Tour of Armenia՝ նոր մրցաշար Հեծանվորդների միջազգային միության օրացույցում

21:26   2 սեպտեմբերի, 2026

Համաշխարհային հեծանվասպորտի օրացույցը կհամալրվի խճուղային հեծանվավազքի նոր՝ Tour of Armenia  (UCI Europe Tour 2.2 կարգի) պրոֆեսիոնալ մրցաշարով, որը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը։

Միջոցառումն անցկացվում է ՀՀ կառավարության և Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ «RCS Sports and Events DMCC»-ի տեխնիկական ու մասնագիտական աջակցությամբ։

Tour of Armenia-ի մրցուղին կանցնի Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերով՝ եզրափակվելով Երևանում․ չորս մրցափուլ, 587 կմ ընդհանուր երկարություն, 5,300 մետր ընդհանուր վերելք։

Փուլ 1. Գավառ – Մեծ Մասրիկ (135 կմ, 450 մետր ընդհանուր վերելք)

Մեկնարկային փուլը, որը նախատեսված է հինգշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, կանցնի Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից դեպի Մեծ Մասրիկ. 135 կմ՝ 450 մետր ընդհանուր վերելքով, ինչը նպաստավոր է սպրինտերների համար։ Երթուղին կանցնի հանրապետության ամենամեծ և Տիտիկակա լճից (Պերու) հետո աշխարհում երկրորդ բարձրադիր Սևանա լճի ափամերձ գոտիով։

Փուլ 2. Կիրանց – Ստեփանավան (177 կմ, 2,400 մետր ընդհանուր վերելք)

Երկրորդ փուլը՝ Կիրանցից Ստեփանավան, 177 կմ հեռավորության վրա ներառում է 2,400 մետր ընդհանուր վերելք։ Մեկնարկը Տավուշի մարզի Կիրանց գյուղից է, ավարտը՝ Ստեփանավան քաղաքում։

Փուլ 3. Մարտունի – Դիլիջան (Պարզ լիճ) (162 կմ, 1,700 մետր ընդհանուր վերելք)

Մրցաշարի երրորդ օրվա փուլը մեկնարկում է Գեղարքունիքի մարզի պատմական կենտրոն Մարտունիից և ավարտվում Դիլիջանում՝ 162 կմ տարածության վրա՝ հաղթահարելով 1,700 մետր ընդհանուր վերելք։ Մրցուղին կանցնի Սևանա լճի արևմտյան ափով և կեզրափակվի Դիլիջան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պարզ լճում։

Փուլ 4. Երևան (113 կմ, 750 մետր ընդհանուր վերելք)

Սեպտեմբերի 13-ին մեծ եզրափակիչը, որի ընթացքում հայտնի կդառնա Tour of Armenia-ի առաջին հաղթողի անունը, քաղաքային շրջանաձև մրցուղի է (10 պտույտ) մայրաքաղաք Երևանում՝ 113 կմ ընդհանուր երկարությամբ և 750 մետր վերելքով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.