք, ամբողջ միջազգային հանրությունը Հայաստանից սովորելու բան ունենք: Այս առիթով գտնում եմ, որ դպրոցական շախմատի հայկական օրինակը լավագույն մոդելն է ամբողջ աշխարհի համար:

Միջազգային ֆեդերացիայի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությունը սերտ է: Շարունակելու ենք ակտիվ աշխատանքը եւ փորձի փոխանակումը կրթության ոլորտում: Վստահ եմ, որ համատեղ կկազմակերպենք եւ կանցկացնենք միջազգային մեծ մրցաշարեր: Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքը կարտացոլվի նաեւ զարգացման հիմնադրամի շրջանակներում, որն այժմ ՖԻԴԵ-ի նախաձեռնությամբ ստեղծվում է:

Այս հիմնադրամի նպատակը երիտասարդ տաղանդավոր շախմատիստների համար նոր հնարավորություններ ստեղծելն է, որպեսզի նրանք կարողանան շրջագայել եւ մասնակցել տարբեր միջազգային մրցաշարերի, հնարավորություն ունենալ մարզվել եւ աշխատել լավագույն մասնագետների հետ: Այդ հիմնադրամի շնորհիվ լավագույն մասնագետներն էլ հնարավարություն կստանան աշխատել համաշխարհային ճանաչում ունեցող շախմատիստների հետ»,- ասաց Թիմուր Տուրլով:

Ակադեմիայի պայմաններին ծանոթանալուց հետո ՖԻԴԵ նախագահն ու ՀՇՖ փոխնախագահն առանձնազրույց ունեցան:

Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմի հետ։ Կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.