Կարինա Ակոպովա․ Հպարտ եմ, որ «Արցախը» ներկայացնելու ենք Օլիմպիական խաղերում

09:29   5 փետրվարի, 2026

«Արցախ» ստեղծագործությունը արմատական կապ ունի մեր երկրի հետ եւ մեծ նշանակությունի ունի հայերի համար: Հպարտ եմ, որ մենք այն ներկայացնելու ենք Օլիմպիական խաղերում: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան:

Սպորտային զույգն արդեն մեկնել է օլիմպիական քաղաք: Մեկնումից առաջ Կարինան եւ Նիկիտան NEWS.am Sport-ի հետ զրուցել են մարզական քաղաքացիությունը փոխելու,  Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու եւ «Արցախ» ծրագրի կարեւորության մասին:

Կարինա, Նիկիտա, ժամեր անց կմեկնեք օլիմպիական քաղաք: Ի՞նչ զգացողություններ են ունեք: Պատրա՞ստ եք օլիմպիական պայքարին:

Կարինա Ակոպովա- Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը շատ լավ է անցել: Վստահ ենք մեր ուժերի վրա: Ոգեւորված ենք, որ արդեն հասել է պահը մեկնելու այդքան բաղձալի Խաղերին: Այս օրերին արդեն բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում եւ տեսանյութեր տեսնում Խաղերի մյուս ներկայացուցիչներից, որոնք արդեն մրցավայրում են եւ չենք համբերում, թե երբ ենք մենք էլ ժամանելու այնտեղ: Ուրախ ենք, որ եկավ այդ օրը:

Նիկիտա Ռախմանին- Կհամաձայնեմ Կարինայի խոսքերի հետ. ինձ համար եւս շատ ոգեւորիչ է այս պահը, որ եկավ այդ օրը եւ մենք մեկնում ենք Օլիմպիական խաղեր: Լավ ենք պատրաստվել եւ բարձր տրամադրությամբ ենք մեկնում:

Հայկական եւ հնդկական ծրագրով եք ներկայացնելու: Ինչո՞ւ կարճ ծրագրի համար ընտրվեց  «Արցախ» ստեղծագործությունը: Ի՞նչ ուղերձ եք ցանկանում փոխանցել մեկնարկում:

Կարինա Ակոպովա- Կարճ ծրագիրը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ ներկայանալու ենք «Արցախ» ստեղծագործության ներքո: Կրկնակի ուրախացնող է այն փաստը, որ Օլիմպիական խաղերին մասնակցելուց բացի, հնարավորություն ունենք «Արցախ» ստեղծագործությամբ մասնակցել. աստղերն այդպես դասավորվեցին մեզ համար եւ դա շատ հուզիչ է: Արդեն ասացի, որ ինձ համար շատ կարեւոր է հենց այս ստեղծագործությամբ մասնակցելը, քանի որ այն արմատական կապ ունի Հայաստանի՝ իմ երկրի հետ: «Արցախ» երաժշտությունը շատ մեծ նշանակությունի ունի հայերի համար եւ այս առումով հպարտ եմ, որ հնարավորություն ունենք այդ ստեղծագործությամբ ներկայանալ Օլիմպիական խաղերին:

Ու՞մ մտահաղացումն էր «Արցախ» ստեղծագործությունն ընտրելը:

Կարինա Ակոպովա- Մտահաղացումն իմն էր, իհարկե (ծիծաղում է): Շատերը համաձայն չէին, որ մենք «Արցախով» ներկայանանք, բայց ես պնդեցի եւ եկանք համաձայնության: Հայաստանի դրոշի ներքո սա մեր առաջին օլիմպիական մրցաշրջանն է, եւ ես կարողացա համոզել բոլորին, որ «Արցախով» Օլիմպիական խաղերին մեկնարկելը լավագույն միտքն է: Այս ծրագիրը դրված է հենց Միլան-2026-ի համար:

Երկար ծրագիրը հնդկական ֆիլմից հատվածի մոտիվներով բեմադրություն է: Համոզված ենք, որ այն նույնպես կսիրվի հանրության կողմից եւ կգնահատվի Օլիմպիական խաղերում:

Դուք հանդես եք եկել Ռուսաստանի հավաքականի կազմում: Ինչո՞ւ որոշեցիք փոխել մարզական քաղաքացիությունը եւ ներկայացնել Հայաստանը:

Կարինա Ակոպովա- Շատերը մտածում են եւ գիտեն, թե մենք ռուսներ ենք, որոնք ուղղակի փոխել են իրենց մարզական քաղաքացիությունը եւ ստացել հայկական անձնագրեր: Ո՛չ, այդպես չի. ցանկանում եմ, որ բոլորն իմանան՝ ես հայուհի եմ եւ պատահական չի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մեր ցանկությունն ու ընտրությունը: Իմ ընտանիքը, ծնողներս հայ են: Ես քիչ թե շատ խոսում եմ հայերեն եւ հասկանում եմ:

Այո, ճիշտ է, մենք ներկայացրել ենք Ռուսաստանը: Ես վնասվածք ստացա, որի պատճառով հավաքականում մեր դիրքերը բավականին զիջեցինք: Այդ իրավիճակն  ասես նշան լիներ, որ ժամանակն է մեր կյանքում ինչ-որ բան փոխել: Որոշեցինք փոխել դրոշը: Պաշտոնապես ստացանք Հայաստանի քաղաքացիություն եւ հասկացանք, որ պետք է պայքարենք օլիմպիական ուղեգրի համար: Օլիմպիական խաղերին մասնակցելը մեր զույգի երազանքն էր, իմ երազանքն էր, որն իրականացավ Հայաստանի դրոշի ներքո, ինչի համար կրկնակի երջանիկ եմ:

Անկեղծ կլինեմ՝ մինչեւ Հայաստան տեղափոխվելը, փորձել եմ հանդես գալ Ավստրալիայի հավաքականի կազմում: Հետո հասկացա, որ որեւէ իմաստ չունի ներկայացնել մի երկիր, որի հետ դու որեւէ առնչություն եւ արմատական կապ չունես: Ես հայուհի եմ, Հայաստանը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար եւ ուրախ եմ, որ այժմ ներկայացնում եմ իմ երկիրը: Ինձ համար մեծ պատիվ է եւ երջանկություն:

Նիկիտա Ռախմանին - Սա մեր զույգի առաջին Օլիմպիական խաղերն են: Ինձ համար նույնպես մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը: Ուրախ եմ, որ կարողացանք հասնել մեր երազանքին եւ այն կիրականացնենք՝ ներկայացնելով Հայաստանը: Մենք այժմ լիիրավ հայեր ենք (ծիծաղում է Նիկիտան եւ ցուցադրում մարզահագուստի վրա փակցված Հայաստանի դրոշը):

Կարինա Ակոպովա- Հպարտություն եմ զգում, որ ներկայացնելու եմ իմ հայրենիքը: Մեծ պատասխանատվություն է: Այս առումով որոշակի լարվածություն կա, բայց փորձում ենք հնարավորինս քիչ մտածել այդ մասին: Օլիմպիական խաղերն իրականում շատ լարված մրցաշար է, քանի որ այն քեզնից խլում է ամբողջ էներգիան եւ զրկում սառույցի վրա կանգնելու ուժերից: Փորձում ենք կենտրոնանալ միայն մրցելույթների վրա, եւ ամեն ինչ լավ կլինի:

Ինչպե՞ս ընդունեց Ձեզ Հայաստանը, ինչո՞վ առանձնացավ մեր երկիրը Ձեզ համար:

Նիկիտա Ռախմանին- Ինձ այստեղ շատ է դուրս գալիս: Մեզ շատ ջերմ ընդունեցին այստեղ: Սիրել եմ հայկական խոհանոցը, ինձ հետաքրքրել է նաեւ երկրի արդյունաբերությունը: Ամեն ինչ շատ լավ է այստեղ:

Կարինա Ակոպովա- Գեղասահքով զբաղվելու համար այստեղ լավ պայմաններ են ստեղծված: Սառույցն է ինձ դուր գալիս: Տեսնում եմ, որ ֆեդերացիան, նախարարությունը ներդնում են բոլոր ուժերը մարզաձեւը զարգացնելու համար: Միակ խնդիրը մեզ համար այն է, որ Հայաստանում չկան սպորտային զույգի մարզիչներ: Այդ պատճառով մեր հիմնական մարզումները կենտրոնացած են Սոչիում մեր մարզիչների ղեկավարությամբ, որոնց հետ աշխատում ենք արդեն 8 տարի: Փորձում ենք համատեղել երեւանյան մարզումները Սոչիի մարզումների հետ: Նաեւ ձգտում ենք շատ ժամանակ անցկացնել Երեւանի սառույցի վրա, մարզվող երեխաների կողքին եւ մեր ներկայությամբ նպաստել մարզաձեւի զարգացմանը:

Կարինա, ինչպե՞ս է սկսվել Ձեր մարզական ուղին գեղասահքում: Ո՞ւմ խորհրդով եք ընտրել այս մարզաձեւը:

Գեղասահքով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից: Տատիկս է ինձ տարել գեղասահքի: Այսօր նա հպարտությամբ ամենուր ասում է, որ իր թոռնուհին մասնակցում է Օլիմպիական խաղերին եւ այն էլ ներկայացնում է Հայաստանը: Ես երջանիկ եմ, որ նաեւ նրա ցանկությունն եմ իրականացրել:

Ինձ այս ամենը շատ է մոտիվացնում եւ գտնում եմ, որ Օլիմպիական խաղեր գնալը, Հայաստանը ներկայացնելը լավագույն գնահատականն է այն ամենին, ինչ արել են մեր ծնողները, տատիկս, որպեսզի հասնեմ այս կետին: 

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.