Արմեն Նիկողոսյանը հեռացավ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից

19:13   18 հունիսի, 2026

Արմեն Նիկողոսյանը հեռացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի և գործկոմի անդամի պաշտոններից։ Նա հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

Արմեն Նիկողոսյանը կմասնակցի Հայաստանում եւ Վրաստանում 2029 թվականին համատեղ անցկացվելիք աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։

«Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ մտցրին որոշմանս մեջ:

Նախ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության խմբային փուլին, ինչն աննախադեպ արդյունք էր հայկական սպորտի համար: Այն հպարտությունը, որ մեր երկիրը վերջապես եվրոպական առաջատարների հետ նույն շարքում է, ինչպես նաև այդ օրերին ապրածս հուզմունքն ու էմոցիաները, մաղթում եմ բոլոր մարզասերներին:

Ապա տեղի ունեցավ էլ ավելի կարևոր ու շատերի համար անհավանական մի իրադարձություն. մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք ստացավ կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Մեծ հաշվով՝ չէի էլ երազում, որ պաշտոնավարմանս ընթացքում անմիջական մասնակցություն կունենամ ոչ վաղ անցյալում անհասանելի թվացող նման միջոցառումներին: Բայց հիմա սա իրողություն է, պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Հետևաբար հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին:

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս համատեղ աշխատանքի համար։ Արձանագրելով, որ եղել են թե՛ հաջողություններ և թե՛ ձախողումներ՝ հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շատ դեպքերում հաշտ չեմ եղել կայացված որոշումների հետ, բայց մշտապես առաջնորդվել եմ հայկական ֆուտբոլի շահով՝ առաջնային համարելով հովանավորչության ու կոռուպցիայի բացառումը: Կարող եմ փաստել, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը հաջողվել է ամբողջապես արմատախիլ անել այդ երևույթները, և սա արդեն անշրջելի իրողություն է: Վստահ եմ՝ մոտ ապագայում կտեսնենք նաև ազգային հավաքականի վերելքը, ինչի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Մեր երկրին ցանկանում եմ ամուր ու անսասան խաղաղություն, իսկ հայկական սպորտին ու ֆուտբոլին՝ նորանոր հաղթանակներ:

Սիրով՝ Արմեն Նիկողոսյան»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.