15:38 23 փետրվարի, 2026Հավաքականը շատ լավ է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Սպասում ենք հայ հրաձիգներին լավ մասնակցությանն ու հաղթանակներին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 27-ից մարտի 5-ը կանցկացվի հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
«Հավաքականը շատ լավ է պատրաստվել այս առաջնությանը: Եվրոպայի Կոնֆեդերացիաների անդամ երկրների շնորհիվ շատ մեծ աշխատանք կատարեցինք այս առաջնությունն իրականություն դարձնելու համար: Մեզ մնում է միայն գալ, երկրպագել Հայաստանի հավաքականին եւ սպասել նրանց հաջող մրցելույթներին:
Բոլոր պատվիրակությունները Երեւան կժամանեն փետրվարի 26-ին: Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի շքեղ բացման արարողությամբ, որը տեղի կունենա փետրվարի 27-ին: Հրաձգությունը մյուս մարզաձեւերի համեմատ, համեստ կարգավիճակ ունի: Շատ երկրներում բացման արարողություն որպես այդպիսին չեն անցկացնում:
Հայաստանը պատրաստել է շատ լավ բացում, որն իրականացրել է հատուկ կազմակերպություն: Մրցումային օրերը կմեկնարկեն մարտի 1-ից»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ առաջնության անցկացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 500 միլիոն դրամ:
«Երեւանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի առաջնությունը պատմական իրադարձություն է: Մեծ աշխատանք է արված, որպեսզի կարողանանք պատշաճ մակարդակով հյուրընկալել տարբեր մասնակիցների:
Սպասում ենք 40 երկրների պատվիրակությունների, շուրջ 450 մարզիկ եւ մարզիչ: Առաջնությունում կտեսնենք 70 մեդալային հավաքածուի խաղարկություն: Ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը համակարգում է նախապատրաստական աշխատանքները: Խոսքը գնում է հրաձգության մասին, ինչը ենթադրում էր որոշակի յուրահատկություններ նախապատրաստական փուլում, փաստաթղթերի եւ դրանց ընթացակարգերը կարգավորելու անհրաժեշտ թույլատրություն եւ այլն: Այս առումով շնորհակալ եմ Ներքին գործերի եւ
Պաշտպանության նախարարությանը, Պետեկամուտների կոմիտեին աջակցության համար: Կարծում եմ՝ առաջնության օրերին առիթ կունենանք տեսնել նաեւ մեր հավաքականի ներկայացուցիչների հաջող մրցելույթները: Հաջողություն եմ մաղթում մեր 26 հրաձիգներին եւ, հուսամ, որոշ մրցաձեւերում կունենանք նաեւ հաղթանակներ եւ հաջողություններ:
Ծրագրել էինք ձեռք բերել մարզագույքի գոնե մի հատվածը, որը հետագայում կուղղվի մարզադպրոցներում տվյալ մրցաձեւերի զարգացմանը: Առաջնության անցկացման համար պետությունը հատկացրել է շուրջ 500 միլիոն դրամ, որի մեջ ներառված է նաեւ մարզագույքի ձեռք բերումը: Հրաձգության ֆեդերացիայի հետ քննարկել ենք հետագա զարգացման հայեցակարգը: Պետությունը պատրաստակամ է մարզաձեւի զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրակացնել:
Հույս ունեմ Եվրոպայի առաջնության օրերին բազմաթիվ երկրպագուներ տեսնել մարզահամերգային համալիրում: Գրեթե բոլոր մրցաձեւերում ունենք ներկայացուցիչներ: Հույս ունեմ, որ քաղաքացիները, հայ երկրպագուները կգան եւ կաջակցեն մեր մարզիկներին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 26 հրաձիգով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.