22:30 29 ապրիլի, 2026Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի տեխնիկական տնօրեն Ջուզեպե Զապելան Երեւանում է։ Նա ծանոթացել է իտալական ակումբի հայաստանյան ակադեմիայի բացմանն ընդառաջ կատարված աշխատանքներին։
«Շուրջ մեկ տարի առաջ «Յուվենտուսն» ինձ ներկայացրեց Հայաստանում իրականացվելիք նախագիծը, որը շատ հետաքրքիր էր ինձ համար։ Առաջին անգամ ժամանելով Հայաստան՝ այցելեցի մարզաբազաների շինհրապարակներ և տեսա, որ այս ամենն իսկապես գերազանցում է իմ սպասելիքները։ Կարող եմ հավաստիացնել, որ Իտալիայում քիչ են այն ակումբները, որոնք ունեն այսպիսի պայմաններ։
«Յուվենտուսի» միջազգային ակադեմիաների նախագիծն առաջին հերթին նպատակ ունի ձևավորել ուժեղ մարդու, իսկ հետո արդեն՝ ուժեղ ֆուտբոլիստի։ Եթե ուզում ենք ապագայում ունենալ ուժեղ ֆուտբոլիստներ, սկզբում մենք պետք է ունենանք ուժեղ անհատականություններ։ Ցանկանում ենք, որ մեր ակադեմիայի սաներն աճեն «Յուվենտուսի» փիլիսոփայությամբ։
Մեր մեթոդաբանությունը հիմնված է գիտականորեն ապացուցված մի քանի սկզբունքի վրա։ Ակադեմիայի ծրագիրը ներառում է նաև հայ մարզիչների ընտրություն, որը ես կկատարեմ մինչև հուլիսը ներառյալ։ Կարևոր գործոն է, որ յուրքանչյուր թիմ ունենա Եվրոպայից ժամանած բարձրակարգ ու որակավորված մարզիչ։ Թիմերից յուրաքանչյուրի մարզչական շտաբը կազմված է լինելու մեկական եվրոպացի ու տեղացի մարզիչից։ Ակադեմիան ունենալու է նաև մեկական դարպասապահների ու ֆիզպատրաստության որակավորված մարզիչ։ Ակադեմիան կունենա նաև հոգեբան, որն ամենօրյա ռեժիմով կաշխատի մեր երեխաների հետ»,- ասել է իտալացի մասնագետը։
Ապրիլի 29-ին հայտարարվել էր իտալական աշխարհահռչակ ակումբի հայաստանյան ակադեմիայի նախագրանցման մեկնարկը։ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան կբացվի այս տարվա օգոստոսին, Երեւանում ունենալու է երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3), նաեւ ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի նորակառույց մարզադաշտ։
Մեկնարկային տարում ընդունելությունը նախատեսված է լինելու 5-12 տարեկան երեխաների համար (առավելագույնը՝ 1000, հաջորդող տարիներին մինչև 100 նոր երեխա)։ Ամսական ուսման վարձը կազմելու է 164 հազար դրամ։ 5-10 տարեկանների համար լինելու են միայն վճարովի խմբեր։
11-12 տարեկան երեխաների համար տեղերը սահմանափակ են, լինելու են վճարովի ու անվճար խմբեր (սելեկցիայի հիման վրա)։ Ակադեմիայում կարող է մարզվել շուրջ 1500 երեխա։ 100 երեխա ունենալու է անվճար մարզվելու հնարավորություն, նրանցից 40-ը լինելու են մարզերից։
Սեպտեմբերից Նոր Հաճն քաղաքում կմեկնարկեն ակադեմիայի երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.