Հայաստանում Բուլղարիայի դեսպանը սեղանի թենիսի մրցաշարի է մասնակցել (տեսանյութ)

11:41   30 մարտի, 2026

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երեւանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրում անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Նիկոլա Նիկոլովի գլխավորությամբ:

Մրցաշարին մասնակցում էին կրթահամալիրի տարբեր տարիքի սաներ ծնողների հետ եւ դեսպանատան ներկայացուցիչներ: Ուժեղագույնները որոշվում էին զուգախաղերում: Դեսպանին մրցախաղերում օգնում էր նրա որդին՝ Գեորգի Նիկոլովը:

Դեսպան Նիկոլա Նիկոլովը մրցաշարի ընթացքում երեք մրցախաղ անցկացրեց եւ երեքում էլ հաղթանակ տոնեց: NEWS.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումները շատ կարեւոր են ինչպես երեխաների ֆիզիկական առողջության, այնպես էլ դպրոցից և աշխատանքային միջավայրից դուրս ընկերական կապերի ձեւավորման ու պահպանման համար:

«Նախեւառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆրանսիական կրթահամալիրի հետ համատեղ Երեւանում Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված այս կարեւոր միջոցառումը կազմակերպելու հանձնառության համար: Կարծում եմ, որ հետագայում մենք ֆրանսիական կրթահամալիրի հետ միասին կկազմակերպենք նոր միջոցառումնե, քանի որ դրանք չափազանց կարեւոր են ոչ միայն աշակերտների եւ նրանց ծնողների համար, այլեւ տեղի միջազգային համայնքի համար: Կարծում եմ, որ այս միջոցառումը կամուրջ է ստեղծում մշակույթի եւ սպորտի միջեւ, ինչը շատ կարեւոր է մեզ բոլորիս համար մեր մշակույթում»,- ասաց Նիկոլա Նիկոլովը:

Դեսպանը նշում է, որ պարբերաբար զբաղվում է սպորտով, ավելի շատ սիրում է խաղալ մեծ թենիս: Որդին նույնպես սպորտի սիրահար է եւ առավել լավ տիրապետում է սեղանի թենիսին: Նիկոլա Նիկոլովը նաեւ հայկական սպորտին է հետեւում: Անձամբ ճանաչում է եւ իր լավ բարեկամն է համարում  կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանին, որն այժմ ղեկավարում եւ համակարգում է Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի բոլոր հավաքականների աշխատանքները:

Մրցաշարի ավարտին դեսպանը կոչ արեց մասնակիցներին շարունակել նույնքան վճռական ու նպատակասլաց քայլել դեպի հաջողություններն ու բարձր նվաճումները։ Նա շնորհակալություն հայտնեց ֆրանսիական լիցեյի տնօրենին արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև դպրոցի վարչակազմին, աշակերտներին և Երևանում ֆրանսերեն լեզվի ու մշակույթի բարեկամներին ցուցաբերած նվիրվածության և ոգևորության համար։

Նիկոլա Նիկոլովը նշեց, որ նպատակ ունեն ապագայում ևս իրականացնել համատեղ նախաձեռնություններ Ֆրանսիական լիցեյի հետ, որոնք հնարավորություն կտան աշակերտներին ազատորեն ցուցադրել իրենց հմտությունները, զարգանալ և վստահություն ձեռք բերել սեփական գիտելիքների ու կարողությունների նկատմամբ:

Դեսպանը մրցաշարի հաղթողներին պարգեւատրեց մեդալներով, իսկ մյուս բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ։

Լուսինե Շահբազյան

Նկարահանումը՝ Վազգեն Եթումյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.