09:05 21 սեպտեմբերի, 2025Ասես՝ առաջին անգամ եմ աշխարհի չեմպիոն կամ, առհասարակ, չեմպիոն դարձել: Այդպիսի զգացողություններ ունեմ: Այս տարին առանձնահատուկ է ինձ համար՝ երկու առաջնություններում էլ հաղթեցի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Զագրեբից ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
Խորվաթիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 77 կգ քաշայինների եզրափակիչում եզդի ըմբիշը 9:1 հաշվով պարտության մատնեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային: Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալն է նվաճում։
Մինչեւ օլիմպիական չեմպիոնին հաղթելը, Ամոյանը 4 հաղթական գոտեմարտ էր անցկացրել Զագրեբի մրցագորգում՝ Քամալ Բեյի (ԱՄՆ, 1/16 եզրափակիչ, 2:1), Մատեուս Բերնատեկի (Լեհաստան, 1/8 եզրափակիչ, 10:0), Ահմեդ Յիլմազի (Թուրքիա, քառորդ եզրափակիչ, 3:1) եւ Ալիրեզա Աբդեվալիի (Իրան, կիսաեզրափակիչ, 5:1): Եզրափակիչ գոտեմարտը ռեւանշ էր, քանի որ Ամոյանը նախորդ անգամ Կուսակային հանդիպել էր Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում եւ պարտվել էր 1:3 հաշվով:
Մալխաս, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ կապակցությամբ: Այս քաշային կարգում դու առաջին անգամ ես նվաճում աշխարհի առաջնության տիտղոսը: Ի՞նչ զգացողություններ ունես:
Զգացողություններս շատ տարբեր են ու մեծ: Անչափ ուրախ եմ այս հաղթանակի համար, ավելի շատ ուրախ եմ, թե ինչպես են բոլորն ուրախացել իմ հաղթանակով: Ասես՝ առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնայի եւ, առհասարակ, հաղթեի մրցաշարում: Այդպիսի տպավորություններ ունեմ: Ինձ համար շատ կարեւոր նվաճում էր, որովհետեւ այս քաշային կարգում միշտ բրոնզե մեդալակիր էի դառնում, չէր ստացվում, ինչ-որ բան խանգարում էր հասնել նպատակիս: Այս անգամ, փառք Աստծո, ամեն ինչ ստացվեց, ինձ հաջողվեց հոգեբաներոն տրամադրվել, լավ մարզավիճակ ձեռք բերել, ֆունկցիոնալ լիարժեք պատրաստ մոտենալ մրցաշարին: Ինձ այդ հարցում օգնեցին մեր հավաքականի մարզիչները, ընկերներս, թիմակիցներս: Իմ կողքին կանգնած մարդկանց շնորհիվ կարողացա այս ամենին հասնել:
Այս տարի չեմպիոնի կոչում նվաճեցիր նաեւ Եվրոպայի առաջնությունում: Օլիմպիական խաղերից հետո ի՞նչ փոխվեց:
Օլիմպիական խաղերից հետո այս տարի նպատակ ունեի՝ հաղթել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Նախկինում աշխարհի առաջնությունում այլ քաշային կարգում դարձա չեմպիոն, հաջորդ տարի նոր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցի: Չէր ստացվել այնպես, որ մեկ տարում երկու խոշոր մրցաշարում հաղթեմ: Ինձ համար այս տարին դրանով կառանձնանա:
Մինչեւ օլիմպիական չեմպիոնին հանդիպելը, 4 գոտեմարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես, ո՞ր հաղթանակը բարդ տրվեց:
Բարդ տվեց քառորդ եզրափակիչում թուրք մրցակցի նկատամբ հաղթանակը: Երեւի կառանձնացնեմ այդ գոտեմարտը: Թուրք ըմբիշը աշխարհի բրոնզե մեդալակիր էր, ուղղակի մեկ քաշային կարգ վերեւում: Ֆիզիկապես շատ ուժեղ էր: Նրա նկատմամբ հաղթանակը բարդ ստացվեց:
Մյուս գոտեմարտերն էլ էին շատ բարդ: Չեմ առանձնացնի մեկ ուրիշը: Օրինակ՝ մեկնարկում ԱՄՆ ներկայացուցիչի հետ էլ դժվար գոտեմարտ ստացվեց:
Կիսաեզրափակիչում իրանցի ըմբիշին հեշտ չհաղթեցի: Նա երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող էր, Ասիայի փոխչեմպիոն էր, որտեղ պարտվել էր վերջին վայրկյաններին: Իրանցուն չէի ճանաչում եւ զգույշ էի գոտեմարտում:
Հեշտ մրցակից չկա: Բոլորն էլ ինձ համար հավասար են:
Ի՞նչ կասես եզրափակիչ գոտեմարտիդ մասին: Ինչպե՞ս էիր տրամադրվել օլիմպիական չեմպիոնի դեմ պայքարին։ Նրան պարտվել էիր Փարիզի Օլիմպիական խաղերում:
Ինձ շատ չէի լարել: Հոգեբանորեն հավատում էի, որ կարող եմ նրան հաղթել: Մարզումների ընթացքում ինչի վրա աշխատել էինք, փորձում էի գորգում իրականացնել: Իմ նպատակն էր առանց լարվելու, ճիշտ գոտեմարտելով հասնել հաղթանակի: Ստացվեց:
Օլիմպիական չեմպիոնին հաղթելուց հետո ի՞նչ մտքեր էին պտտվում, կուզեի՞ր ժամանակը հետ տալ եւ Կուսակայի հետ լիներ Փարիզ-2024-ի եզրափակիչը:
Իսկապես մտածել եմ այդ պահին: Իրականում շատ կուզեի, բայց ուշ է այդ մասին մտածել: Այդ ժամանակ ես բրոնզե մեդալին էի արժանի: Կուսական Օլիմպիական խաղերին ավելի էր պատրաստ, քան ես եւ արժանի էր օլիմպիական ոսկուն: Ամեն ինչ իր ժամանակն ունի, այդպես եմ մտածում: Ինչպես արդեն ասացի, այս հաղթանակն ինձ համար շատ կարեւոր էր եւ այն նվիրում եմ եզդի եւ հայ ազգին, բոլոր նրանց ովքեր ուրախացել են իմ նվաճումով:
Արթուր Ալեքսանյանի ցավալի պարտությունը որքանո՞վ ազդեց քեզ վրա, ինչպե՞ս կարողացար հետո տրամադրվել եզրափակիչին:
Այդ պարտությունը բոլորիս վրա վատ ազդեցություն թողեց, ոչ միայն իմ, այլեւ ամբողջ թիմի: Արթուրը մեր թիմի ավագն է, հայկական սպորտի պատմության լեգենդար ըմբիշ: Երբ նա պարտվում է, կարծես՝ թիմի ողնաշարը կոտրվի: Շատ վատ հետք է թողնում բոլորիս վրա նրա պարտությունը, որովհետեւ բոլորս նրանից ենք օրինակ վերցնում, մոտիվացվում:
Եզրափակիչից առաջ հուսահատված էի, չէի սպասում, որ Արթուրը կարող է պարտվել: Ոչ մեկս չէր հավատում, որ կպարտվի այդ ըմբիշին: Եզրափակիչից առաջ ավելի կրկնապատկվեց հաղթելու ցանկությունս, որպեսզի թիմի ոգին բարձրացնեմ: Կարծում եմ՝ որոշ չափով ստացվեց:
Գոտեմարտերին շատ սառնասրտորեն էիր մոտենում, հույզերդ շատ զուսպ էին: Միայն եզրափակիչում չեմպիոնական շրջան կատարելիս արտահայտեցիր: Ինչո՞վ էր պայմանավորված:
Շատերն են ինձ ասել եւ ասում այդ մասին, որ սառնասիրտ եմ գորգի վրա: Երեւի պայմանավորված էր իմ գլխավոր նպատակով: Եկել էի այստեղ ոսկե մեդալ նվաճելու մեկ մեծ նպատակով: Ինձ երկրորդ, երրորդ տեղերը բացարձակ չէին հետաքրքրում: Երեւի այդ սառնասրտությունն ինձ օգնեց, որ հաղթեմ, հասնեմ մինչեւ վերջ ու նվաճեմ տիտղոսը:
Երկրորդ անգամ էիր կանգնում աշխարհի առաջնության պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Զգացողությունները տարբե՞ր էին, ի՞նչ ապրումներ ունեցար Զագրեբում:
Անկեղծ՝ անբացատրելի են զգացողությունները: Այդ պահին չեմ հասկանում, թե ինչ եմ զգում, բայց հետո երբ տեսնում եմ՝ ինչպես է մեր ժողովուրդն ուրախանում, բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստանում, աստիճանաբար սկսում եմ հասկանալ: Կարծում եմ՝ հասնեմ Հայաստան, այդ ժամանակ լիարժեք կզգամ ու կբացատրեմ զգացողություններս:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.