Լաշա Տալախաձե․ Վարազդատ Լալայանն ունի Լոս Անջելես-2028-ում հաղթելու բոլոր հնարավորությունները, եթե, իհարկե, այնտեղ չլինեմ ես

11:03   26 ապրիլի, 2026

Վարազդատ Լալայանն ունի Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերում հաղթելու բոլոր հնարավորությունները, եթե, իհարկե, այնտեղ չլինեմ ես: Վերադառնալու մեծ ցանկություն ունեմ: Եթե հասկանամ, որ կա թեկուզ մեկ տոկոս հնարավորություն նորից հաջողության հասնել, այդ շանսն իմ ձեռքից բաց չեմ թողնի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բաթումիում ասաց Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է:

Ապրիլի 19-26-ը  Բաթումիում անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր առաջնության վերջին մրցումային օրն է եւ մրցահարթակ են դուրս գալու գերծանր քաշայինները: Հայ երկրպագուների համար տղամարդկանց գերծանր քաշայինների պայքարն ամենահետաքրքիրն է, քանի որ հաղթողի գլխավոր ֆավորիտը օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանն է:

Մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղերը, այս քաշային կարգում անգերազանցելի էր վրացի Լաշա Տալախաձեն, որն այս առաջնությունում ոչ թե մասնակցի, այլ կազմակերպիչի կարգավիճակում է: Համաշխարհային սպորտում մեծ ճանաչում ունեցող Տարալախձեն, չնայած ավարտել է մրցելույթները, բայց դեռ մտածում է մեծ սպորտ վերադառնալու մասին:

Առաջնության գլխավոր իրադարձության՝ գերծանր քաշայինների պայքարի մեկնարկից առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է լեգենդար ծանրորդի հետ:

Լաշա, շնորհակալ եմ՝ այս զբաղվածության մեջ ժամանակ գտնելու համար: Դուք ֆեդերացիայի նախագահի եւ կազմակերպիչի կարգավիճակում եք այս առաջնությունում: Ինչպե՞ս եք գնահատում առաջնության ընթացքը, Ձեր ղեկավարած կառույցի ներկայացուցիչների մասնակցությունը:

 Մենք՝ վրացիներս, մաքսիմալիստներ ենք. սիրում ենք ամեն ինչ՝ առավելագույնը լինի: Որպես ֆեդերացիայի նախագահ, մեր ծանրորդներից միշտ պահանջում ենք առավելագույնը, բայց ոչ միշտ է նրանց դա հաջողվում: Կարծում եմ, որ մեր ծանրորդներն այս առաջնությունում արեցին ամեն ինչ, ինչ կարող էին, պայքարեցին մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է առաջնությանը, կարծում եմ՝ ամեն ինչ հրաշալի է  ընթանում: Փորձել ենք կազմակերպել եւ անցկացնել այնպիսի առաջնություն, այնպիսի մարզական տոն, որը ընդմիշտ կմնա հիշողության մեջ: Մեծ հույս ունեմ, որ եվրոպական ֆեդերացիան գոհ է մեր կազմակերպած առաջնությունից: Շուտով կավարտվի մրցաշարը եւ մեծ հույս ունեմ, որ մեր աշխատանքի պաշտոնական գնահատականը դրական կլինի եւ բոլորը գոհ կհեռանան Վրաստանից:

Հեշտ է լինել Եվրոպայի առաջնության կազմակերպի՞չ, թե՞ մասնակից եւ հաղթող:

Անձամբ ես կնախընտրեի կանգնել մրցահարթակին եւ անել այն, ինչը ես արել եմ տարիներ շարունակ՝ պայքարել, մրցակցել, ինչին ամենալավն եմ տիրապետում: Որպես ֆեդերացիայի նախագահ պակաս պատասխանատվություն չունեմ այս պարագայում, քանի որ պատասխանատու եմ բոլորի եւ ամեն ինչ համար, մարզիկների եւ նրանց ապագայի համար, ինչպես նաեւ մեր երկրում այս մարզաձեւի ապագայի համար:

Այս օրերին մրցումային դահլիճը գրեթե չեք լքում: Չեք կարոտե՞լ մրցահարթակը: Ցանկություն չի առաջանո՞ւմ բարձրանալ մրցահարթակն եւ նորից մտնել պայքարի մեջ: Հնարավո՞ր է՝ վերադառնաք:

Ես, իհարկե, ցանկանում եմ վերադառնալ, բայց, հետաքրքիր է՝ Դուք կցանկանայիք, որ ես վերադառնայի: Կատակում եմ (ծիծաղում է): Իրականում՝ շատ եմ ցանկանում, կարոտել են այն ամենմ, ինչ տեղի է ունենում այս պահին մրցումային դահլիճում՝ մրցահարթակը, պայքարը, մրցակցությունը: 13 տարի շարունակ մրցահարթակում եմ եղել, բաց չեմ թողել գրեթե ոչ մի մրցաշար, ինչը շատ վաղ անցյալում չէր: Արդեն ֆիզիկապես եւ հոգեպես շատ էի հոգնել: Եթե հասկանամ, որ կա վերադառնալ ու նորից հաջողության հասնելու թեկուզ մեկ տոկոս հնարավորություն, ոչ մի դեպքում այդ շանսն իմ ձեռքից բաց չեմ թողնի եւ անպայման կվերադառնամ: Այս պահին արդեն զգում եմ, որ վերջապես հանգստացել եմ, ուժերս վերականգնվել են, այնպես որ՝ ժամանակը ցույց կտա: 

Այսօր Ձեր քաշային կարգի ներկայացուցիչներն են դուրս գալու մրցահարթակ: Այդ պայքարից հետո հնարավո՞ր է ինչ-որ բան փոխվի «ներսում»: Մրցահարթակ է դուրս գալու Վարազդատ Լալայանը:  Չէիք ցանկանա՞ նրա հետ նորից մրցել:

Այս մեկ օրվա ընթացքում ինձ հետ ոչինչ տեղի չի ունենա, իմ ծրագրերում ոչինչ չի փոխվի: Վարազդատ Լալայանի մեծ երկրպագուն եմ: Նա հրաշալի ծանրորդ է: Շատ կուզեի, որ մենք գերծանր քաշային կարգում ունենայինք նույնպիսի հաջողակ մարզիկ, բայց չունենք:

Իմ գլխավոր ֆավորիտը Վարազդատ Լալայանն է, եւ նա ինձ համար առաջինն է Եվրոպայում: Աշխարհի առաջնությունում Լալայանի հետ երկրպագում եմ նաեւ Գոռ Մինասյանին, որն այժմ ներկայացնում է Բահրեյնը: Ես նրանց երկուսին եմ շատ երկրպագում, աջակցում: Ցանկանում եմ, որ այս երկու հրաշալի ծանրորդները ամենաբարձր նվաճումներն ունենան:

Ըստ Ձեզ, ի՞նչ է սպասվում Վարազդատ Լալայանին Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերում:

Այսօրվա դրությամբ, Լալայանն ունի Լոս Անջելեսում հաղթելու բոլոր հնարավորությունները, եթե, իհարկե, այնտեղ չլինեմ ես: Լալայանը շատ ուժեղ ծանրորդ է, եւ ես գտնում եմ, որ նա մրցակիցներ չունի: Լիարժեք վստահ եմ, որ Լոս Անջելեսում Վարազդատ Լալայանը կնվաճի օլիմպիական ոսկե մեդալը:

Առհասարակ, ինձ համար Հայաստանի ծանրամարտի թիմն ամենաուժեղներից է: Հրաշալի ծանրորդներ ունեք: 110 կգ քաշային կարգում եւս շատ լավ ծանրորդներ ունեք:  Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը փայլում են, շատ ուժեղ մարզիկներ են: Նրանց եւս երկրպագում եմ: Պատահական չի, որ բազմիցս այս երկու ծանրորդների միջեւ է ընթացել ոսկե մեդալի համար պայքարը Եվրոպայի առաջնություններում:

Վարազդատ Լալայանի հետ մրցակիցներ լինելուց բացի նաեւ լավ ընկերներ եք: Ինչպե՞ս է սկսվել մրցահարթակից դուրս ընկերությունը:

Լալայանն ինձ շատ մտերիմ մարդ է: Նախորդ ամռանը ընտանիքիս հետ հյուրընակվել էի Հայաստանում, եղել եմ Գյումրիում: Վարազդատ Լալայանը եւ մյուս տղաները միշտ իմ ընկերներն են եղել: Հայաստանի ամբողջ թիմի հետ մշտապես շատ ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ եմ եղել, հիմա նույնպես:

Մենք՝ վրացիներս միշտ աչքի ենք ընկել հյուրընալությամբ: Հայերը, Հայաստանը նույնպես աչքի է ընկնում ջերմ ընդունելությամբ, որին արժանացա իմ այցելության օրերին: Հրաշալի օրեր էին ինձ համար դրանք:

Լուսինե Շահբազյան՝ Բաթումիից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.