19:31 10 դեկտեմբերի, 2025Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն ապահովեց իր մարզական կարիերայի 5-րդ բրոնզե մեդալն աշխարհի առաջնություններում:
Դուբայում անցկացվող աշխարհի առաջնությունում Բաչկովը 67 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց Բելառուսը ներկայացնող Վադիմ Վաուչոկին:
Առաջին ռաունդը Բաչկովի համար հաջող չստացվեց: Գրոհները նպատակին չէին հասնում: Մրցակիցը հաջողությամբ էր իրացնում իր գրոհները եւ նպատակին հասցնում հարվածները: Այս ռաունդում մրցավարները առավելությունը 4:1 հաշվով տվեցին բելառուս բռնցքամարտիկին:
Երկրորդ ռաունդում գյումրեցի բռնցքամարտիկը նոր ուժով սկսեց եւ հարվածաշարերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Այս ռաունդում բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը տվեցին օլիմպիական բրոնզե մեդալակրին:
Երրորդ ռաունդում Հովհաննես Բաչկովն ուղղակի ոչ մի հնարավորություն չտվեց բելառուս բռնցքամարտիկին, հարվածներով ավելացնելով ճնշումը: Մրցակիցը միայն կարողանում էր պաշտպանվել Բաչկովի հարվածներից, որոնք մեծ մասը հասնում էին նպատակին:
Հովհաննես Բաչկովը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի երկրորդ մեդալն այս առաջնությունում:
Հայաստանի հավաքականի ավագը աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեին:
1/8 եզրափակիչում Բաչկովը 5:0 հաշվով առավելության էր հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովի նկատմամբ:
Նախորդ անգամ Հովհաննես Բաչկովը Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի մասնակցել էր 2023 թ. մայիսին Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել էր իր 4-րդ բրոնզե մեդալը:
2023 թ. աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի առաջատար բռնցքամարտիկը ձեռքերի վիրահատություն տարավ, ապա հրաժարվեց օլիմպիական վարկանիշային մրցաշարերին մասնակցելուց: Այս ընթացքում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հանդես էր գալիս պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ անցկացրել է 8 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ (8:0:0):
Հայաստանի առաջին մեդալն այս աշխարհի առաջնությունում ապահովել է Եվրոպայի փոչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ լատվիացի Մատվեյ Պրոկուդինսի նկատմամբ:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), , Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը(+92 կգ)։ Հաղթանակների դեպքում հայ բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.