09:14 26 դեկտեմբերի, 2012«Մարդն իր երջանկության դարբինն է: Ամենասխալ բանն է մտածել, թե դու պարզապես զինվոր ես եւ չես կարող թագուհի դառնալ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի երկրորդ լավագույն շախմատիստ, Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը:
Լեւոն, ամփոփենք 2012 թվականը: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար:
2012-ն իմ ամենահաջող տարին էր, քանի որ հոլանդական Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում հաջող հադես եկա եւ տարին ինձ համար հենց այդտեղից արդեն լավ սկսվեց: Հետո շատ նվաճումներ չունեցա, քանի որ քիչ էի խաղում, բայց հաղթանակը Օլիմպիադայում կարեւորագույն արդյունքն էր: Կարծում եմ` ոչ միայն իմ կյանքում, այլ նաեւ մեր թիմի պատմության ամենամեծ նվաճումներից մեկն է հաղթանակը Ստամբուլում:
Այս տարվա Համաշխարհային օլիմպիադան առանձնացնո՞ւմ էիք մյուս Օլիմպիադաներից:
Այո, այս տարի բոլոր հավաքականները յուրահատուկ եռանդով էին ցանկանում մեզ հաղթել: Միշտ էլ ցանկացել են հաղթել, բայց այս տարի դա նման էր ֆանատիզմի: Իսկ երբ հակառակորդը այդպես մարտական է տրամադրված խաղին, նրան հաղթելը կրկնակի հաճույք է:
Լեւոն այս տարի դարձար 30 տարեկան: Ինչ-որ բան փոխե՞ց այդ թիվը քո կյանքում:
Երբ ես 20 տարեկան էի եւ նոր էի տեղափոխվել Գերմանիա, ես կարելի է ասել հստակ չէի տեսնում իմ ճանապարհը: Տասը տարի անց կան նվաճումներ, եւ այն ճանապարհից, որը ես անցա այս տասը տարում, ես շատ գոհ եմ: Չէի սպասում, որ իմ առջեւ դրած նպատակներից այդքան շատերին կհասնեմ:
Ինչպե՞ս նշեցիր ծննդյանդ օրը:
Ծննդյանս օրը մասնակցում էի մրցաշարի եւ չնշեցի: Ինձ համար ամեն օր էլ ծննդյան օր է, քանի որ եթե դու անում ես քո սիրած գործը այն մարդկանց շրջապատում, որտեղ քեզ հաճելի է` դա արդեն մեծ ուրախություն է: Չեմ կարծում, որ հենց մեկ օր պետք է լինի, որը պետք է նշել:
Կանայք այդքան էլ չեն սիրում 30 թիվը: Ինչպե՞ս են տղամարդիկ ընդունում իրենց այդ տարիքը:
Կնոջ եւ տղամարդու մոտ տարբեր է: Կինը 30-ից հետո պետք է մտածի ընտանիք կազմելու մասին, քանի որ նրա կենսաբանական ժամանակը առաջ է գնում: Տղամարդու մոտ մի քիչ այլ է, նա ինչքան մեծանում է, այնքան չի մեծանում:
Դու ինքդ չե՞ս մտածում ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու մասին:
Իհարկե, մտածում եմ: Բայց ամեն բան իր ժամանակն ունի:
Այս տարի շախմատային հաղթանակներից բացի, ի՞նչ այլ իրադարձություններ կնշեիր:
Քանի որ մենք շատ զբաղված ենք մեր աշխատանքով, չենք հասցնում տեսնել աշխարհում տեղի ունեցող շատ իրադարձություններ: Կարող եմ ասել, թե շախմատային կյանքում ինչ նորություններ են եղել ու կան, իսկ առհասարակ այլ բաներից այդքան էլ քաջատեղյակ չեմ:
Facebook-ի քո էջի լուսանկարներից երեւում է, որ շատ ես սիրում ճանապարհորդել:
Այո, շատ եմ սիրում ճանապարհորդել: Այդ պատճառվ էլ ամանորյա տոները անցկացնում եմ Ֆիլիպիններում:
Այս տարվա ամենահետաքրքիր գիրքը ու ֆիլմը:
Այս տարի կարդացել եմ երկու գիրք ջազ երաժիշտ Ջոն Քոլթրեյնի մասին` նրա կենսագրությունն ու հարցազրույցները: Ֆիլմերից սիրում եմ դիտել Յասուձիրո Օձուի աշխատանքները:
Կա՞ մի գիրք, որը խորհուրդ կտաս կարդալ:
Կան գրքեր, որոնք եթե կարող ես` պետք է կարդաս: Օրինակ` Անդրեյ Պլատոնովի «Չեւենգուրն» ու «Մոսկվան»: Եթե, իհարկե, հետաքրքրում է ԽՍՀՄ ժամանակաշրջանի եւ դրանից առաջ եղած կյանքը:
Եթե ժամանակը մեկ տարով հետ տային, ինչ-որ բան կփոխեի՞ր քո կյանքում:
Դժվար է ասել, բայց կարծում եմ անցյալի մասին չարժե մտածել:
Սիրո՞ւմ ես ամանորյա տոները:
Կարեւոր տոն է: Մարդիկ ուրախանում են, բայց ինձ համար այն այդքան էլ կարեւոր չէ: Կոնկրետ ինձ տոները խանգարում են: Այսպիսի տոները կամ երբ հաղթանակ ես տանում եւ սկսում ես տոնել` դա խանգարում է մարզվել:
Ձեր ընտանիքում կա՞ ամանորյա հատուկ ավանդույթ, որը միշտ պահում եք:
Ոչ, չկա: Ես ինքս միշտ սիրում եմ Նոր տարին տաք երկրներում նշել:
Նվերներ տալ սիրո՞ւմ ես:
Ես Christmas shopping-ը չեմ սիրում, բայց նվերներ անել շատ եմ սիրում:
Ամանորի ամենահիշվող նվերը:
Նվեր չգիտեմ, բայց միշտ հիշում եմ Նոր տարվա մանդարինները: Եվ պարտադիր էր, որ մինչեւ Նոր տարի ես բոլոր մանդարինները ուտեի:
Եկող տարվա հետ կապված ոչ շախմատային ի՞նչ ծրագրեր ունես:
Շատ եմ ցանկանում գնալ Նյու Յորք: Ընկերներ ունեմ այնտեղ: Միշտ հրավիրում են ինձ` իմանալով, որ ես երաժշտություն շատ եմ սիրում: Ամեն տարի ասում եմ` հաջորդ տարի:
Երբեք ցանկություն չի՞ եղել Գերմանիայից տեղափոխվել այլ երկիր:
Պարզ է, որ աշխարհում շատ ավելի հետաքրքիր տեղեր կան ապրելու համար, թե իրենց կլիմայով, թե այլ բաներով, բայց ինձ Գերմանիան դուր է գալիս: Ինձ հանգստություն է ներշնչում այդ երկիրը:
Շատ հայերի համար դժվար է լինում հարմարվել Եվրոպայի երկրների կյանքին:
Շախմատիստն ինքն իրենով ազգություն չունի: Մենք սիրում ենք հանգստություն:
Ի՞նչն է քեզ օգնում լինել միշտ խաղաղության մեջ:
Տարբեր արվեստները: Մի բան կարդալուց կամ լսելուց հանգստություն ես ձեռք բերում:
Աստծուն հավատո՞ւմ ես:
Նրա հիմիկվա ֆորմայով` ոչ:
Իսկ ինչպիսի՞ն է քեզ համար Աստված:
Ինձ թվում է, որ այն իմաստությունը, որը կա հավատքի մեջ կորում է, երբ դրա մասին այդքան շատ խոսում են մարդիկ, ովքեր իրենց մեջ այդքան հավատք չունեն: Ես չեմ ընդունում, որ ինչ-որ մեկը պետք է ինձ ասի, թե ինչպիսին է Աստված: Դա ինքն իրեն պետք է գա մարդու մոտ: Ինձ թվում է, որ մարդու մոտ պետք է լինի ոչ թե այն հարցը` ինչպես եմ ես ստեղծվել, այլ այն միտքը, թե ինչ լավ է, որ ես կամ:
Այսինքն, մարդն իր երջանկության դարբի՞նն է:
Իհարկե, մարդն իր երջանկության դարբինն է: Ամենասխալ բանն է մտածել, թե դու պարզապես զինվոր ես եւ չես կարող թագուհի դառնալ:
Ամեն բան հնարավո՞ր է փոխել:
Կարծում եմ` այո: Գրեթե` ամեն ինչ: Պետք է հավատաս քո ուժերին:
Լեւոն, իսկ երբ հետ ես նայում, չես տեսնո՞ւմ, որ ինչ-որ բաներ նպաստել են եւ օգնել քեզ կյանքում:
Օգնել է այն, որ մայրս ինձ պայքարել է սովորեցրել:
Շախմատային մտածելակերպը երբեմն չի խանգարո՞ւմ առօրյա կյանքում: Չի՞ լինում, որ հասարակ կյանքի դրվագները, որոնք պետք է ապրել էմոցիայով քեզ մոտ գերակշռում են հաշվարկները:
Ինձ մոտ կյանքս հիմնականում իմպրովիզի վրա է:
Կանե՞ս մի բան, եթե կասկածես, որ գուցե հետագայում քեզ դրանից վնաս լինի:
Եթե համոզված լինեմ, որ վատ կլինի` չեմ անի: Ինձ խելոք մարդ եմ համարում եւ հիմարություններ չեմ անի: Անգլերենում կա արտահայտություն` managing the risk:
Ասում են, որ տղամարդը կյանքում պետք է երեք բան` տուն կառուցի, որդի ունենա եւ ծառ տնկի: Ըստ քեզ` ի՞նչ երեք բան է պարտավոր իր կյանքի ընթացքում անել տղամարդը:
Ավելի հեշտ է ասել այն բաները, որոնք տղամարդը պետք է չանի եւ դրանք երեքից ավելին են: Օրինակ` երբեք չպետք է գոռոզանա: Բայց եթե պետք է ասեմ, թե ինչ պետք է անի` դա սովորել, սովորել եւ կրկին սովորել:
Եթե հնարավորություն տրվեր քեզ հայտնվել այլ ժամանակաշրջանում, որը կընտրեիր:
Կարելի՞ է առաջ գնալ, թե՞ միայն հետ: Եթե հետ, ապա ես կցանկանայի հայտնվել նախորդ դարի 60-ականների ԱՄՆ-ում, երաժշտության համար:
Այդ ժամանակ կցանականայի՞ր երաժիշտ դառնալ:
Շատ, բայց ես երաժշտական տաղանդ չունեմ: Երաժշտությունից ես մեծ հաճույք եմ ստանում:
Երջանկության քո բանաձեւը:
Օրիգինալ պետք չէ լինել ` սիրել եւ սիրվել եւ կարողանալ նվիրվել մեկ գործին:
Ընկերությունը դա…
Առանց ընկերության շատ բաների հասնել անհնար կլինի:
Տղամարդիկ հաճախ ասում են, որ կանանց ընկերություն գոյություն չունի: Ի՞նչ կասես:
Ինձ թվում է` դա ասում են այն մարդիկ, ովքեր կյանքում ինչ-որ բանից տուժված են: Նրանք սիրում են ասել ` սերը սուտ է, ընկերություն չկա, ճակատին գրված է` դա նույն ռեպերտուարից է: Ընկերությունն ու սերը աշխատանք են:
Ամեն ինչի հիմքում ընկած է սերը: Իսկ ի՞նչ է սերը ըստ քեզ` զգացմունք, կապվածություն, քիմիա:
Սերը տրամաբանության չի տրվում: Այն սկսվում է կենսաբանական հարթության վրա:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Լուսանկարը՝ Լեւոն Արոնյանի Facebook-ի էջից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.