Հակոբ Փիլոսյան․ Մարտական ենք տրամարդված Եվրոպայի առաջնությանը

09:45   7 ապրիլի, 2026

Փաշիկ Ալավերդյանն ինձ ծնողի պես է եղել: Շատ լավ ու ջերմ ենք աշխատել միասին: Նա ինձ շատ բան է սովորեցրել: Փաշիկ Ալավերդյանի օրոք թիմում մթնոլորտը լավ է եղել, երբեմն նաեւ վատ է եղել, բայց աշխատանքային պրոցես է եղել: Հիմա ամեն ինչ հանգիստ է: Նրա գլխավորությամբ ունեցել ենք ուժեղ թիմ, որն այժմ փոխանցվել է ինձ: Թաքցնելու ոչինչ չունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը:

Ծանրորդներն այս օրերին վերջին մարզումներն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա ապրիլի 19-26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում:

Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի համար Բաթումիի մրցահարթակը կլինի առաջին եվրոպական ստուգատեսը հավաքականի ղեկին: Նախկինում հավաքականի երկրորդ մարզիչի պաշտոնում աշխատող գյումրեցի մարզիչը թիմի հետ տարիների աշխատանքի փորձ ունի, վստահում է իր թիմին եւ մեդալային ակնկալիքներով պատրաստվում ԵԱ-ին:

Հիշեցնենք, որ Հակոբ Փիլոսյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց  երկար տարիներ թիմը ղեկավարած, ապա ֆեդերացիայի կողմից հեռացված Փաշիկ Ալավերդյանին:

Պարոն Փիլոսյան, Եվրոպայի առաջնությանը հաշված օրեր են մնացել, որը Ձեր առաջին լուրջ ստուգատեսն է լինելու հավաքականի ղեկին: Ինչպե՞ս եք պատրաստվում մրցաշարին, ի՞նչ տրամադրվածությամբ:

Մարտական ենք տրամարդված Եվրոպայի առաջնությանը: Մեծ աշխատանք ենք տարել, հավաքներ, մարզումներ: Պատրաստ ենք պայքարին: Այո, սա իմ առաջին Եվրոպայի առաջնությունը կլինի որպես գլխավոր մարզիչ, բայց մեկ անգամ չի, որ այս տղաների հետ մասնակցել ենք Եվրոպայի, աշխարհի առաջնություններին:

Սկսենք ամենասկզբից. ինպիսի՞ն է եղել Ձեր ճանապարհի սկիզբը ծանրամարտում: Ի՞նչ մարզական ուղի եք անցել մինչեւ մարզչական աշխատանքը: 

Ծանրամարտով սկսել եմ զբաղվել շատ փոքր տարիքից՝ 10-11 տարեկանից: Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ: Մեծահասակներում Եվրոպայի բրոնզե մեդալ եմ նվաճել: Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում եմ եղել, մեկնել եմ Սիդնեյ, բայց վնասվածքի պատճառով չեմ մասնակցել Օլիմպիական խաղերին: Մեծահասակներում Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների փոքր մեդալներ շատ ունեմ, բայց երկամարտի մեդալ մեկն է եղել մարզական կարիերայումս՝ Եվրոպայի բրոնզե մեդալը: Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, ռեկորդակիր: Մարզական կարիերաս ավարտել եմ 2002 թ.: Անմիջապես 2003 թվականից զբաղվել եմ մարզչական աշխատանքով:

Գյումրիից եմ, որտեղ էլ սկսել եմ զբաղվել ծանրամարտով: Առաջին մարզիչս եղել է Երվանդ Ջեյրանյանը: Նրա մոտ որոշ ժամանակ մարզվելուց հետո տեղափոխվել եմ այդ տարիներին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Բիչախչյանի մոտ եւ մինչեւ վերջ նա է եղել իմ անձնական մարզիչը:

Որեւէ մեկն ինձ խորհուրդ չի տվել զբաղվել ծանրամարտով: Սիրել եմ այս մարզաձեւը: Այն ժամանակ հեռուստացույցով շատ էին ցուցադրում Յուրի Վարդանյանին, Օգսեն Միրզոյանին, Վարդան Միլիտոսյանին: Նրանց մրցելույթները տեսնելով՝ ուզել եմ ես էլ դառնալ ծանրորդ: Մի օր որոշեցի հաճախել մարզադահլիճ եւ այդ օրվանից իմ կյանքը կապվեց այս մարզաձեւի հետ: Եվրոպայի բրոնզե մեդալակիր դարձել եմ 94 կգ քաշային կարգում:

Այդ ճանապարհին երբեւէ կպատկերացնեի՞ք, որ մի օր կլինեք Ձեր սիրելի մարզաձեւի հավաքականի գլխավոր մարզիչը:

Մրցելույթներս հավաքականում ավարտելուց չհեռացա ծանրամարտից: Անմիջապես սկսեցի մարզիչ աշխատել: 2012-2022 թվականները եղել եմ երիտասարդների երկրորդ մարզիչ: 10 տարին քիչ չէր, որ ժամանակակից սպորտից տեղյակ լինեի, մեծ փորձ ձեռք բերեի:  2022 թվականից մեծահասակների երկրորդ մարզիչն էի: Մեր տղաները բոլորն իմ ձեռքի տակով են անցել: Սկզբում երիտասարդներում ենք միասին աշխատել, հետո արդեն ազգային հավաքանում: Այնպես որ, ծանրամարտում պատահական մարդ չեմ, տղաները բոլորն ինձ քաջ ծանոթ են, ես՝ նրանց, ինձ գիտեն, հարգում են:

Համեմատելով նախորդ տարիների հետ՝ հայկական ծանրամարտն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել, ի՞նչ խնդիրներ եք առանձնացրել Ձեզ համար որպես մարզիչ եւ նախկին մարզիկ:

Շատ բարդ համեմատություն կլինի եթե փորձենք համեմատել անցյալն ու ներկան: Իմ մարզվելու տարիներին ոչ մի պայման չկար, մինչեւ անգամ հավաքների, մարզվելու տեղ չունեինք: Շատ վատ պայմաններ էին: Հիմա ամեն ինչ այլ է: Ծանրամարտով զբաղվելու հրաշալի պայմաններ են. բազաներ ունենք, մարզումներ, հավաքներ անցկացնելու խնդիր չունենք: Այս առումով անհամեմատելի է: 90-ական, 2000-ական թվականները շատ ծանր են եղել հայկական ծանրամարտի համար, բայց կամքի ուժ է եղել, անսահման ձգտում է եղել, պարապել ենք անմնացորդ:

Մարզչական աշխատանքում տարբերություն, թերեւս, չէի ընդգծի: Մարզիչի համար բոլոր ժամանակներում մեկ բան նույն է՝ պատասխանատվությունը: Ցանկացած իրավիճակում, պայմաններ լինեն, չլինեն, կա մեծ պատասխանատվություն: Ինչ էլ որ լինի, մարզիչը պետք է պատասխան տա:

Երկրորդ մարզիչից գլխավոր մարզիչ դառնալուց հետո ինչպե՞ս կամ որքա՞ն է փոխվել Ձեր ընդգծած պատասխանատվությունը:

Այս դեպքում էլ կընդգծեմ, որ անհամեմատելի է տարբերությունը: Երկրորդ մարզիչի ժամանակ էլի մեծ էր պատասխանտվությունը, բայց չի կարելի համեմատել գլխավոր մարզիչի հետ: Եթե դու գլխավոր մարզիչ ես, ամեն ինչի պատասխանատուն ես:

Երբ ինձ առաջարկեցին գլխավոր մարզիչի պաշտոնը, ապրումների մեջ ընկա:  Հասկացա, որ շատ լուրջ ու ծանր աշխատանք է, պետության հետ գործ ունես: Հաշվի առնելով այն փաստը, որ ծանրամարտն ամենասիրված մարզաձեւերից մեկն է մեր երկրում, ավելի պատասխանատու է դառնում այդ մարզաձեւի գլխավոր մարզիչ լինելը: Բոլոր ժամանակներում հայկական ծանրամարտը փայլել է միջազգային հարթակներում, փայլուն արդյունքներ գրանցել: Հուսով եմ՝ թիմով կշարունակենք ավանդույթը եւ հաղթանակներով կգնանք առաջ:

Հավաքականը գլխավորելու առաջարկը միանգամից եք ընդունե՞լ, թե՞ երկմտել եք:

Իհարկե, մտածել եմ ընդունելուց առաջ: 3 տարին քիչ չի հավաքականում լինելու, տղաներին, նրանց հետ աշխատելու համար: Հասկացա, որ կարող եմ եւ որոշեցի ընդունել: Թիմը, ծանրորդները նույն են, արդյունքներն ունենք, բնական է, մեծ աշխատանք էլ պետք է տանել, որպեսզի պահպանենք այդ արդյունքները եւ ավելացնենք: Մտածեցի, համարձակվեցի եւ ընդունեցի առաջարկը:

Նախորդ երեք տարիներին աշխատել եք Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ: Ինչպիսի՞ն էր նրա հետ աշխատանքը հավաքականում:

Փաշիկ Ալավերդյանն ինձ ծնողի պես է եղել: Շատ լավ ու ջերմ ենք աշխատել միասին, ոչ մի խնդիր, խոչընդոտ չի եղել մեր համատեղ աշխատանքում, որը մեծ փորձ էր ինձ համար: Շատ բարձր արդյունքների ենք հասել միասին, ամեն ինչ հարթ է եղել: Փաշիկ Ալավերդյանից, ինչպես մեր բոլոր մյուս ավագ ընկերներից շատ բան քաղել եմ ինձ համար, սովորել: Ամեն ինչ ստացել եմ ընկեր Փաշիկից: Նա ինձ շատ բան է սովորեցրել մարզչական աշխատանքում: Նրա օրոք ունեցել ենք ուժեղ թիմ, որն այժմ փոխանցվել է ինձ: Թաքցնելու ոչինչ չունենք: 

Շատ էր խոսվում այն մասին, որ Փաշիկ Ալավերդյանի օրոք անառողջ, լարված մթնոլորտ է եղել հավաքականում: Իրականությո՞ւն է, թե՞ միֆ:

Փաշիկ Ալավերդյանի օրոք թիմում մթնոլորտը լավ է եղել, երբեմն նաեւ վատ է եղել, բայց աշխատանքային պրոցես է եղել: Հիմա ամեն ինչ հանգիստ է, թիմի տրամարդությունը լավ է, ոչ մի խնդիր չկա, տղաները հանդարտ, նորմալ մարզումներ են անցկացնում:

Վերադառնալով մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, ի՞նչ խնդիր է Ձեր եւ թիմի առջեւ դրել ֆեդերացիան:

Իմ առջեւ դրված խնդիրն այն է, որ պետք է ավելի լավ մասնակցենք, բարելավենք արդյունքները: Անկեղծ կլինեմ՝ իրականում ոչինչ չի փոխվել հավաքականում: Նույն թիմն է, նույն ուժեղ տղաներն են, մարզումային նույն պրոցեսով շարժվում ենք առաջ: Տղաները գիտեն, թե իրենցից ինչ է պահանջվում, ակնկալվում, ինչ աշխատանք պետք է անեն կիլոգրամներն ավելացնելու եւ մեդալային պայքարում հայտնվելու համար:

Մեդալային ի՞նչ ակնկալիքներով եք մեկնում:

Մեդալային ակնկալիքներ ունենք, բայց սա սպորտ է եւ չի կարելի կանխագուշակություններ անել: Պետք է գնալ, մասնակցել, հետո նոր խոսել այդ ամենի մասին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.