Էդուարդ Սպերցյան․ Վաղվանից ազգային հավաքականում սկսվում է նոր պատմություն

19:07   24 սեպտեմբերի, 2026

Մարտական ենք տրամադրված: Վստահությամբ կարող եմ ասել, որ վաղվանից ազգային հավաքականում սկսվում է նոր պատմություն:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի հավաքականին։

«Ազգերի լիգան բավականին բարդ մրցաշար է: Արդեն ադապտացվել եմ հավաքականի ճամբարում: Հետաքրքիր հանդիպումներ ենք ունենալու վաղը եւ եւս 3 օր անց: Հավաքականում շատ լավ թիմ է ձեւավորվել: Բոլորս փորձում ենք մարզավիճակ հավաքել: Շատ կարոտել էի հավաքականը: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: 

4 հանդիպում ունենք եւ բավականին լուրջ գրաֆիկով ենք պատրաստվելու բոլոր խաղերին: Վաղը կհանդիպենք Լատվիային, որի հետ բազմիցս մրցել ենք խաղադաշտում: Այս պահին չեմ ցանկանում հետ նայենք, անցյալը վերհիշենք, այլ տրամադրվենք վաղվա խաղին: Պետք է ապրենք նոր օրով: Վաղը մեզ սպասվում է լիովին նոր խաղ, նոր հանդիպում: Հավաքականում տրամադրությունը եւ մթնոլորտը լավ է: Մարտական ենք տրամադրված: Հուսանք՝ վաղը հաղթանակ կունենանք:

Հաղթելու հնարավորություն միշտ կա եւ ցանկացած խաղում: Շատ բան կախված է մեզանից: Ամեն օր նոր մարզումներ, նոր աշխատանք ենք տանում: Թիմում մոտիվացիա կա: Վաղվանից սկսում ենք:

Այսօր ես նույնպես չեմ ցանկանում խոսել հավաքականի խնդիրների մասին: Կենտրոնանանք վաղվա խաղի վրա, թե ինչ է լինելու վաղը: Չեմ ցանկանում մեկնաբանել մյուս թեմաները:

Ինձ շատ է դուր եկել ազգային հավաքականի նոր մարզահագուստը: Իրականում՝ այդքան էլ էական չի, թե ինչ գույների մարզաշապիկով ենք խաղալու: Մենք խաղում ենք մեր երկրի համար: Շատ կուզեի, որ այս նոր մարզաշապիկը հաջողակ լինի մեզ համար: 

Տեսնելով հավաքականին այսօր, վստահությամբ կարող եմ ասել, որ վաղվանից ազգային հավաքականում սկսվում է նոր պատմություն: 

Ինձ համար կարեւոր չէ, թե ես որ դիրքում եմ խաղում հավաքականում, այլ կարեւոր է, որ անպայման խաղամ»,- ասաց Էդուարդ Սպերցյանը:

Հայաստան - Լատվիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.