23:07 7 հուլիսի, 2026Հիացած եմ ամբողջ թիմի խաղից: Մեզ համար շատ կարեւոր հաղթանակ էր: «Ռիգան» բարձրակարգ թիմ է: Հանդերձարանում ֆուտբոլիստներիս ասացի՝ լավ խաղ էր, լավ արդյունք էր, բայց չմոռանաք, որ առջեւում պատասխան խաղն է:
Այսպես Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» նկատմամբ տարած հաղթանակը մեկնաբանեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղում «Ռիգային» պարտության մատնեց 2։0 հաշվով։
«Առաջին խաղակեսում լավ խաղացինք: Կարեւորն այն է, որ գնդակով լավ էինք դուրս գալիս վտանգավոր իրավիճակներից, սեփական տուգանային հրապարակից: Մեզ համար ամենադժվարն այն էր, որ չէինք կարողանում երկար փոխանցումները տեղ հասցնել մեր հարձակվողներին, քանի որ նրանց ֆուտբոլիստները գերազանցում էին մենապայքարներում:
«Ռիգայի» նման որակյալ թիմի դեմ խաղացինք որպես թիմ եւ դա ամենադրականն էր:
Երկրորդ խաղակեսի մեկնարկը վատ էր, հորդառատ անձրեւ էր: Լավ էր, որ անձրեւը չխանգարեց, որ երկրորդ խաղակեսի առաջին 10 րոպեում գտնենք մեր լավագույն խաղը:
Իմ թիմն ունի խաղային ինքնություն, բոլորը շատ հեշտ են հարմարվում ցանկացած պահի բոլոր հնարավոր զարգացումներին:
Ինձ դուր է գալիս, որ թիմը վստահ է գործում: Շատ կարեւոր հաղթանակ էր մեզ համար, քանի որ Լատվիայի չեմպիոն «Ռիգան» բարձրակարգ թիմ է եւ այդպիսի թիմին հաղթելը շատ կարեւոր էր մեզ համար:
Առաջին գոլի հեղինակ Օլիվեյրային շատ վաղուց գիտեի եւ շատ լավ էի ճանաչում նրան: Չեմ ցանկանում կենտրոնանալ անհատների վրա: Հիացած եմ ամբողջ թիմի խաղից:
Վստահեցնում եմ, որ այս հաշիվն ու ելքը չի կարող մեզ հանգստացնել հաջորդ խաղի համար: Հանդերձարանում ֆուտբոլիստներին ասացի՝ շատ լավ խաղ էր, լավ արդյունք էր, բայց չենք մոռանում պատասխան խաղի մասին, որը տեղի է ունենալու Ռիգայում: Իսկ Ռիգայում մեզ համար շատ դժվար է լինելու խաղալ եւ մեզ իսկապես դժվար հանդիպում է սպասվում: Ես հետեւել եմ «Ռիգայի» մրցելույթներին Լատվիայի առաջնությունում: «Ռիգան» շատ բարդ մրցակից է եւ մեզ համար դժվար է լինելու խաղալ նրանց խաղադաշտում: Այնպես որ՝ 2:0-ն լավ արդյունք է, բայց ամեն ինչ պարզ կլինի պատասխան խաղից հետո:
Մեծ պատիիվ է «Արարատ-Արմենիան» ներկայացնել Չեմպիոնների լիգայում, քանի որ մենք նաեւ ներկայացնում ենք երկիրը: Հպարտությամբ եմ կրում այս պատասխանատվությունը, քանի որ «Արարատ-Արմենիան» շատ հայկական թիմ է, ամենաշատ ներկայացուցիչներն ունի Հայաստանի հավաքականից, ինչը շատ կարեւոր է: Ես շատ եմ սիրում այս երկիրը եւ իմ ընտանիքի հետ սիրով հաստատվել եմ այս երկրում»,- ասաց Մանուել Տուլիպան:
«Ռիգա» - «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.