Էլմիրա Կարապետյան․ Աննկարագրելի հույզեր եմ ապրել այս օրերին

10:02   5 մարտի, 2026

Աննկարագրելի հույզեր եմ ապրել այս օրերին: Անչափ երջանիկ եմ, որ այս կարգավիճակում հասցրեցի իմ հայրենիքում անցկացված առաջնությանը կրակել: Նաեւ երջանիկ եմ, որ մեդալ ունեմ: Չեմ մտածում, որ արծաթե մեդալը պակաս է ոսկուց՝ իմանալով անցած ճանապարհս, թե ինչպես եմ հասել այդ մեդալին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակի, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը:

Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջատար հրաձիգը 10 մ օդամղիչ ատրճանակ (solo) մրցաձեւի եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունգարացի Վերոնիկա Մայորի հետ: Էլմիրա Կարապետյանը  խոցեց 12 միավոր, չեմպիոնի տիտղոսը նվաճած Վերոնիկա Մայորը՝ 15 միավոր: Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Էլմիրա Կարապետյանը Երեւանում անցկացված առաջնությանը մասնակցեց հաճելի  կարգավիճակում՝ երկրորդ երեխային սպասելիս:

«Երեւանում Եվրոպայի առաջնությունը երազանք էր ինձ համար, բայց իրականում շատ դժվար եմ պատրաստվել առաջնությանը, հաշվի առնելով կարգավիճակս: Որեւէ մեկը չի կարող պատկերացնել, թե որքան բարդ է եղել ինձ համար մարզումային փուլը, այս ամբողջ պրոցեսը: Շատ ուրախ եմ, որ մեդալ ունեմ: Անչափ ոգեւորված եմ, որ մասնակցեցի իմ հայրենիքում անցկացված առաջնությանը, այսինքն՝ հասցրեցի կրակել: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, բոլորն են ասում այդ մասին: Հույզերս դեռ թարմն են, աննկարագրելի հույզեր եմ ապրել այս օրերին:

Եզրափակիչում լավ կրակեցի: Հստակ կասեմ՝ տան պատերը մեր մարզաձեւում չեն օգնում, ավելի շատ է պատասխանատվության զգացողությունը: Ինձ եզրափակիչում ոչինչ չխանգարեց: Այս պահին չեմ մտածում, որ իմ արծաթե մեդալը պակաս է ոսկուց՝ իմանալով իմ անցած ճանապարհը, թե ես ինչպես եմ հասել այդ մեդալին: Իմ արդյունքից գոհ եմ, ուղղակի մրցակիցս ավելի լավ կրակեց»,- ասաց Էլմիրա Կարապետյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.