Մանուել Տուլիպա. Վաղվա հնարավոր հաղթանակը շատ կարեւոր կլինի Հայաստանի, հայկական ֆուտբոլի համար

18:21   26 օգոստոսի, 2026

Թիմում, հանդերձարանում կա դրական էներգիա վաղվա կարեւոր խաղից առաջ: Վաղվա հնարավոր հաղթանակը շատ կարեւոր կլինի Հայաստանի, հայկական ֆուտբոլի, հայի համար: Կփորձենք ցույց տալ, որ այս երկրում ֆուտբոլը աճելու, զարգանալու տեղ ու հնարավորություն ունի:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:

Պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Երեւանում կընդունի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։

«Վաղվա խաղի հաջողության գրավականը՝ թալիսմանը, դրական էներգիան է, որը կա թիմում, հանդերձանանում, ֆուտբոլիստների մոտ: Մինչեւ հիմա այդ դրական էներգիան օգնել է մեզ: Հույս ունեմ՝ վաղն էլ կօգնի:

Ես շատ եմ սիրում երազել, եւ դա այն բանն է, որի համար հարկ չենք վճարում:  Հասկացել եմ, որ Հայաստանում ֆուտբոլը պարզապես ժամանց չի: Կփորձենք ցույց տալ, որ այս երկրում ֆուտբոլը զարգանալու տեղ ու հնարավորություն ունի:

Ռումինական թիմը բարձր պրեսինգով է փորձում մրցել մեզ հետ: Հաշվի առնելով մրցակցի բարձր պրեսինգը, թիմից պահանջել եմ, որ առաջիկա խաղում բոլորի դիրքերը լինեն շատ ճիշտ, արագ որոշումներ կայացնեն մենապայքարներում:  Մրցակիցը մենապայքարներում շատ ուժեղ է: Պետք է փորձենք խուսափել ֆիզիկական կոնտակտներից, ավելի արագ գործենք եւ գնդակի հետ պայքարից ավելի արագ կարողանանք դուրս գալ: Կփորձենք օգտագործել մրցակցի ազատ գոտիները թիկունքում:

Երեք կենտրոնական հարձակվող ունենք եւ երեքին էլ վստահում ենք, բայց ամենակայունը Սանդրո Լիման է: Նա 35 տարեկան է: Երբ հրավիրում էին նրան, շատերը կասկածներ ունեին: Կարեւոր է, որ նա կարողանում է շատ լավ համագործակցել եզրային հարձակվողների հետ:

Լավն է իմ թիմի միասնական աշխատանքը եւ որեւէ ֆուտբոլիստի լավ խաղը թիմային աշխատանքի արդյունք է:

 

Առաջին հանդիպման մի մասը հետեւում էի տրիբունայից: Ինձ համար հարմար չի լինել տրիբունայում: Ամենակարեւորն այն էր, որ մենք կարողանում էինք տարատեսակ միջոցներով մեր մտքերը հասցնել ֆուտբոլիստներին: Մարզչական շտաբն առաջին խաղում շատ լավ աշխատանք կատարեց:

Երբ եկա ակումբ, իմ առաջին խնդիրը թիմին հոգեբանորեն պատրաստելն էր, որ նրանք հաղթանակի քաղց ունենան: Արդյունքն այն էր, որ դարձանք Հայաստանի չեմպիոն:  Չեմպիոնության դրական հետեւանքն այն էր, որ հիմա տեսնում ենք ավելի լավ թիմ Եվրոպայում: Ինձ դուր է գալիս, որ յուրաքանչյուր դիրքում ունենք երկու ուժեղ ֆուտբոլիստ, որոնք պայքարում են այդ դիրքի համար: Կարծում եմ, որ իմ թիմը շատ մրցունակ է:

Հոգեբանորեն պատրաստ լինելը շատ կարեւոր է ամբողջ հայկական ֆուտբոլի համար, որին պետք է ուշադրություն դարձնեն նաեւ մյուս ակումբները:

Ֆուտբոլիստները շատ լավ են մարզվում, բավականին մեծ ինտենսիվությամբ: Մրցաշրջանի այս հատվածում խաղում ենք երկու կազմերով՝ առաջնության համար եւ եվրագավաթային խաղերի համար»,- ասաց Մանուել Տուլիպան:

«Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին:  Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Արարատ-Արմենիան» ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.