Էդուարդ Սպերցյան․ Կփորձենք վաղը բնավորություն ցույց տալ եւ լավ արդյունքի հասնել

13:48   5 սեպտեմբերի, 2025

Պորտուգալիան աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է: Կփորձենք վաղը բնավորություն ցույց տալ եւ լավ արդյունքի հասնել

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը:

«Ես չեմ ցանկանում խոսել «Կրասնոդարից» իմ հեռանալու մասին: Ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ:  Մենք պատրաստվում ենք վաղվա կարեւոր խաղին եւ կենտրոնացած եմ վաղվա դիմակայության վրա:

Թիմում շատ լավ մթնոլորտ է: Եղիշե Մելիքյանին ճանաչեցինք որպես մարզիչ: Գիտենք, որ նա խաղացել է հավաքականում, բայց որպես մարզիչ նոր ենք աշխատում նրա հետ: Բավականին խստապահանջ է: Վերջին 5 օրերին առավելագույն ուժ ենք ներդրել, որպեսզի լավ արդյունքի հասնենք: Հուսանք, նույնը կլինի նաեւ վաղվա խաղում:

Ֆիզիկապես շատ լավ մարզավիճակում եմ եւ կփորձեմ ամեն գնով օգնել հավաքականին այս կարեւոր խաղում:

Ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ ազգային հավաքական հրավիրվելը: Երբ գալիս եմ Հայաստան՝ անբացատրելի հույզեր եմ ապրում:

Բոլորս գիտենք, որ Պորտուգալիան աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է: Կփորձենք վաղը բնավորություն ցույց տալ դաշտում եւ լավ արդյունքի հասնել»,- ասաց Էդուարդ Սպերցյանը:

Ասուլիսի ընթացքում հարց հնչեց հանրահայտ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի մենահամերգից հետո «Հանրապետական» ստադիոնի խոտածածկի ներկայիս վիճակի մասին, բայց ՀՖՖ ներկայացուցիչները թույլ չտվեցին լրագրողին շարունակել հարցը՝ շրջանցելով թեման:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։    

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.