13:45 28 հուլիսի, 2025Ծանրամարտի Հայաստանի պատանիների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ռաֆիկ Դարմոյանը երկամարտի 273 կգ արդյունքով (121 +152 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրել է 116 և 121 կգ՝ այս վարժությունում արժանանալով արծաթե մեդալի: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 143, 147 և 152 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 3-րդ տեղն է զբաղեցրել:
63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նատալյա Սարգսյանը ևս դարձել է բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժությունում Սարգսյանը բարձրացրել է 77 և 81 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել է 97 կգ կշռող ծանրաձողը: ԵԱ-ի բրոնզե մեդալին նա արժանացել է երկամարտի 178 կգ արդյունքով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Դավիթ Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ հաջորդաբար բարձրացնելով 105, 110 և 113 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում Առաքելյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 130 ու 133 կգ կշռող ծանրաձողերը: Երկամարտի 246 կգ արդյունքով նա զբացեցրել է 4-րդ տեղը:
Հուլիսի 26-ին մրցահարթակ են դուրս եկել 65 կգ քաշային պատանիները: Հայաստանի հավաքականի կազմում Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրել է 112 և 116 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահել է 140 կգ-ն: Երկամարտի 256 կգ արդյունքով նա 6-րդ տեղն է զբաղեցրել:
Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում առաջինը մրցապայքարի մեջ են մտել 44 կգ քաշային աղջիկները: Հայաստանի հավաքականի անդամ Քրիստինե Բաբայանը երկամարտի 113 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 47 և 51 կգ, իսկ հրում վարժությունում՝ 57 կգ ու 62 կգ կշռող ծանրաձողերը:
Հուլիսի 29-ին Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգա 77 կգ քաշային Մերի Աղալարյանը, հուլիսի 30-ին՝ +77 կգ քաշային Նարե Առաքելյանը, 79 կգ քաշային Կարապետ Կարապետյանը, 88 կգ քաշային Ալեն Զուրաբյանը և Հայկ Հարությունյանը: Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 31-ին, մրցահարթակ դուրս կգան 94 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը և +94 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.