20:53 1 դեկտեմբերի, 2025Սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, երկրի ղեկավարությանը, հայկական ծանրամարտին եւ սպորտին: Այս ամենը միանշանակ անձնական խնդիրների պատճառով է: Ֆեդերացիային ասում եմ ՝ ես էլ ձեզանից եմ շնորհակալ, որ ձեզանից «պրծա»:
Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից իր հեռացումը մեկնաբանեց Փաշիկ Ալավերդյանը:
Քիչ առաջ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարություն տարածեց, ըստ որի Փաշիկ Ալավերդյանը հեռացվել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։
«Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում ինձ, բայց ես շնորհակալ չեմ: Ամեն ինչ արվեց, որպեսզի վերջին մրցումներում ձախողում լինի, իսկ ես կարողացա անել այնպես, որ ձախողում չլինի: Խոսքն այս աշխարհի առաջնության մասին էր, երբ 8 ոսկե մեդալից մեկը բերեցի Հայաստան, որտեղ մասնակցում էր 117 պետություն: Ամբողջ Եվրոպայից միայն մենք ու Բուլղարիան ենք երկամարտի ոսկե մեդալ նվաճել, ուրիշ ոչ մեկը: Էն մնացած երկրներն էլ պիտի հեռացնեն իրենց գլխավոր մարզիչներին: Եվրոպայի 46 պետություն է մասնակցել աշխարհի առաջնությանը, մենք ու Բուլղարիան ենք չեմպիոններ ունեցել: Մնացած 44-ին պիտի հեռացնե՞ն:
Այս ամենը միանշանակ անձնական խնդիրների պատճառով է:
Սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, երկրի ղեկավարությանը, հայկական ծանրամարտին եւ սպորտին: Ես 52 տարի հայկական ծանրամարտում եմ եղել, որից 28-ը անցկացրել եմ բարձր մակարդակով՝ Օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ: Վերջին 18-19 տարի անձնական աշխատանք եմ տարել հավաքականի հետ: Այսքան նվիրում սպորտին, բարձր արդյունքներ, մեծ նվաճումներ բերած մարդուն այսօր հեռացնում են պաշտոնից վատ աշխատանքի համար: Մենք այսօր ունենք աշխարհի չեմպիոն, բայց իրենց դա պետք չի: Աշխարհի չեմպիոն, որը օլիմպիական չեմպիոնի իրական հավակնորդ է: Այնպես են անում, որ դա չլինի ու ասպարեզից հեռացնում են այն մարդուն, ով կարող է պատրաստել օլիմպիական չեմպիոնի: Ես ժողովրդին ուզեցա բացատրեմ իմ հարցազրույցներում, որ սխալվել եմ: Չէի կարծում, որ մարդ կարող է 73 տարեկամնում էլ սխալվել: Գիտեի, որ 20-23 տարեկանում սխալվում են, բայց ոչ հասուն տարիքում:
Իսկ հիմա ֆեդերացիային ասում եմ ՝ ես էլ ձեզանից եմ շնորհակալ, որ ձեզանից «պրծա»»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Հայաստանի երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.