21:32 3 ապրիլի, 2026Տղաները պատրաստ են, թիմը լավ մարզավիճակում է, բոլորը լավ են տրամադրված Եվրոպայի առաջնությանը, որն առաջինն է լինելու իմ գլխավորությամբ որպես մարզիչ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը:
Ծանրորդներն այս օրերին Օլիմպավանում վերջին մարզումներն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ, որը տեղի է ունենալու ապրիլի 19-26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում:
Ապրիլի 3-ին թիմը Հակոբ Փիլոսյանի գլխավորությամբ բաց մարզում անցկացրեց, որին մասնակում էին առաջնության կազմում ընդգրկված բոլոր ծանրորդները, այդ թվում՝ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Հայաստանի հավաքականի մարզմանը ներկա էր նաեւ ՀԾՖ նախագահ Արայիկ Հարությունյանը: Ծանրորդների մարզումն անցավ բարձր տրամադրությամբ, ծանր մոտեցումներով: Թիմին խորհուրդներով օգնում էր նաեւ հավաքականի նախկին անդամ, Բահրեյնի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Փաշիկ Ալավերդյանին փոխարինած Հակոբ Փիլոսյանը թիմի մարզավիճակից գոհ է, բայց ակնկալիքների մասին խուսափում է խոսել: Նշում է, որ գլխավոր խնդիրը կիլոգրամների բարելավումն է, որն էլ կնպաստի բարձր եւ մեդալային արդյունքներին:
«Թիմի վիճակը շատ լավ է, վնասվածքներ չունենք: Անցկացրել ենք 5 ուսումնամարզական հավաք, տղաները լավ մարզավիճակում են: Թիմը պատրաստ է, լավ են տրամադրված: Իհարկե, գնում ենք մեդալների համար: Թե ինչ գույնի մեդալներով կվերադառնանք, դեռ շուտ է ասել, ցույց կտա մրցահարթակը:
Իմ առաջին Եվրոպայի առաջնությունն է գլխավոր մարզիչի կարգավիճակում: Իմ եւ տղաների առաջ դրված է կիլոգրամների եւ արդյունքների բարելավման խնդիր: Եթե բարելավենք մեր կիլոգրամները, ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Հակոբ Փիլոսյանը:
Ծանրորդների մարզմանը մինչեւ վերջ հետեւող ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մեդալային ակնկալիքներ ունի:
«Շատ քիչ ժամանակ է մնացել մինչեւ Եվրոպայի առաջնություն:Հետեւելով մարզումներին, լավ ենք նախապատրաստվել: Շատ կարեւոր է, որ թիմերի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է, որը կարծում եմ՝ հոգեբանական առումով լավ խթան կհանդիսանա բարձր արդյունքներ գրանցելու համար: Եվրոպայի առաջնությանը լավ եւ շատ լավ արդյունքներ ենք ակնկալում մեր մարզիկներից: Թիմի առջեւ խնդիր է դրված առնվազն ցուցադրել այն լավագույն արդյունքները, որոնք եղել են վերջին տարիներին: Կարծում եմ, որ նման արդյունք կարող ենք ցույց տալ՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքներն ինչպես են գնում եւ մեր մարզիկներն ինչ արդյունքներ են ցույց տալիս մարզումների ժամանակ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականի կազմում Բաթումիի մրցահարթակում տղամարդկանց հավաքականից կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Մարտին Պողոսյանы (79 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը եւ Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):
Լուսինե Շահբազյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.