Քըրք Քըրքորյանի զարմուհին մարտական է տրամադրված

18:21   21 դեկտեմբերի, 2012

«Ասեմ, թե շռնդալից հաջողությունների տարի էր 2012-ը հայկական ձիասպորտի համար, սուտ կլինի, որովհետեւ մենք արդեն անցել ենք այն փուլը, որ Հայաստանի առաջնություն անցկացնելը համարվում էր մեծ հաջողություն։ Բայց նաեւ չի կարելի այս տարին համարել ձախողված. մենք առաջնորդվել ենք ըստ օրացուցային պլանի եւ գրանցել հաջողություններ»։

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում բնութագրեց 2012 թվականը  Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանը:

Պարոն Գիլոյանը ամփոփենք 2012 թվականը: Ի՞նչ փոփոխություններ, հաջողություններ եւ արդյունքներ գրանցվեց այս տարի հայկական ձիասպորտում:

2012 թվականի համար տարվա օրացուցային պլան ունեինք եւ ֆեդերացիան արեց ամեն ինչ, որպեսզի այդ պլանը կատարվի։ Այն լիարժեք կատարել ենք՝ անցկացրել ենք բազմաթիվ մրցաշարեր, մրցումներ  եւ այդ մրցումներն անցկացրել է ոչ միայն ֆեդերացիան, այլ նաեւ ակումբները՝ «Այծեմնիկը», «Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը»։

Այս տարին արդյունավետ էր հայկական ձիասպորտի համար, քանի որ երիտասարդացել է մեր հեծյալների տարիքը, ավելի շատ երիտասարդներ են մասնակցում մրցումներին, նաեւ կանայք են շատացել։ Որոշ մրցումներում հենց իգական սեռի ներկայացուցիչներն են մրցանակակիրներ, հաղթողներ, ինչը միայն ողջունելի է։

Այս տարին նաեւ լի էր միջազգային մրցաշարերի մեր մասնակցությամբ։ Մասնավորապես, գեղավարգ ձեւում մրցաշարերին մեր մասնակցությունն այս տարի ակնհայտ շատ էր ու ակտիվ։ Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային մրցաշարերում այդ մրցաձեւում ապահովեց հայ միլիարդատեր եւ մեծ բարեգործ Քըրք Քըրքորյանի զարմուհի, գերմանաբնակ Քերի Աղաջանյան Շոպֆը, որը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Այնուամենայնիվ, մենք չունեցանք օլիմպիական Լոնդոն 2012-ում, սակայն հույսեր կարծես թե կային:

Քերի Աղաջանյան Շոպֆը Լոնդոն 2012-ին շատ մոտ էր, նրան քիչ միավորներ չբավականացրեց, որպեսզի ձեռք բերի օլիմպիական վարկանիշ։ Իսկ դրա պատճառն այն է, որ մրցումների չհասցրեց շատ մասնակցել, որովհետեւ ուներ նժույգների խնդիր։ Նրա նժույգը հիվանդացավ, աչքերը վնասվեցին։ Բարեբախտաբար, հետո ամեն ինչ կարգավորվեց։ Նա կարողացավ մի քանի բարձրակարգ մրցաշարերում բարձր հորիզոնականներ գրավել, երկրորդ-երրորդ տեղեր: Իսկ դա հավասարազոր է աշխարհի առաջնության հնգյակ մտնելուն։

Նա շարունակելու է Հայաստանի դրոշի տակ հանդես գալ եւ լուրջ ակնկալիքներով սկսելու ենք հերթական վարկանիշային միավորներ վաստակել 2014 թվականից, բայց 2013 թվականը օգտագործելու ենք ավելի շատ փորձ ձեռք բերելու եւ նժույգները պատրաստելու համար։ Քերի Աղաջանյան Շոպֆը շատ մարտական է տրամադրված եւ արդեն մեկ նժույգով չէ։ Երկու- երեք շատ բարձր որակի եւ թանկ նժույգներ ունի , սակայն այդ նժույգների հետ զուգահեռ նա նաեւ ունի իր անձնական ձիանոցը՝ մոտ 20 ձիերով։

Հայաստանում ձիասպորտը մրցաձեւերի զարգացման խնդիր ունի: Այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ տարվեցին այս տարի:

Հայաստանում ձիասպորտը դեռեւս զարգանալու մեծ ճանապարհ ունի։ Այստեղ մեծ զարգացում ունի ձիասպորտի արգելքների հաղթահարում մրցաձեւը, մենք չունենք մյուս մրցաձեւերը՝  օրինակ դրեսաժ։ Մյուս մրցաձեւերի պակասը պայմանավորված է ձիերի եւ մարզիչների բացակայությունից։ Ձիեր չունենք համապատասխան մրցաձեւը զարգացնելու համար։ Այս տարի մեր բոլոր մրցաշարերը անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձեւում։ Բայց առաջին անգամ պատմության մեջ մեր հեծյալներից մեկը` ֆեդերացիայի նախագահի տեղակալ Կարեն Հակոբյանը մասնակցեց  Ռուսաստանի Ռյազան քաղաքում կայացած խոշոր մրցաշարին։ Նա շատ լավ մասնակցություն ունեցավ եւ ձեռք բերեց վարկանիշ՝ հաջորդ տարի ավելի բարձր կարգի մրցաշարի մասնակցության հնարավորություն։ Այստեղ ձիերը ընտրովի էին եւ մեր հեծյալն իր անձնական ձիով չէր։ Իսկ ընրտովի ձիերի պարագայում տանտերերը հսկայական առավելություններ են ունենում։  Սա մրցաշարերի մասով։

Ի՞նչ փոփոխություններ, բարելավումներ իրականացրեց ֆեդերացիան այս տարի:

2012-ը աչքի ընկավ նաեւ ֆեդերացիայի կանոնակարգում մրցումների անցկացման կարգի փոփոխությունով։ Մի քանի դասակարգման մրցումներ անցկացրեցինք այս տարի, մրցումներ անցկացրեցինք տարբեր տարիքային խմբերի՝ երիտասարդ կամ հասուն ձիերի համար՝ սրանով հնարավորություն տալով երիտասարդ ձիերին հետզհետե կարողանալ փորձ ձեռք բերել։ Սա սխեմատիկ փոփոխություն է, որը լավ ազդեցություն կունենա հետագա զարգացման համար։ Այն, որ Հայաստանում արագավազքը՝ ձիարշավը բացակայում է, դա իհարկե բացասաբար է անդրադառնում արգելքների հաղթահարում մարզաձեւի վրա, որովհետեւ յուրաքանչյուր նժույգ իր մարզական դրոշմը ստանում է վազքարշավով։ Այսինքն՝ երկու-երեք տարեկան նժույգները  ամբողջ աշխարհում մասնակցում են վազքարշավին։ Դրանից հետո 4-5 տարեկանում սկսում են հասկանալ այդ նժույգը ավելի շատ հաջողության կհասնի արգելքների հաղթահարում ձեւում, գեղավարք ձեւում, թե երկար տարածությունների վազք ձեւում։ Մենք չունենք այդ ձեւը դեռեւս Հայաստանում։ Սակայն այս տարի դրա լուծման համար կնքեցինք պայմանագիր BMU ֆրասիական կազմակերպության հետ, որի շնորհիվ Հայաստանում կկազմակերպվեն վազքարշավեր, որոնք կլինեն խաղադրույքներով։ Դեռեւս միայն կնքված է պայմանագիրը, սակայն այս տարի այլեւս ոչինչ չենք կարող անել։ Հույս ունեմ, որ մյուս տարի մեր նոր կարգով անցկացվող մրցումներն ավելի լավ արդյունքներ կտան։

Բացի այդ, այս տարի մեր հեծյալներին հանձնեցինք նաեւ վկայագրեր, ըստ որոնց նրանք արդեն կարող են մասնակցել տարբեր կարգի միջազգային մրցաշարեր։

Ի՞նչ ծրագրեր եւ ակնկալիքներ ունեք 2013 թվականին:

2013 թվականի օրացույցային պլանն արդեն կազմված է, բայց դեռեւս հաստատված չէ ֆեդերացիայի գործկոմի կողմից։ Շուտով կլինի նիստ, որի ընթացքում կհաստատվի այս պլանը։

Մյուս տարվա մեր առաջնային ծրագրերից մեկը կլինի միջազգային մրցավար ունենալը։ Մենք ամեն ինչ կանենք միջազգային մրցավար ունենալու համար։ Մրցավար ունենալը միշտ մեկ քայլ առաջ է դեպի հաղթանակ։ 

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։