Վահե Գեւորգյանը՝ «Կլուժի» հետ առաջին խաղի մասին. Կենտրոնացվածության պակաս կար

11:10   24 հուլիսի, 2026

Եթե հանդերձարանից դուրս ենք գալիս եւ անմիջապես գոլ ընդունում, ուրեմն  կենտրոնացվածության պակաս կար: Շատ պահեր ունեինք, որ կարող էինք գոլի վերածել:  Շատ ափսոս էր, որ ավարտվեց ոչ ոքի:

Այսպես Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գեւորգյանը մեկնաբանեց ռումինական «Կլուժի» հետ ոչ ոքի առաջին հանդիպումը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երեւանում ընդունեց Ռումինիայի «Կլուժին» եւ բավարարվեց 1:1 հաշվով:

«Շատ ափսոս էր, որ խաղն ավարտվեց ոչ ոքի: Մենք գիտակցում էինք, որ մրցակիցը շատ փորձառու է եւ բարձրակարգ: Ու մենք գիտեինք, որ ընդամենը մեկ բացթողում, մեկ վայրկյան կենտրոնացվածության կորուստ ու կարող են մեզ պատժել: Ամեն դեպքում՝ ֆուտբոլ է, ունենք այն, ինչ ունենք: Հանդերձարան դեռ չեմ մտել. Միշտ խաղից հետո ուշ եմ մտնում: Բարկացած տրամադրություն ունեմ, բայց շատ լավ հասկանում եմ, որ արագ պետք է վերականգնել թիմն էլ, իմ տրամադրությունն էլ եւ պատրաստվել Ռումինիայում պատասխան հանդիպմանը:

Եթե հանդերձարանից դուրս ենք գալիս եւ անմիջապես գոլ ենք ընդունում, ուրեմն  կենտրոնացվածության պակաս կար: Շատ անիմաստ գոլ էր, որեւէ վտանգավոր պահ չկար: Ամեն ինչ կապում եմ կենտրոնացվածության հետ: Հանդերձարանից դուրս գալուց անմիջապես հետո ընդունած գոլն ազդեց թիմի հոգեբանության եւ տրամադրության վրա: Վերջին 15 րոպեն շատ պահեր ունեինք, որ կարող էինք գոլի վերածել:

Մրցակիցն առաջին խաղակեսում ուրիշ ֆուտբոլ էր խաղում, երկրորդում՝ հետ քաշվեց: Չմոռանանք, որ մեր դեմ  խաղում է «Կլուժը», այլ ոչ ինչ-որ «ճ» լիգայի «ճ» թիմ: Շատ փորձառու եւ շատ ուժեղ թիմ է»,- ասաց Վահե Գեւորգյանը:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «ՉՖՌ Կլուժի» հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Ռումինիայում:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.