Վարազդատ Լալայան․ Շատ կուզեի, որ բոլորն իրենց մեջ զարգացնեին պայքարելու ձգտումը

11:20   31 դեկտեմբերի, 2025

Շնորհավորում եմ  բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ առողջություն, ուժ, համբերություն, պայքարելու կամք: Շատ կուզեի, որ բոլորն իրենց մեջ զարգացնեին պայքարելու ձգտումը, որովհետեւ մեր ազգին շատ է պետք չհանձնվող տեսակը ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում: Մարզիկներին մաղթում եմ առանց վնասվածքների տարի,  թող իրականան բոլոր այն նպատակներ, որոնք դրել են 2026 թ. իրենց առջեւ:

Այսպես Նոր տարվա առթիվ շնորհավորեց Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Մրցաշրջան-2025-ը Վարազդատ Լալայանի համար փառահեղ ստացվեց: Հայաստանի առաջատար ծանրորդն այս տարի էլ փայլեց խոշոր մրցաշարերի ամենաբարձր պատվո հարթակներին եւ ստիպեց աշխարհին լսել Հայաստանի հիմն ու տեսնել վերեւում ծածանվող եռագույնը: Վարազդատ Լալայանի անունն այլեւս ասոցացվում է հաղթանակների, հպարտության զգացողությունների, մեծ հույզերի հետ: Եվ պատահական չի, որ Լոս Անջելես-2028 օլիմպիական չեմպիոնի ամենաիրատեսական հավակնորցներից մեկն էլ գյումրեցի ծանրորդն է:

NEWS.am Sport-ը զրուցել է Վարազդատ Լալայանի հետ, ամփոփել 2025 թ. եւ վերահիշել փոքրիկ Վարազդատին:

Վարազադատ, նախ շնորհավորում եմ տարվա լավագույն մարզիկ ճանաչվելու կապակցությամբ: Այս տարի եւս լավագույններից մեկն ես: Ի՞նչ է քեզ համար տարվա լավագույնը ճանաչվելը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Պարտավորեցնող է: 2021 թվականից  լավագույնների մեջ եմ: Ավելի պարտավորեցնում է այնպես անել, որ կարողանամ ամեն տարի իմ տեղը պահպանել լավագույնների մեջ:

Լավագույնը ճանաչվելու սանդղակը բարձրացել է, որի համար ոչ թե աշխարհի առաջնության մեդալակիր, այլ չեմպիոն պետք է լինես, որ հնարավորություն ունենաս ճանաչվել լավագույնը:

Այս տարի դու դարձար աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ինչպիսի՞ն ստացվեց տարին քեզ համար: Ինչպե՞ս հաջողվեց երկու խոշոր առաջնություններում էլ կրկնել նախորդ տարվա հաջողությունները:

Ուրախ եմ, որ կարողացա այս տարի կրկնել հաղթանակներս:

Եվրոպայի չեմպիոնությունը, նախորդ տարվա համեմատ ինձ համար մի փոքր ավելի հեշտ տրվեց: Անցյալ տարի այլ կերպ էի տրամադրված Եվրոպայի առաջնությանը. մինչեւ վերջին վայրկյանը պարզ չէր՝ Լաշա Տալախաձեն կմասնակցի՞, թե՞ ոչ: Նրա հետ պայքարին էլ էի պատրաստ: Հաղթելուց չեմ խոսում, քանի որ դա միայն կարող էինք իմանալ նրա մասնակցության պարագայում: Այս տարվա Եվրոպայի առաջնությունը մի փոքր այլ ստացվեց: Մրցակցությունը թույլ էր, ինձանից հետո երկրորդ եւ երրորդ տեղերի կիլոգրամներն ավելի թույլ էին: Ես էլ լիարժեք իմ հնարավորությունների չափով հանդես չեկա, մրցումներից առաջ վնասվածք ունեի, բայց մասնակցեցի եւ հաղթեցի:

Աշխարհի առաջնությունում մրցակցության մասին ի՞նչ կասես: Այստեղ ինչպիսի՞ն ստացվեց պայքարը:

Աշխարհի առաջնությունից առաջ էլ մի քիչ խանգարող հանգամանքներ եղան, բայց կարողացա շուտ վերականգնվել, տրամադրվել: Այս տարվա առաջնությունում ավելի ծանր մրցակցություն էի սպասում, բայց նորից թույլ ստացվեց, որովհետեւ Գոռ Մինասյանը լավ չմասնակցեց, իրանցի ծանրորդը չհասկացանք, թե ինչ արեց: Այնպես չէ, որ պայքար չկար, ուղղակի սպասվածից ավելի թույլ էր: Փառք Աստծո, կարողացա հաղթող ճանաչվել:

Նշաձողդ արդեն միայն չեմպիոնական է: Քեզնից միշտ սպասում են տիտղոսներ: Այս սպասելիքները չեն լարու՞մ:

Այդ սպասելիքները պարտավորեցնող են: Եթե դու կարողանաս քո մեջ ճիշտ կազմակերպել ամեն ինչ, հասկանալ, թե ինքդ քեզնից ինչ ես ուզում, մարզիչները ինչ են ուզում, այդ ժամանակ ոչինչ չի խանգարի, չես լարվի եւ կստացվի: Եթե շատ մտածես, որ սպասելիքներն անպայման պետք է արդարացնես, ինչ-որ տեղ կխանգարի:

6-7 տարեկան Վարազդատը երբեւէ կպատկերացներ, որ մի օր կդառնա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, կճանաչվի Հայաստանի լավագույն մարզիկը:

Երեւի երբեւէ փոքր Վարազդատը չէր պատկերացնի այս ամենի մասին: Իմ մարզական կարիերան իր հունով ստացվեց: 9 տարեկանից զբաղվում եմ ծանրամարտով: Սկզբից չսիրելով էի մարզվում, բայց անձնական մարզիչս շատ բան փոխեց իմ մեջ: Երեւի ինչ-որ բան տեսել էր, որ փոխեց, թույլ չտվեց, որ թողնեմ ծանրամարտը. մնացի այս սպորտում: Դեռահասության տարիքում բոլորի մոտ երեւի լինում է, որ չուզելով են մարզվում, այն դեպքում, երբ տեսնում ես դրսում քո տարեկիցներն այլ բաներով են զբաղվում, իսկ դու՝ մարզումներ, անդադար մարզումներ...

Իմ այդ անցումային շրջանը ճիշտ օգտագործվեց, որի շնորհիվ ես մնացի ծանրամարտում: 17 տարեկանում մասնակցեցի պատանիների Եվրոպայի առաջնությանը, մեդալ նվաճեցի ու զգացի, որ կարող եմ ծանրամարտում մնալ, փորձել ինչ-որ բան անել: Որոշ ժամանակ անց մարզական կարիերայումս դադար եղավ, չէի մասնակցում մրցաշարերի, բայց հավաքականի մարզիչները նկատել էին ինձ եւ պարբերաբար ընդգրկում էին հավաքների: Այդպես վերսկսեցի մրցաշարերի մասնակցել, ապա երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեդալակիր դարձա, մեկ տարի անց երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն դարձա:

Մեծահասակների հավաքական տեղափոխվելս է հիշարժան: Այն ժամանակ իմ քաշային կարգում երկու հզոր մարզիկներ ունեինք՝ Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան: Սա նշանակում էր՝ թիմում տեղ գտնելը բավականին բարդ էր, պետք է կարողանայի արդյունք անել, երկու հզորներից մեկին հաղթել, որպեսզի հնարավորություն ունենայի մասնակցել մրցաշարերի, իմ տեղը գտնել հավաքականում: Մեկ քաշային կարգում մրցաշարերում 3 ներկայացուցիչ չի լինում, եւ ես պետք է պայքարեի նրանց հաղթելու համար: Այնպես ստացվեց, որ Ռուբեն Ալեքսանյանը վնասվածքներ ուներ եւ ավարտեց կարիերան, ես բարձրացրի կիլոգրամներս:

Ե՞րբ եւ ո՞ր մրցաշարից հետո հասկացար, որ կարող ես մեծ հաղթանակներ ունենալ:

2021 թ. մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձա ու հասկացա, որ մեծ սպորտն իմն է եւ կյանքում բաց չեմ թողնի այս ամեն ինչը. ես ունեմ այդ հնարավորությունը, ուրեմն մինչեւ վերջ պետք է օգտագործեմ:

Տալախաձեն այս պարագայում քեզ չէր վախեցնո՞ւմ:

Սկզբից չէի պայքարում նրան հասնելու համար: Որոշ ժամանակ անց նրան հասնելու ցանկություն առաջացավ: 2022 թ. Եվրոպայի առաջնությունում շատ մոտ էինք նրան հաղթելուն: Նույն տարում աշխարհի առաջնությունում նույնպես մոտ էինք նրան հաղթելուն, այդ թվում՝ Գոռը: Այդ ժամանակ ներսումս ինչ-որ բան փոխվեց: Հասկացա, որ այդուհետ մեր սանդղակը պետք է լինի առաջինը լինելը, այլ ոչ երկրորդ կամ երրորդ: Այդ օրվանից ձգտեցի, բայց չստացվեց: Երեւի ինչ-որ բան պակաս էր:

Գտնում ես, որ չստացվե՞ց հաղթել Տալախաձեին:

Հնարավորություն ունեցել ենք, բայց չենք օգտագործել: Երեք անգամ ես էլ, Գոռն էլ ունեցել ենք նրան հաղթելու շանս: Մենք նրան կարող էինք հաղթել 2022 թ. Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ Օլիմպիական խաղերում, բայց չենք օգտագործել: Ես այդպես եմ մտածում, որ մեզ տրվել էր հնարավորություն, ուղղակի մենք չօգտվեցինք դրանից: Որեւէ մեկին չեմ մեղադրում Լաշային չհաղթելու մեջ: Նրան հաղթելը տեսանելի էր:

Եթե հիմա մրցահարթակում լիներ Տալախաձեն, որքանո՞վ կհետաքրքրացներ պայքարը:

Նա այնքան է հետաքրքրացրել մեր պայքարը, որ մեր կիլոգրամները բարձրացրել է: Նախկինում ցածր կիլոգրամներով էին աշխարհ, Եվրոպա հաղթում, Օլիմպիական խաղերում չեմպիոն դառնում: Լաշան բարձրացրեց կիլոգրամների սանդղակը եւ ամեն անգամ նոր մարտահրավեր նետեց մեզ: Ամեն ծանրքաշային չի, որ կարողացել է 260 եւ ավել կիլոգրամի մոտենալ: Հիմա նա այնպես է արել, որ մենք էլ ենք կարողանում այդ կիլոգրամները բարձրացնել, հավատալ, որ հնարավոր է այդքան անել: Եթե Լաշան չլիներ, գուցե մենք չմտածեինք մեր կիլոգրամները բարձրացնելու մասին: Նա այդքանով օգնել է բոլորիս:

Հնարավորություն ունե՞ս կրկնել Տալախաձեի արդյունքները:

Ես դեռ իմ հնարավորությունները բոլորը չեմ օգտագործել: Իմ բարձրացրած կիլոգրամները հնարավորություններիցս մի քիչ քիչ է: Կփորձեմ ու աշխատում եմ ավելացնել արդյունքներս: Ներկայով եմ ապրում: Այս պահին նպատակս ռեկորդներ սահմանելն է: Հետագայում կյանքը ցույց կտա, թե որքանով կկարողանամ հասնել նրա արդյունքներին:

Ինչպե՞ս ես պատրաստվում դիմավորել Ամանորը: Սիրո՞ւմ ես Նոր Տարին: Ի՞նչ խորհուրդ ունի Ամանորը քեզ համար:

Նոր տարին իմ սիրած տոներից է: Այն, իսկապես, մեծ խորհուրդ ունի, ասես՝ ամեն ինչ նոր էջից ես սկսում՝ նոր տարի, նոր մրցումներ, նոր մարտահրավերներ: Նոր տարին ավելի մոտիվացնող է: Մարզիկների համար տոնական օրերը չեն առանձնանում. Նոր տարվա օրերին էլ եմ մարզվում, ազատ օր չեմ ունենում:

Նոր տարվա խորհուրդն ինձ համար նաեւ այն է, որ այդ օրերին տանն եմ լինում, ընտանիքիս հետ: Դա ամենաուրախացնողն է:

Շնորհավորում եմ  բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր ժողովրդին մաղթում եմ առողջություն, ուժ, համբերություն, պայքարելու կամք: Շատ կուզեի, որ բոլորն իրենց մեջ զարգացնեին պայքարելու ձգտումը, որովհետեւ մեր ազգին շատ է պետք չհանձնվող տեսակը ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում: Մարզիկներին մաղթում եմ առանց վնասվածքների տարի,  թող իրականան բոլոր այն նպատակներ, որոնք դրել են 2026 թ. իրենց առջեւ:

Ի դեպ, հետեւու՞մ ես մյուս մարզաձեւերում հայ մարզիկների արդյունքներին:

Այո, իհարկե, հետեւում եմ ըմբշամարտին, մարմնամարզությանը, բռնցքամարտին: Գուցե ժամանակի առումով բուն մրցաշարերին չեմ հասցնում հետեւել, բայց արդյունքներին տեղեկանում եմ: Ինձ շատ է ուրախացնում հայկական մարմնամարզությունը: Մեր տղաներն արդեն տարիներ շարունակ բարձր արդյունքներ են գրանցում եւ ապացուցում են, որ հայկական սպորտում բարձր սանդղակներում մարմնամարզությունն իր տեղն ունի: Բռնցքամարտի այս տարվա հաջողությանը հետեւեցի: 5 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ, որն, իսկապես, շատ մեծ արդյունք է: Աշխարհի առաջնությունը, որպես մարզիկ եմ ասում, գնահատում եմ շատ բարձր, որտեղ մասնակցում են ամենուժեղները: Բռնցքամարտն էլ բարդ սպորտ է: Մեդալ նվաճելու համար մի քանի մենամարտ պետք է անցկացնես, հաղթես, որ կարողանաս բրոնզե մեդալակիր դառնալ: Շատ է ուրախացնում, որ մեր տղաներն այսպիսի արդյունք արեցին: Ըմբշամարտում Մալխաս Ամոյանի մասին խոսքերը բավարար չեն նկարագրելու, թե ինչպիսի մարզիկ է նա: Ոչ միայն շատ ուժեղ եւ բարձրակարգ մարզիկ է, նաեւ որպես մարդ շատ լավ անձնավորություն է:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.