Հայ ծանրորդի մեդալը մնացել է մաքսակետում. պետությունը մաքսազերծման գումար է պահանջում

11:44   17 դեկտեմբերի, 2012

Սպորտում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալները մարզիկների սեփականությունը չեն, դրանք պետության նվաճումներն են, սակայն Հայաստանում այդ ամենին այլ կերպ են նայում` մարզիկի նվաճած մեդալը ենթարկվում է մաքսազերծման 47 հազար դրամով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

2011թ. Համաշխարհային ուսանողական խաղերում Հայկ Հակոբյանի նվաճած բրոնզե մեդալի համար Հայաստանում մաքսազերծման գումար են պահանջել։

«Մեր լավագույն ծանրորդներից Հայկ Հակոբյանը 2011թ. համաշխարհային ուսանողական խաղերում գրավել էր չորրորդ տեղը: Ոսկե մեդալակիրը դոպինգ օգտագործելու համար հետագայում որակազրկվել է եւ մեր մարզիկը բարձրացել է երրորդ տեղ եւ նվաճել բրոնզե մեդալ: Նրան վերադարձվել է բրոնզե մեդալը: Ուսանողական խաղերի միջազգային կազմակերպությունը ուղարկել է մեդալը Հայաստան: Սակայն այդ մեդալը այժմ մնացել է Հայաստանի Արարատյան մաքսակետում: Հայաստանում այդ մեդալը ներկրելու համար մաքսազերծում են պահանջում` 47 հազար դրամ: Ասում են՝ արի մուծի այդ գումարը, մեդալդ տանք քեզ։ Այդ մեդալն արժե ընդամենը 10 եվրո` մեր գումարով 5 հազար դրամ: Իսկ սահմանին ասում են` բա ծախս ենք արել, բերել, հասցրել ենք այստեղ, պիտի մաքսազերծենք… Ի՞նչ է նշանակում մարզիկի նվաճած մեդալը մաքսազերծել: Դա մարզիկի անձնական մեդալը չէ, դա պետության անուն ազգանունն է: Այսօր ես գնալու եմ անցակետ՝ տեսնեմ այդ ինչ 47 հազար դրամ են ուզում, ում համար են ուզում: Ծիծաղելի է… Սրա մասին պետք է մտածենք, թե չորս տարվա ցիկլից հետո մեր մարզիկները Օլիմպիական խաղերում ինչու են այդպիսի արդյունքներ ցույց տալիս:  Միայն մեր ներսում պետք է պատճառները փնտրենք, որ մարզիկի նվաճած մեդալի դիմաց մաքսազերծում չպահանջենք 47 հազար դրամ»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.