19:53 4 փետրվարի, 2026Երեւանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում այսօր հաճելի իրարանցում էր: 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա եւ Նիկիտա Ռախմանին զույգը երեւանյան սառույցի վրա վերջին մարզումն էր անցկացնում Իտալիա մեկնելուց առաջ:
Մինչեւ մարզման մեկնարկը, սպորտային զույգը սահադաշտի նախասրահում ուրախ տրամադրությամբ եւ զրույցներով նախավարժանք էր անում: Զույգը մարզման էր եկել նոր ձմեռային համազգեստով, որը ստացել էր Հայաստանի Օլիմպիական կոմիտեից հատուկ Օլիմպիական խաղերի համար:
Տարիներ անց հայրենիք վերադարձած, մարզական քաղաքացիությունը փոխած հայուհին Հայաստանում բոլորին ջերմ ժպիտով է ընդունում, պատրաստ է ցանկացած իրավիճակում զրույցի բռնվել եւ փորձել հնարավորինս շատ հայերեն խոսել: Դժգոհում է միայն, որ իր հետ պարբերաբար ռուսերեն են հաղորդակցվում, իսկ ինքն ուզում է խոսել հայերեն:
«Ես Կարինան եմ: Շատ հաճելի է, երբ շուրջս բոլորը հայերեն են խոսում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կցկտուր հայերենով արտաբերում է գեղասահորդուհին եւ շարունակում արդեն ռուսերենով:
«Ինձ շատ լավ եմ զգում այստեղ: Տրամադրությունս շատ բարձր է: Այսօր ստացանք մեր մարզահագուստը Օլիմպիական խաղերի համար: Ճիշտ է՝ ամեն ինչ մի քանի չափ մեծ է ինձ վրա, բայց կարեւորը տաք է, քանի որ ես շատ մրսկան եմ: Սառույց դուրս գալիս էլ պարտադիր մի քանի տակ հագուստ եմ կրում. ոչ մի կերպ չեմ համակերպվում ցրտին: Սահելիս, երբ մկաններս տաքանում են, հանում եմ ավելորդ վերնահագուստը»,- ծիծաղում է Կարինան եւ ցույց տալիս, թե որքան մեծ է իր վերարկուն, ապա անմիջապես եւ հպարտորեն մատնացույց անում վերարկուի վրայի գրվածքը եւ Հայաստանի եռագույնը:
«Շատ ուրախ եմ եւ հպարտ, որ Օլիմպիական խաղերում ներկայացնելու եմ Հայաստանը: Ինձ համար սա մեծ պատիվ է, երազանք, որն իրականացավ: Բոլորը կարծում են, որ ես ռուս եմ, ուղղակի փոխել եմ մարզական քաղաքացիությունս եւ ստացել հայկական անձնագիր: Ուզում եմ՝ բոլորն իմանան. ես հայուհի եմ, ծնողներս հայ են: Մեր ընտանիքում լիարժեք խոսում են հայերեն, միայն ես լավ չեմ տիրապետում, բայց այժմ հայ մասնագետի հետ գրել եւ կարդալ եմ սովորում: Գրել փոքր-ինչ կարողանում եմ, խոսել ամաչում եմ, քանի որ լավ չի ստացվում: Հասկանում եմ, բայց դժվար եմ շարադրում միտքս»,- ասաց Կարինան:
Հայաստանի զույգը օլիմպիական քաղաք է մեկնում այսօր երեկոյան 21:30-ին Երեւան -Միլան չվերթով:
«Մեկնում ենք Միլան: Այնտեղ է անցկացվելու գեղասահքի մրցաշարը: Ոգեւորված ենք: Լարվածություն կա, բայց փորձում ենք շատ չմտածել: Կենտրոնացած ենք մեր մրցելույթների վրա: Կարճ ծրագրում ներկայացնելու ենք «Արցախ» ստեղծագործության համանուն համարը: Ինձ համար անչափ կարեւոր է այս ծրագիրը, քանի որ իմ եւս մեկ երազանքն էր, որ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելուց բացի նաեւ հանդես գամ «Արցախ» ստեղծագործության ներքո»,- պատմեց Կարինան:
Սառույցի վրա նախավարժանքն անցավ բարձր տրամադրությամբ, ապա Կարինան խնդրեց միացնել «Արցախ» ստեղծագործությունը: Սպորտային զույգը եւս մեկ վերջին անգամ պարեց կարճ ծրագիրը, բայց ամբողջական տարբերակը չներկայացրեց՝ հետաքրքրություն թողնելով Օլիմպիական խաղերի համար:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.