20:55 29 մարտի, 2026Երեւաց Սպերցյանի տեղը: Շնորհակալ եմ մեր տղաներին, ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որ չկարողացանք հաղթել: Տխուր եմ արդյունքից, աշխատանքից գոհ եմ: Շնորհավորում եմ մրցակցին, բայց այսօր նրանց բախտն ավելի շատ բերեց:
Այսպես հետխաղային ասուլիսում Բելառուսից կրած պարտությունը մեկնաբանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարվա առաջին խաղում պարտություն կրեց։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվեց բելառուսներին:
«Մեր պլանն աշխատում էր: Վերլուծել էինք մրցակցին, պատրաստվել էինք ճիշտ, գիտեինք, թե ինչի է ընդունակ այս թիմը, կարողացել էինք շատ հարցերում հաղթող դուրս գալ:
Ափսոսում եմ մասնակվորապես երկու դրվագների համար, որտեղ մեր տղաները պետք է ավելի շատ բնավորություն ցույց տային մենապայքարի մեջ:
Սխեման փոխել էինք եւ աշխատում էր: Պաշտպանությունում ճիշտ էին խաղում մերոնք, հարձակման գծում եւս, բայց երեւաց Սպերցյանի տեղը, երեւաց, որ որակի հարց ունենք: 10-15 հարված ու բոլորը վերեւ, դա որակի հարց է:
Շնորհակալ եմ մեր տղաներին, ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որ չկարողացանք հաղթել, բայց ճիշտ ուղու վրա ենք: Այս թիմի տաների աչքերում հավատ կա, հաղթելու ցանկություն կա:
Տխուր եմ արդյունքից, աշխատանքից՝ գոհ: Հավաքականում մեծ-մեծ փոփոխություններ են: Ֆուտբոլիստներ կային առաջին անգամ էին խաղում: Ես լավատես եմ:
Չկա ֆուտբոլիստ, որ չեմ տեսնում հիմնական, կարեւոր խաղերում: Նորեկները բոլորն էլ գոհացնում են: Չկա մեկը, ում հրավիրելու համար փոշմանում եմ: Առայժմ շուտ է ասել, որ բոլորն էլ պատրաստ են այս տարի մեզ օգնել:
Մի քանի դրվագում մեր վինգերները շատ սուր էին, ակտիվ, գրոհում էին, հակագրոհում էին, վտանգավոր էին: Գուցե եղան դրվագներ, որ թուլացել են, բայց ընդհանուր ակտիվ էին:
Տղաների խաղից դժգոհ չեմ, երկու գոլերը պետք է վերլուծեմ, պահանջեմ, հասկանամ, որովհետեւ նորմալ չի: Դժգոհ չեմ, շատ լավ բաներ տեսա: Գեորգի Հարությունյանից եւս գոհ եմ, իր առջեւը դրված աշխատանքը կատարեց:
Հարձակման գծում բացակայում է Սպերցյանը: Մնացածը 90 տոկոսով իրենց տեղում են: Ինչ ունենք, ունենք:
Մեր այսօրվա պարտության ամենակարեւոր շեշտադրումը նա է, որ որակը մեզ չհերիքեց:
Կամո Հովհաննիսյանը երրորդ կենտրոնական էր խաղում: Մենք այժմ պրոցեսի մեջ ենք, փոփոխությունների մեջ ենք:
Շատ եմ ափսոսում, որ այս շրջանում չունեցանք երկրորդ ընկերական խաղը, որի կարիքը ես ունեմ: Գիտեմ, որ բոլորը տխուր են, սա պարտվելու խաղ չէր, բայց հավատացեք մեզ, ամեն ինչ առջեւում է եւ լավ կլինի: Այս թիմն ավելին կարող է անել: Սա առաջին հավաքն էր, թիմի կեսը նոր է, նրանց հնարավորություններն ավելի շատ է, քան այսօր ցույց տվեցին: Պետք է աշխատենք, որպեսզի բոլորին ուրախացնենք:
Սպերցյանը բուժզննում է անցել, ՄՌՏ-ն ցույց է տվել, որ որեւէ լուրջ բան չկա, նրա վերականգնման համար անհրաժեշտ է շուրջ 2 շաբաթ: Նա շատ էր ուզում այս խաղին մասնակցել, բայց ես առավել կարեւորեցի նրա առողջությունը: Ունենք կարեւոր խաղեր, նա շատ պետք է մեզ:
Կորուստները մեծ էին, Սպերցյանից բացի, նաեւ Իվուն: Հուսանք նա էլ կվերադառնա եւ կօգնի թիմին:
Ասում եմ՝ սպասեք լավ կլինի: Ես ընդունել եմ թիմ, որը մեծ անկում է ապրել: Թիմ կառուցելու համար ժամանակ է պետք: Պետք է համբերել եւ աշխատանք տանել: Ես այն մարդը չեմ, որ պատճառաբանություններ եմ փնտրում, բողոքում: Այսօր ունեինք նորեկներ, որոնք առաջին անգամ էին խաղում: Ես ընդունել եմ թիմը, որտեղ եղել են լավ խաղացողներ, բայց եղել են խոշոր հաշիվներով պարտություններ:
Շնորհավորում եմ մրցակցին, բայց այսօր նրանց բախտն ավելի շատ բերեց: Մեր նորեկները բազմաթիվ խնդիրներ ստեղծեցին Բելառուսի համար», - ասաց Եղիշե Մելիքյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.