Վարազդատ Հարոյան․ Մարզիչը պետք է փորձի այլ ելք գտնել

09:03   10 հունիսի, 2025

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Չեռնոգորիայի հետ 2:2 հաշվով ոչ ոքի խաղից հետո Նիկշիչ քաղաքում մեկնաբանել է դիմակայությունը եւ արդյունքը:

«Մարտական ոչ ոքի էր, կարող եմ ասել: Ես ուրախ եմ, որ թիմում այսօր կար հավատ: Ես ինքս տեսա, դա իմ կարծիքն է, այսօր կար հավատ, աշխատանք, որը շատ կարեւոր է մեր թիմի համար: Մենք միայն մեր հավատով, հայրենասիրությամբ եւ աշխատանքով կարող ենք հաջողության հասնել:

Վերջում երկու պահ ունեինք, կարող էինք նաեւ հաղթել: Իրենք երկու պահ ունեին, երկուսն էլ օգտագործեցին:

Արագ գոլ բաց թողեցինք, սկզբնամասում կենտրոնացվածության խնդիր կար: Կրկնեմ՝ թիմը հավատում էր եւ աշխատում էր մինչեւ վերջ:

Նոր մարզիչի ուզած ֆուտբոլը ունենալու համար ժամանակ է պետք, որը մենք չունենք: Այն, ինչ նա պետք է քաղեր, այս երկու ընկերական խաղերից պետք է քաղեր: Ամեն ինչ շատ արագ է, սեպտեմբերից արդեն յուրաքանչյուր սխալ մեզ համար կարժենա միավորի կորուստ: Ժամանակի խնդիր է, չունենք այդ ժամանակը: Մարզիչը պետք է ուրիշ մտքեր կոմպեսացնի եւ փորձի այլ ելք գտնել:

Ես մեկ անգամ ասել եմ, որ Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի հետ եւ առանց Մխիթարյանի տարբեր թիմեր են: Հիմա նույնը կասեմ Էդուարդ Սպերցյանի մասին: Նա թոփ ֆուտբոլիստ է : Վստահ եմ, որ շուտով իր շանսը կստանա եւ կապացուցի, որ աշխարհի թոփ ֆուտբոլիստներից ոչ մեկին չի զիջում:

Վերադառնալով այսօրվա խաղին՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ավելի լավ կլիներ հաղթանակը: Կարող էինք երրորդ գոլն էլ խփել, քանի որ վերջին հատվածում մենք ավելի լավն էինք:

Չեռնոգորիայի հավաքականը վատ թիմը չի: Կոսովոյից կրած պարտությունից հետո դրական արդյունք  է ոչ ոքին: Հոգեբանական առումով ընտրական պայքարից առաջ սա լավ էր, որովհտետեւ մենք տեսանք, որ կարող ենք: Խաղից առաջ տղերքին ասացի, որ մենք մենակ հավատով եւ աշխատանքով կարող ենք հասնել հաղթանակի»,- ասաց Վարազդատ Հարոյանը:

Նախորդ ընկերական խաղում Հայաստանի թիմը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյի հավաքականին։

Լուսինե Շահբազյան՝ Նիկշիչից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.