17:45 10 ապրիլի, 2026Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը 5-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հայտնում է Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդը:
Կանադայի Քվեբեկ քաղաքում ապրիլի 9-ին անցկացված բռնցքամարտի երեկոյում Էրիկ Իսրայելյանը մենամարտել է չիլիացի Ֆրանկո Ֆիլգեյրայի (5-2-0) հետ եւ հաղթել 4-րդ ռաունդում նոկաուտով:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամը 2025 թվականից է հանդես գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւ ներկայացնում է կանադական պրոմոութերական ընկերություն:
Հայաստանի հավաքականի կազմում պաշտոնական մրցաշարում նա վերջին անգամ մասնակցել է 2023 թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությանը եւ նվաճել բրոնզե մեդալ, որից հետո մասնակցել է 2024 թ. մեծահասակների Հայաստանի առաջնությանը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելու մտադրությունների մասին Իսրայելյանը հայտնել էր դեռ 3 տարի առաջ, նաեւ կնքել էր պայմանագիր պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոութերական ընկերության հետ: Այդ շրջանում բռնցքամարտիկը հայտարարել էր, որ այլեւս չի ցանկանում ներկայացնել Հայաստանը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Որոշ ժամանակ անց երիտասարդների աշխարհի չեմպիոնը չեղարկեց Eye of the Tiger Management պրոմոութերական ընկերության հետ պայմանագիրը, քանի որ ԿԳՄՍ-ն հանրային քննարկման դրեց Էրիկ Իսրայելյանին տարկետումից զրկելու նախագիծը եւ բռնցքամարտիկը ստիպված եղավ շարունակել մրցելույթները մինչեւ 22 տարեկանների հավաքականի կազմում:
Էրիկ Իսրայելյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 5 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ, որից երեքը նոկաուտով:
Նորամուտը նշել է 2025 թ. հոկտեմբերի 4-ին հունգարացի Ռիչարդ Բերնաթի նկատմամաբ հաղթանակով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.