Հակոբ Սերոբյան․ Ինձ համար՝ Մամիկոն Խաչատրյանը հաղթեց

20:06   24 հոկտեմբերի, 2025

Ինձ համար՝ Մամիկոն Խաչատրյանը հաղթեց, Համլետ Մանուկյանն էլ շտապեց, հակառակ դեպքում չեմպիոնը նա էր դառնալու: Շատ ուրախ եմ այս մեդալի համար: Հրաշալի արդյունք է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ջակարտայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ինդոնեզիայի մայրաքաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում նվաճեց իր առաջին մեդալը մեծահասակների աշխարհի առաջնությունում:

Եզրափակիչում հայ մարմնամարզիկը վաստակեց 14.600 միավոր, հավասար միավոր վաստակեց նաեւ տիտղոսը նվաճած չինացի մարմնամարզիկը: Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը 14.433 միավորով 4-րդն է:

Պարոն Սերոբյան, շնորհավորում եմ աշխարհի փոխչեմպիոն ունենալու կապակցությամբ: Սպասո՞ւմ էիք, որ Մամիկոն Խաչատրյանը կդառնա մեդալակիր:

Մամիկոն Խաչատրյանի արծաթե մեդալը շատ ուրախացրեց բոլորիս: Հրաշալի արդյունք է: Մենք լավ էինք պատրաստվել, մեդալների ակնկալիք ունեինք: Եզրափակիչը դիտելով՝ ավելի պարզ դարձավ, որ մեր տղաներն ունեն այդ ուժերը: Համլետ Մանուկյանը նույնպես մեդալակիր կարող էր դառնալ: Եթե ոտքերը չծալեր, նա միանշանակ չեմպիոն էր:

Չեմ ուզում որեւէ մեկից դժգոհել, այսպես ստացվեց: Ինձ համար՝ Մամիկոնը հաղթեց: Որպես մրցավար եմ գնահատում, կողքից նայելով եմ ասում, այսօր նա հաղթեց: 1 տասնորդական ավել պետք է ստանար, բայց չեմ դժգոհում մրցավարների գնահատականից: Այդպես գնահատեցին, ոչինչ չենք կարող ասել:

Չեմպիոնի տիտղոսը նվաճած չինացի մարմնամարզիկը նույնքան միավոր վաստակեց: Ի՞նչը մրցավարները չգնահատեցին Մամիկոնի վարժությունում: 

Չինացի մարմնամարզիկը հավասար գնահատական ստացավ, բայց մեր վարժությունն ավելի բարդ էր: Բարդություն հաշվող մրցավարներ կան, կան նաեւ մրցավարներ, որոնք սխալներն են հանում: Քանի որ Մամիկոնն ավելի շատ սխալներ էր արել, բայց վարժությունն ավելի բարդ էր, նրա եւ չինացու գնահատականը եկավ, հավասարվեց: Այս պարագայում մեր բարդությունն առաջնահերթ չհամարվեց, այլ մաքրությունը գնահատվեց: Չինացի մարզիկն առավելություն ստացավ մաքրության շնորհիվ:

Եթե լինեին նույն բարդության վարժություններ, երկուսը կլինեին ոսկե մեդալակիր:

Ես ասել էի, որ սպասում էի մեդալների: Բոլորս էլ հավատում էինք, որ այս տղաները պատրաստ են եւ ուժեղ են: Ոչ թե ես էի սպասում մեդալի, այլ մենք՝ բոլորս: Այս թիմում բոլորն իրենց ներդրումն ունեն՝ մարզիչները, մարզիկները, մենք բոլորս ենք հասնում արդյունքի:

Համլետ Մանուկյանին ի՞նչը պակասեց:

Համլետին չեմ կարող ասել՝ ինչը պակասեց: Շտապեց: Վերջում ոտքերը ծալեց: Չեմ ասում՝ լարվածությունը խանգարեց, բայց ես դա չեմ ընդունում: Որտեղ լինի, երբ լինի, տաք, թե ցուրտ, պետք է անեն այն, ինչ կարողանում են: Ուժեղ մարզիկը ոչնչին պետք է ուշադրություն չդարձնի՝ առաջինն է, վերջինն է: Նրանք պետք է լինեն վստահ եւ այդպես էլ կան: Իրենք տեսնում են, որ մենք էլ ենք վստահ: Նրանք ամեն ինչ պետք է հաղթահարեն:

Համլետին ոչինչ չի խանգարել: Ոչինչ, այսպես էլ է լինում։ Նրանք դեռ շատ երիտասարդ են, առաջին անգամ են մասնակցում: Նրանց առջեւ դեռ մոտ 15 տարի ժամանակ կա: Իրենք գիտեն, որ պատրաստ են: Ինքս չէի ասել նրանց այդ մասին, միայն ասել էի՝ արեք ձեր վարժություններն՝ ինչպես կարողանում եք, լավ կլինի: Մրցումից հետո հիմա նրանք հասկացան, որ իրենց պատրաստել ենք աշխարհի չեմպիոններ լինելու, առաջին-երկրորդ տեղեր գրավելու համար: Իրենք համոզվեցին, ես էլ գիտեի, որ նրանք կարող են, ինչին ենք տանում այս տղաներին: Անհամեստություն չլինի, բայց ակնկալում էի չեմպիոնություն:

Ի՞նչպիսին եղան արձագանքները եզրափակիչից հետո:

Մեծ արձագանքների արժանացանք, բոլորն էլ մոտեցան շնորհավորեցին, թուրքերը, ադրբեջանցիները եւս: Սա մեծ արդյունք է, մեծահասակների աշխարհի առաջնություն է: Շատ երկրներ կան, որ նույնիսկ եզրափակիչի մասնակից ունենալն է մեծ հաղթանակ նրանց համար: Մենք էլ շատ ուրախ ենք, արծաթե մեդալն իսկապես շատ լավ արդյունք է: Գոհ եմ իմ տղաներից:

Վստահ կարող եմ ասել, որ երկուսն էլ որակավորման փուլում ավելի վատ հանդես եկան, քան եզրափակիչում, մասնավորապես՝ Մամիկոն Խաչատրյանը: Ավելի լարված էին այնտեղ: Չեմ կարող հաշվել, թե Քաթարում հավաքների ժամանակ քանի անգամ էին իրենց վարժություններն արել՝ մոտ 40 անգամ երեւի: 

Ուզում եմ առանձնահատուկ նշել այսօրվա եզրափակիչում Արթուր Դավթյանի մեծ դերակատարումը: Ես նրան հանձնարարել էի մրցահարթակում աշխատել տղաների հետ: Արթուրի ներկայությունը շատ է օգնում տղաներին, նա իր խորհուրդներով, իր վստահությամբ շատ է աջակցում տղաներին: Ես տեսնում եմ, որ տղաները ոգեշնչվում են Արթուրից, փորձում լինել նրա պես պրոֆեսիոնալ: Քանի որ ես մրցավար եմ, մրցաշարերի ժամանակ իրավունք չունեմ թիմի հետ լինել, այդ հարցում բացի մեր մարզիչներից, թիմի հետ աշխատում է նաեւ Արթուրը, եւ արդյունքը այս տղաների փայլուն մրցելույթներն են: Աշխարհի առաջնությունում Արթուրն էլ շատ օգնեց, որ մեր տղաները հաղթահարեն լարվածությունը եւ լավագույնս հանդես գան:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.