Համլետ Մանուկյան. Շատ ուրախ եմ այս արծաթե մեդալի համար

10:22   25 օգոստոսի, 2026

Շատ ուրախ եմ այս արծաթե մեդալի համար: Փառք Աստծո, կարողացա մեդալ նվաճել: Իտալացու հաղթանակն ավելի մեծ մոտիվացիա տվեց ինձ հետագա պայքարի համար: Երբ քեզ գերազանցում են, ավելի է մոտիվացնում, որ ավելի շատ աշխատես եւ մյուս մրցաշարերում ավելի լավ ներկայանաս ու հաղթես:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց Եվրոպայի փոխչեմպիոն, 2025 թ. Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ վերադարձավ Երեւան:

«Շատ ուրախ եմ այս արծաթե մեդալի համար: Փառք Աստծո, կարողացա մեդալ նվաճել: Մարզումների ժամանակ ավելի շատ կաշխատենք, որ մյուս մրցաշարերում արդյունքն ավելի բարձր լինի:

Իտալացի մարմնամարզիկն ինձ հաղթեց մեկ տասնորդականով: Սա Եվրոպայի առաջնություն է, որտեղ մասնակցում են Եվրոպայի ուժեղագույնները: Բոլորն էլ ուժեղ էին: Այս անգամ այդպես ստացվեց, իտալացի մրցակիցը հաղթեց ինձ: Կաշխատեմ այնպես անել, որ հաջորդ անգամ ավելի լավ ստացվի եւ ավելի բարձր գնահատական վաստակեմ:

Առաջինն էինք մասնակցում, որը ենթադրում է մեծ լարվածություն: Մեզ մոտ մի փոքր այլ է՝ ավելի շատ կենտրոնանում ենք մեր կատարած վարժության վրա եւ փորձում ենք այնպես անել, որ լարվածությունը չխանգարի: Մեզ համար կապ չունի՝ առաջինն ենք մասնակցում, թե վերջինը: Ամեն դեպքում՝ լարվածություն կար, որը կարողացանք հաղթահարել եւ մեդալներ նվաճել:

Նժույգ թափեր վարժությունում շատ մեծ էր մրցակցությունը: Տիտղոսակիր մարզիկներ էին մասնակցում, օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ:

Իտալացու հաղթանակն ավելի մեծ մոտիվացիա տվեց ինձ հետագա պայքարի համար: Ցանկացած պարագայում, երբ քեզ գերազանցում են, ավելի է մոտիվացնում, որ ավելի շատ աշխատես եւ մյուս մրցաշարերում ավելի լավ ներկայանաս ու հաղթես: Այժմ կպատրաստվենք աշխարհի առաջնությանը, որտեղ հիմնական մրցակիցները նորից Եվրոպայի ուժեղագույններն են: Ամեն ինչ կանենք, որպեսզի բարձր արդյունքներ գրանցենք»,- ասաց Համլետ Մանուկյանը:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 19-24-ն անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նժույգ թափեր վարժության եզրափակիչում 18-ամյա Համլետ Մանուկյանը փոխչեմպիոնի կոչումը նվաճեց 15.000 միավորով: Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, աշխարհի եւ Եվրոյաի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14.900 միավորով բրոնզե մեդալակիր է:

Եվրոպայի չեպիոնի տիտղոսը 15.133 միավորով նվաճեց իտալացի Գաբրիելե Տարգետեն:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.