Մեկնարկեց Աղասի Աղասյանի առաջին հուշամրցաշարը, մասնակցում է նաեւ անվանի ծանրորդի որդին (ֆոտո, վիդեո)

23:49   29 օգոստոսի, 2026

Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում oգոստոսի 29-30-ը անցկացվում է ծանրամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-23 կրկնակի չեմպիոն Աղասի Աղասյանի հուշամրցաշարը:

Առաջին անգամ անցկացվող հուշամրցաշարին մասնակցում են պատանի ծանրորդները: Մասնակիցների թվում է նաեւ Աղասի Աղասյանի որդին՝ կրտսեր Աղասի Աղասյանը:

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ հուշամրցաշարի բացումը, որին ներկա էին Աղասի Աղասյանի կինը, հայրը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ծանրորդներ: Մինչեւ հուշամրցաշարի բացումը, ընտանիքի անդամները, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ այցելեցին ծանրորդի գերեզման: Հիշեցնենք, որ Աղասի Աղասյանը մահացել է 2019 թվականին ավտովթարից:

ՀԾՖ գլխավոր քարտուղար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանի խոսքով, Աղասի Աղասյանի հուշամրցաշար անցկացնելու մտահաղացումը ֆեդերացիայինն է: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի նախկին անդամը նշեց, որ հուշամրցաշարը լինելու է ամենամյա՝ հետագայում միջազգային դառնալու նպատակով:

«Աղասի Աղասյանի հետ թիմակից ընկերներ ենք եղել: Շատ մտերիմ էինք: Նրա հետ կապված վառ հիշողություններ ունեմ: Անկախ տարիքային տարբերությունից, մոտ ընկերներ էինք: Հիշում եմ՝ դեպքի օրը, երբ իմացանք, հավաքի էինք, առաջինը ես եւ Ռուբեն Ալեքսանյանը գնացինք հիվանդանոց: Դժվար օրեր էին բոլորիս համար: Հետագայում միշտ միտք եմ ունեցել ֆեդերացիային առաջարկել կազմակերպել Աղասի Աղասյանի հիշատակին նվիրված մրցաշար: Երբ ֆեդերացիան փոխվեց, առաջարկեցի նախագահին, մեր ծրագրում ներառեցինք: Օլիմպիական հերթափոխի քոլեջը հանձն առավ մրցաշարի անցկացումն ու ամբողջ ֆինանսավորումը, քանի որ քոլեջը չուներ ծանրամարտի մրցաշար: Արդեն ամեն տարի քոլեջը կանցկացնի Աղասի Աղասյանի հուշամրցաշար: Երկու տարի անց նրա 40-ամյակին կփորձենք հուշամրցաշարը դարձնել միջազգային, որպեսզի մեր հարեւան երկրներից էլ մասնակցեն:

Մեր նպատակն է, որ Աղասիի հիշատակը միշտ վառ մնա: Նա օրինակելի է նոր սերնդի համար որպես Համաշխարհային ուսանողական խաղերի առաջին չեմպիոն հայկական ծանրամարտում: Այս տարի Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնության բացմանը մեզ հանձնեցին Աղասիի մեդալները, որին նա արժանացել էր հետմահու:

Աղասին հայկական ծանրամարտում արդարության խորհրդանիշն է, մասնավորապես Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո, երբ նրան չընդգրկեցին օլիմպիական հավաքական: Սա մեծ դաս եղավ իմ սերնդի բոլոր ծանրորդների համար, որ հավաքականում մինչեւ վերջ պետք է պայքարել տեղի, մեդալի, դիրքի համար, որպեսզի անարդար որոշումները չխանգարեն եւ չփչացնենք մարդկանց ճակատագրերը:

Այժմ Աղասիի ճանապարհը շարունակում է նրա որդին՝ կրտսեր Աղասի Աղասյանը եւ իր հայրիկի առաջին հուշամրցաշարում մասնակցում է 51 կգ քաշային կարգում: Հեռանկարային ծանրորդ է, շատ համեստ է, հայրիկի հակապատկերն է: Ձգտում ունի, բայց դեռ հայրիկի չափ չի: Սպորտային ագրեսիա չունի, ինչպիսին ուներ Աղասին, ինչը շատ կարեւոր է սպորտում: Իր չեմպիոն հայրիկի արժանի հետնորդ է:

2027 թ.-ից Աղասի Աղասյանի հուշամրցաշարը կլինի դեռահասների Հայաստանի պաշտոնական առաջնությունը, որպեսզի Եվրոպայի Մ-15 առաջնության կազմի ընտրությունը կատարենք այս մրցաշարից»,- ասաց Սամվել Գասպարյանը:

Աղասի Աղասյանի կինը՝ Արմինե Գաբրիելյանը, որը հետեւում էր որդու մրցելույթներին, NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց, որ ամուսնու հուշամրցաշարի անցկացումը երկար սպասված էր իր եւ ընտանիքի համար:

«Այսօր շատ պատասխանատու, ուրախ եւ երկար սպասված օր է մեզ համար: Ուրախ ենք եւ շնորհակալ ֆեդերացիային այս հնարավորության համար, որ տեղի ունեցավ Աղասի Աղասյանի հուշամրցաշարը: Որդիս՝ Աղասին հաճույքով է մարզվում: Անկեղծ կլինեմ՝ մինչեւ այս նրան չէի տեսնում ծանրամարտում, բայց նա ընտրեց հայրիկի ուղին: Շատ կցանկանամ, որ հայրիկի չկատարած երազանքը եւ կիսատ թողած գործը որդիս իրականացնի, ամենակարեւորը՝ մասնակցի Օլիմպիական խաղերին եւ դառնա հաղթող: Պատրաստ եմ որդուս հետ անցնել այն նույն ճանապարհը, որն անցել եմ Աղասիի հետ: Ամուսնուս հետ յուրաքանչյուր մրցաշար կիսել եմ, ապրել: Շատ դժվար օրեր ենք ունեցել, հաղթանակները մեր միասնական հաղթանակներն են եղել:

Որդիս իր նախաձեռնությամբ է սկսել զբաղվել ծանրամարտով: 3 տարեկանից հայրիկի հետ միշտ ժամանել է մարզադահլիճ, տեսել, թե ինչպես են մարզվում: Սկզբում մարմնամարզությամբ էր զբաղվում, հետո ձյուդոյով, հետո ինքնակամ որոշեց, որ պետք է զբաղվի ծանրամարտով: Իր հայրիկի մարզիչ՝ Երվանդ Կիրակոսյանին խնդրեց, որ իր մոտ հաճախի մարզումների:

Այս պահին հպարտության զգացողություններ եմ ապրում, հուզմունք, որ իմ ամուսնու անվան հուշամրցաշար է անցկացվում: Շատ հպարտ եմ իմ ամուսնով, նրա կատարած աշխատանքով հայկական ծանրամարտում: Նա արժեքներ է կերտել հայկական ծանրամարտում իր նվաճումներով: Ոգեւորված եմ այս իրադարձությունով»,- նշեց Աղասի Աղասյանի կինը:

Պատանի ծանրորդների հետ մրցահարթակում աշխատում է ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը, որը եղել է Աղասի Աղասյանի անձնական մարզիչը: Այսօր Երվանդ Կիրակոսյանը մարզում է կրստեր Աղասի Աղասյանին:

«Աղասի Աղասյանը լավ ծանրորդ էր: Բոլորիս նպատակը մեկն է՝ վառ պահել Աղասիի հիշատակը: Աղասիի հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Վառ կերպար էր, կենսուրախ, հումորով, ընկերասեր, մարդամոտ էր: Նա իր առաջին քայլերն ինձ մոտ է արել այն նույն տարիքից, ինչ իր տղան է այսօր:

Կրտսեր Աղասի Աղասյանը հեռանկարային երեխա է: Այսօր հետաքիքր կիլոգրամներ բարձրացրեց՝ պոկումը՝ 47 կգ, հրումը՝ 63 կգ: Մարզումներին այս կիլոգրամները չէր բարձրացրել: Կշարունակենք աշխատել եւ փորձել բարձր արդյունքներ գրանցել ծանրամարտում: Սպորտային բնավորությունը լավն է, նմանություն ունի հայրիկին:

Այս հուշամրցաշարը կարեւոր նպատակ ունի՝ բացահայտել դեռահաս ծանրորդների, որոնք հետագայում կհամալրեն թիմը»,- ասաց Երվանդ Կիրակոսյանը:

Հուշամրցաշարին մասնակցում է 80 ծանրորդ Գյումրիից, Վեդիից, Արարատից, Երեւանից, մասնակիցներ կան նաեւ Սյունիքի մարզից:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.