Արթուր Միքայելյան․ Լավագույն արդյունքների ակնկալիքով ենք մեկնում Օլիմպիական խաղեր

10:35   4 փետրվարի, 2026

Լավագույն արդյունքների ակնկալիքով ենք մեկնում Օլիմպիական խաղեր: Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը լավ մարզավիճակում են, բարձր տրամադրությամբ սպասում են օլիմպիական մեկնարկներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը:

Դահուկավազքում Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը փետրվարի 6-22-ը Միլանում եւ Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցեն 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերին:Այս օրերին օլիմպիականները վերջին մարզումներն են անցկացնում Աշոցքում: Թիմը Իտալիա կմեկնի փետրվարի 5-ին:

Պարոն Միքայելյան, ի՞նչ մարզումային փուլ են անցել դահուկավազորդները, ինչպե՞ս եք պատրաստվել Օլիմպիական խաղերին:

Սա իմ 5-րդ Օլիմպիական խաղերն է որպես հավաքականի մարզիչ եւ ամեն անգամ մեծ ոգեւորությամբ եմ սպասում, աշխատում, մարզում մեր դահուկորդներին: Փորձում ենք մեր հնարավորությունների չափով միշտ շատ լավ պատրաստվել օլիմպիական մեկնարկներին: Աշոցքը շատ լավ սաներ է տալիս, այստեղ մարզումային պայմանները թույլ են տալիս հնարավորինս լավ աշխատել: Ափսոսում եմ միայն, որ Աշոցքում, պետական մարզադպրոց չկա, որն ավելի կնպաստեր տաղանդավոր երեխաների ներգրավմանը դահուկավազք:

Մեր նախապատրաստական փուլը մեկնարկել է անմիջապես Պեկին-2022 Օլիմպիական խաղերից հետո: Վերլուծելով Պեկինի արդյունքները, սկսեցինք տարբեր փուլերով եւ մրցաշարերով պատրաստվել: Այս ընթացքում Միքայել Միքայելյանը շատ լավ արդյունքներ ցույց տվեց, ձմեռային Ուսանողական խաղերում երկու անգամ 4-րդ տեղ զբաղեցրեց, աշխարհի գավաթի խաղարկության փուլերում լավագույն 30 մտավ մի քանի անգամ, որը շատ բարձր ցուցանիշ է մեր նման փոքր երկրի համար:

Այս տարի Միքայելն ու Կատյան լավ արդյունքներ ունեցան, չնայած գումարների սղության պատճառով քիչ մրցաշարերի մասնակցեցին: Միքայելը լավ արդյունք գրանցեց Tour de Ski-ում՝ ունենալով մրցակցային փորձի պակաս, իսկ այդ պակաը ֆինանսական խնդիրների պատճառով քիչ մեկնարկներ ունենալն է:

Ի՞նչ մարզավիճակ ունեն օլիմպիականները: Ինչպե՞ս են իրենց զգում մեկնումից ու մեկնարկներից առաջ:

Այս պահին Միքայելը, Կատյան շատ լավ են զգում իրենց, լավ են տրամադրված օլիմպիական մեկնարկներին: Սա Օլիմպիական խաղեր է եւ բոլորը գնում են հաղթելու:  Սպասում ենք լավ արդյունքների, տեսնենք, թե ինչպես մրցելույթներին աստղերը կդասավորվեն Միքայելի եւ Կատյայի համար:

Միքայելը լավ մարզավիճակում է: Շատ լավ է տրամադրված: Նա այս մրցաշրջանում լավ արդյունքներ ունեցավ, բայց նրա համար մեծահասակների մեջ պայքարելը մի քիչ դժվարացել է: Եվրոպական երկրների ներկայացուցիների մեջ դոպինգը շատ է, նաեւ մեծ թիմային աշխատանք է տարվում՝ յուրաքանչյուր մարզիկ իր հետ ունի մեծ թիմ: Ամեն դեպքում թե Միքայելը, թե Կատյան պայքարող տեսակ են, եւ նրանք ամեն ինչ կանեն լավագույն արդյունքը ցույց տալու համար:

Վերջին դեպքերն ի՞նչ ազդեցություն ունեցան Միքայելի նախապատրաստական փուլի վրա:

Վերջին դեպքերից հետո նա մի քիչ ընկճվել էր, բայց այժմ ամեն ինչ լավ է, պատրաստվում է օլիմպիական մեկնարկին: Ֆեդերացիայի նոր նախագահ Արթուր Հարությունյանը Միքայելին առաջարկել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որին  համաձայնել է, քանի որ ցանկանում է ավարտել մարզական կարիերան: 

Ինչո՞ւ է որոշել ավարտել կարիերան:

Սա Միքայելի վերջին Օլիմպիական խաղերն են, վերջին մրցումային տարին: Իր ցանկությամբ է ավարտում: Գտնում է, որ մարզաձեւին ավելի օգտակար կարող է լինել ֆեդերացիայում աշխատանքով, քան որպես մարզիկ: Շատ լավ տիրապետում է անգլերենին, միջազգային ֆեդերացիայում մեծ հարգանք է վայելում եւ կարող է մեծ աշխատանք տանել մարզաձեւում: Միքայելն արդեն 27 տարեկան է եւ այս տարիքում դահուկավազքում մարզիկի համար շատ կարեւոր է իր հետ ձյան վրա աշխատող մեծ թիմ ունենալ, որի բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք պայքարում լինել:

Կատյա Գալստյանը մասնակցում է իր 4-րդ Օլիմպիական խաղերին: Տարիքը չի՞ խանգարում:

Կատյան 32 տարեկան է եւ տարիքը նրան չի խանգարում: Կանանց պայքարում բնորոշ է 28 տարեկանից հետո բարձր արդյունքներ գրանցելը, քանի որ մինչեւ 40 տարեկան մասնակցում են: Կատյան իրեն լավ է զգում, ապրում է մեր դահուկային կենտրոնում: Ամեն օր սիստեմատիկ մարզվում է: Ցավով պետք է նշեմ, որ Կատյան Օլիմպիական խաղերին մասնակցում է առանց այս փուլում մրցակցային փորձի. նա ոչ մի մեկնարկ այս մրցաշրջանում չունեցավ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ֆինանսների բացակայության:  Մեկնարկներ չունենալու պատճառով Կատյայի միավորներն ընկել են, բայց նա Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ունի: Պատրաստվածության մակարդակը, աստիճանը շատ լավ է:

Ի՞նչ ակնկալիքներով եք մեկնում Օլիմպիական խաղեր:

Մեկնում ենք լավ արդյունքներ գրանցելու ակնկալիքով: Ինձ շատերն են ասել եւ ասում, որ անիմաստ եմ չարչարում դահուկորդներին, դժվար է, գումար չկա եւ այլն, բայց ես երբեք հավատս չեմ կորցնում, որ մենք ունենալու ենք բարձր արդյունքներ եւ նվաճումներ: Ճիշտ մոտեցմամբ, մշակված ծրագրով հնարավոր է հասնել արդյունքի: Հույսս երբեք չեմ կորցնում:

Օլիմպիական խաղերում բոլորն են ձգտում մտնել լավագույն տասնյակ, 30-ի, անգամ լավագույն 50-ի մեջ մտնելու պայքար է գնում: Եղել են դեպքեր, երբ մենք 50-ի մեջ ենք մտել, շատերը մեզ շնորհավորել են: Սա շատ մեծ ձեռքբերում է, մասնավորապես մեր երկրի համար, որտեղ շատ քիչ է մարզաձեւին պետական աջակցությունը: Գիտակցում եմ՝ ինչու է մեր ֆինանսավորում այդքան քիչ. ամեն ինչ դժվար է, երկիրը նոր է ոտքի կանգնում, բայց դահուկային սպորտաձեւին պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի, նաեւ տուրիզմը կարող է զարգացնել:

Դուք օլիմպիական քաղաք եք մեկնում ամենավերջինը, բայց առաջինն եք մեկնարկի դուրս գալու: Ինչո՞ւ:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանն արդեն օլիմպիական ավանում է, գեղասահորդները մեկնում են փետրվարի 4-ի երեկոյան, մենք կմեկնենք փետրվարի 5-ին երեկոյան: Կանխամտածված ենք այդպես անում, որպեսզի Աշոցքի բնակլիմայական պայմանները, բարձրության զգացողությունը երկար պահպանվի: Միքայելն ու Կատյան օլիմպիական դահուկուղուն ծանոթ են. հարմարվելու խնդիր չունեն:  6-ին կմարզվենք այնտեղ, 7-ին դուրս կգանք մեկնարկի: Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը կմասնակցի 20 կմ սկիատլոն ոճում, փետրվարի 8-ին՝ Միքայելը նույն ոճում: Փետրվարի 12-ին Կատյան կմասնակցի 10 կմ ազատ ոճում, Միքայելը 13-ին՝ 10 կմ ազատ ոճ: Օլիմպիական խաղերի վերջին օրը 50 կմ ազատ ոճն է, որին տեղում կորոշենք՝ մասնակցել, թե ոչ, կախված է իրենց ինքնազգացությունից, վերականգնումից:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.