Սկալոնի․ Մենք հիշում ենք պատմությունը, բայց Անգլիայի հետ դիմակայությունն ընդամենը ֆուտբոլային է

15:10   15 հուլիսի, 2026

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անընդունելի է համարել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիայի եւ Արգենտինայի դիմակայությունը նույնացնել Ֆոլկլենդյան պատերազմի հետ։

1982թ․ պատերազմում Մեծ Բրիտանիան հաղթել է Արգենտինային՝ պահպանելով վերահսկողությունը Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում, Արգենտինայի ափերի մոտ գտնվող Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ։

«Մենք հիշում ենք պատմությունը, բայց Անգլիայի հետ դիմակայությունն ընդամենը ֆուտբոլային է։ Այն ժամանակվա տխուր իրադարձությունները դարձել են պատմություն։ Խելագարություն կլիներ հիմա քննարկել այդ թեման։ Ես այստեղ չեմ եկել կրակի վրա յուղ լցնելու համար։

Մենք միշտ քննադատում եւ դատապարտում ենք պատերազմները, բայց ես չեմ պատրաստվում ասել, որ Անգլիայի հետ մրցախաղն ավելին է, քան ֆուտբոլային մրցապայքար։

Բնականաբար, մենք հիշում ենք այդ պատերազմում զոհված արգենտինացիներին, բայց հիմա խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին է»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.