Միքայել Միքայելյան․ Ինքս ինձ չէի ների, եթե «Ադրբեջան» գրվածքով դուրս գայի մեկնարկի

09:05   12 հունվարի, 2026

Ինքս ինձ չէի ների, եթե «Ադրբեջան» գրվածքով դուրս գայի մեկնարկի: Եթե որեւէ մեկը կարծում է, որ ես «Ադրբեջան» բառը չպետք է փակեի եւ այդ գրվածքով դուրս գայի մրցելույթի՝ մտածելով, թե սպորտը սպորտի մասին է ու ինձ դրանից լավ զգայի, ուրեմն ես ամենաանարժան եւ անպատիվ մարդը պետք է լինեի: Իմ քայլը պարզ է եւ պարզաբանման կարիք չունի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Իտալիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլում դահուկորդ Միքայել Միքայելյանը մեկնարկի դուրս գալիս կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի «Ադրբեջան» անվանունը: Նրա քայլը բուռն արձագանք ստացավ հանրության շրջանում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ մարզիկի քայլի մասին ասել էր, որ դիրքորոշում կհայտնի դահուկային սպորտի ֆեդերացիային ուղղված հարցման պատասխանից հետո: ԿԳՄՍ նախարարության հարցումը ֆեդերացիային Միքայել Միքայելյանի քայլի պարզամբանման պահանջն էր, որին ֆեդերացիան պատասխանել է, որ հայ մարզիկի քայլը պարզաբանման կարիք չունի:

Միքայել, ինչպե՞ս եւ ո՞ր պահին որոշեցիր փակել «Ադրբեջան» բառը: Ի՞նչը քեզ դրդեց այդ քայլին:

Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում 4 մեկնարկ եմ ունեցել: 4-ում էլ մրցումային համարների շապիկների վրայի հովանավորների անունները տարբեր էին: Այդ օրվա մրցման շապիկի վրա գրված էր «Ադրբեջան»: Մրցումային համարների շապիկները ստանում ենք մեկնարկից 2 ժամ առաջ: Քանի որ մեր նպատակը ելույթ ունենալն էր, ես կամ պետք է դուրս չգայի մեկնարկի, կամ էլ ինչ-որ կերպ փակեի «Ադրբեջան» անվանումը: Ես հաստատ պետք է փակեի այդ անունը, ինքս ինձ չէի ների, եթե «Ադրբեջան» գրվածքով դուրս գայի մեկնարկի: Փակեցի ու դուրս եկա մեկնարկի:

Միայնակ ես որոշե՞լ: Հայրդ, որը նաեւ հավաքականի եւ քո անձնական մարզիչն է, ի՞նչ ասաց որոշմանդ մասին:

Հայրս էլ լիարժեք կողմ էր իմ որոշմանը. նույնիսկ չքննարկեցինք: Մեկնարկից առաջ, երբ գնացել էի նախավարժանքի, վերադարձա, հայրս ասաց՝ «Տեսե՞լ ես, թե ինչ է գրված շապիկի վրա»: Բացեցինք, նայեցինք, վերցրի ու գնացի մեկնարկի, փակեցի անունը եւ մասնակցեցի: Կողքից որեւէ արձագանք չեմ ստացել: Այնտեղ յուրաքանչյուրի նպատակը լավ մրցելույթն է, իմը՝ նույնպես:

Ի՞նչ տեղի ունեցավ մրցելույթից հետո:

Ինձ մրցավարները կանչեցին: Նրանց հետ մենք երկար տարիներ աշխատում ենք եւ շատ լավ հարաբերությունների մեջ ենք՝ ինչպես ես, այնպես էլ մեր ֆեդերացիան: Կանչեցին եւ հետաքրքրվեցին, թե ինչու եմ փակել «Արդրբեջան» անունը: Ներկայացրեցի խնդիրը: Ասացին, որ ինձ ամբողջովին հասկանում են եւ իրենց համար մեծ հաշվով տարբերություն չկա՝ այնտեղ «Ադրբեջան» է գրված, «Սկեչերս», թե «Ռոլեքս»: Ասացին, որ խնդիր է հովանավորի անունը փակելը, որը միջազգային ֆեդերացիայի օրենքի խախտում է, քանի որ բոլոր հովանավորները պետք է տեսանելի լինեն: Ասացին, որ այս պարագայում պարտավորված են ինձ տուգանել խախտման համար, ինչը ես նորմալ ընդունեցի: Հասկանալի էր, որ իրենց համար արժեքները երկրորդական են եւ որպես ժյուրի, այս հարցին օրենքի տեսանկյունից են գնահատական տալիս:

Ինձ խնդրեցին, որ հաջորդ անգամ նման քայլ չանեմ: Չխոստացա, որ չեմ փակի այդ անունը շապիկիս վրա տեսնելով: Խոստացա, նախապես տեղեկացնել քայլերիս վերաբերյալ, վատագույն դեպքում ուղղակի մեկնարկի դուրս չգալ, եթե այդ անունը նորից լինի իմ մրցումային համարի շապիկին:

Հանրության այս բուռն արձագանքից հետո, ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կանես հաջորդ անգամ, կփակե՞ս նորից:

Կա երկու տարբերակ. կամ մեկնարկի դուրս չեմ գա, կամ նորից ժապավենով կփակեմ այդ անունը: Ուղղակի մեկ այլ խնդիր էլ կա. մեր նպատակը լավագույն կերպով հանդես գալն է, լավ արդյունքներ գրանցելը: Գումարներ, մեծ աշխատանք, էներգիա ծախսելով՝ հասնել մրցավայր ու ինչ-որ գրվածքի պատճառով մեկնարկի դուրս չգալ, ճիշտ չեմ համարում: Ւմ միավորների եւ արդյունքների վրա այս տուգանքը չի ազդում, եթե հետագայում էլ տուգանվեմ, էլի չի ազդելու, միայն ֆինանսական տույժ է, որն ինձ համար, մեզ համար երկրորդական է. առաջնայինը՝ մեր արժանիքներն են:

ԿԳՄՍ նախարարը քո քայլի վերաբերյալ ասել է, որ սպորտը պետք է լինի սպորտի մասին: Այս արտահայտությունը ճնշում չի գործադրո՞ւմ քեզ վրա:

Ամեն մարդ ունի իր կարծիքն իմ քայլի վերաբերյալ: Եթե մտածում են, որ սխալ եմ արել իմ քայլով, թող անձնամբ ինձ դիմեն: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ես «Ադրբեջան» բառը չպետք է փակեի եւ այդ գրվածքով դուրս գայի մրցելույթի՝ մտածելով, թե սպորտը սպորտի մասին է ու ինձ դրանից լավ զգայի, ուրեմն ես ամենաանարժան եւ անպատիվ մարդը պետք է լինեի: Փառք Աստծո, ազատ երկրում ենք ապրում, որտեղ ամեն մարդ կարող է ունենալ իր կարծիքը: Մեկի համար ես ճիշտ եմ, մյուսի համար՝ սխալ:

ԿԳՄՍ-ն պահանջել է քո քայլի պարզաբանումը: Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն այս պահանջին:

Ուզում եմ հասկանալ, թե ինչ իմաստով է պարզաբանման պահանջը: Վերաբերմունքս նորմալ կլինի, եթե նախարարությունը պարզաբանում է ուզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, թե ինչու է «Ադրբեջան» գրությունը հայտնվել իմ մրցումային համարի էլաստիկ շապիկի վրա եւ այլն: Բայց եթե պահանջում են պարզաբանում, թե ինչու եմ ես ժապավենով փակել , ուրեմն ես այդ մարդկանց հետ խոսելու ոչինչ չունեմ եւ իմաստ էլ չկա խոսելու: Իմ արած քայլը արդեն իսկ պարզ է:

Աշխարհի գավաթի այդ փուլում 72-րդ տեղը զբաղեցրիր: Ինչպե՞ս ես գնահատում արդյունքդ:

72-րդն եմ ընդհանուր հաշվարկով, բայց ես մի քանի մեկնարկ ունեցա այս մրցաշարում տարբեր մրցատարածություններում:

Առաջին մրցատարածությունում փայտս կոտրվեց: Սպրինտն էր ու շատ կարճ էր: 120 դահուկորդ էր մասնակցում: Այդ մրցատածությունն այդքան էլ լավ չստացվեց: Մինչեւ փայտս փոխեցի, ժամանակ կորցրի, մրցատարածությունն էլ ընդամենը 1,5 կմ էր, այդ պատճառով մեկնարկն անհաջող ստացվեց:

Մրցելույթները գումարվում են իրար: Յուրաքանչյուր մրցելույթից միավորներ ես հավաքում, որից հետո հաշվարկվում է ընդհանուր արդյունքը, զբաղեցրած տեղը:

Առաջին մեկնարկը, որը փայտս կոտրվելու պատճառով ձախողվեց, ինձ հետ գցեց ընդհանուր միավորների հաշվարկից: Հաջորդ մրցատարածություններում բավականին առաջ եկա: 20 կմ մրցատարածությունում 60-րդն էի: 20 կմ մրցատարածությունում առաջին տեղին պարտվել էի 2 րոպե: 20 կմ-ի մեջ 2 րոպեն չնչին տարբերություն է, բայց այդ 2 րոպեի մեջ 60 դահուկորդ հասավ եզրագիծ: Պատկերացրեք, թե ինչպիսի պայքար է եղել:

Միլան-2026 ձմեռային Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորները լիարժեք լրացրե՞լ ես:

Քվոտան դեռ անցյալ տարվանից էի ապահովել, բայց վերջնական պատասխանները կհրապարակվեն հունվարի 20-25-ին: Ես միայն գիտեմ, որ բոլոր չափանիշներով իմ վարկանիշային միավորներն ապահովել եմ եւ ունեմ քվոտա: Ինչ վերաբերում է՝ կգնամ Օլիմպիական խաղեր, թե ոչ, այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Վստահություն կա, որ  գնալու եմ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.