Daily Mail. Մինչ Գվարդիոլան մտածում է, Աբրամովիչը քննարկում է Կլոպի եւ Մոուրինյոյի տարբերակները

14:16   8 դեկտեմբերի, 2012

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի գործակալները շարունակում են բանակցել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։ Բրիտանական Daily Mail-ը բացառիկ տվյալներ է ներկայացնում «Չելսիի» եւ Գվարդիոլայի բանակցությունների վերաբերյալ։ Աբրամովիչը պահեստային տարբերակ է փնտրում թիմի նորանշանակ իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի անհաջողության եւ պաշտոնանկության դեպքում։

Գվարդիոլան գիտի, որ «Չելսին» ինը տարում ութ մարզիչի է փոխել եւ այդ փաստը ստիպում է իսպանացի մասնագետին զգուշանալ Աբրամովիչի առաջարկներից եւ թերահավատորեն մոտենալ «Չելսիի» հետ համագործակցելու տարբերակին։ Գվարդիոլան կցանկանար լիովին կառավարել ակումբի աշխատանքը՝ թույլ չտալով Աբրամովիչին միջամտել իր գործերին։ Սակայն դա անընդունելի է անգլիական ակումբի ռուս սեփականատիրոջ համար։

Ռոման Աբրամովիչը դիտարկում է նաեւ լրացուցիչ տարբերակներ։ Հավանական թեկնածուներից է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Հայտնի է դարձել, որ Աբրամովիչը հիացած է գերմանացու աշխատանքից եւ իր գործակալներին հանձնարարել է բանակցություններ սկսել մասնագետի հետ։ Նույն կերպ, Աբրամովիչը մտադիր է բանակցել նաեւ Ժոզե Մոուրինյոյի հետ, որը հնարավոր է հեռանա Մադրիդի «Ռեալից» 2013թ. ամռանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.