Արմեն Համբարձումյան. Նախորդ խաղում չեխերին պարտվել էինք, այս խաղում ցանկանում ենք ռեւանշի հասնել

19:22   15 սեպտեմբերի, 2026

Նախորդ խաղում չեխերին պարտվել էինք, այս խաղում ցանկանում ենք ռեւանշի հասնել: Ամեն ինչով պատրաստ ենք, որ հաղթենք: Կուզեի վաղը երկրպագուներին տեսնել մարզադաշտում, որպեսզի միասին հաղթանակի հասնենք եւ ուրախանանք:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ավագ, կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոնը  կընդունի չեխական «Սպարտա Պրահային»։

«Մեր թիմը մտածում է միայն հաղթելու մասին: Ամեն ինչով պատրաստ ենք, որ հաղթենք: Նախորդ խաղում չեխերին պարտվել էինք, այս խաղում ցանկանում ենք ռեւանշի հասնել: Տնային խաղերում մեր գլխավոր հաղթաթուղթը երկրպագուներն են: Միայն թիմը չի հաղթում, հաղթում են երկրպագուները, բոլորս միասին ենք վայելում հաղթանակները: Մեր հաղթաթուղթը նաեւ թիմային խաղն է: Մենք երկրպագուների հետ մեզ մեծ ընտանիք ենք զգում: Կուզեի վաղը երկրպագուներին տեսնել մարզադաշտում, որպեսզի միասին հաղթանակի հասնենք եւ ուրախանանք:

Հասել ենք հիմնական փուլ, որը մեր ազգի համար մեծ հաջողություն է: Չեմ կարող ասել, թե ինչ ապրումներ ունեցա, երբ հնչեց խաղի ավարտը հայտարարող սուլիչը եւ մենք դուրս եկանք հիմնական փուլ: Այդ պահին վերհիշեցի ամբողջ մեր անցած ճանապարհը, հաջողություններն, անհաջողությունները եւ ինչպես ենք հասել այդ կետին»,- ասաց Արմեն Համբարձումյանը:

«Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին 16-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:45-ին։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.