Ջոն վան'տ Սխիպ․ Կարեւոր է տեսնել, որ թիմը առաջխաղացում գրանցեց նախորդ խաղի համեմատ

00:32   10 հունիսի, 2025

Հավասար խաղ էր, բայց մենք ավելի շատ պահեր ունեինք: Ես հասկանում եմ, որ արդյունքը կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է տեսնել, որ թիմը առաջխաղացում գրանցեց նախորդ խաղի համեմատ:

Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Ջոն վան'տ Սխիպը:

Արտագնա ընկերական խաղում Հայաստանի թիմը 2:2 հաշվով ոչ ոքի է խաղացել Չեռնոգորիայի հավաքականի հետ։

«Կարծում եմ մենք կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը: Մասնավորապես մեծ դեր ունեցան վինգերները, որոնք ավելի բարձրից էին դիմավորում մրցակիցներին եւ հնարավորություն տալիս հետեւի խաղացողներին մի փոքր շունչ քաշել: Շատ արագ բացեցինք հաշիվը, հետո գնդակ բաց թողեցինք, խաղը շարունակվեց տատանողական ձեւի: Հավասար խաղ էր: Կարող եմ ասել միայն, որ մենք ավելի շատ պահեր ունեինք: Ես հասկանում եմ, որ արդյունքը կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է տեսնել, որ թիմը առաջխաղացում գրանցեց նախորդ խաղի համեմատ:

Դանիել Աղբալյանն իր նորամուտը նշեց հավաքականում եւ առաջին հանդիպումն անցկացրեց: Լավ կգնահատեմ նրա խաղը: Երկու դիրքում խաղաց, երկուն էլ լավ կատարեց: Հույս ունեմ, հետագայում նա դեռ կաճի եւ հավաքականի եւ ինձ համար կդառնա կարեւոր խաղացող:

Այսօր տեսանք, որ Վարազդատ Հարոյանը շատ ավելի լավ խաղաց, քան վերջին շրջանում խաղում է  «Փյունիկում»: Պաշտպանությունը շատ կարեւոր դիրք է եւ բոլորը պետք է մի քայլ առաջ կատարեն որպեսզի պաշտանության դիրքում կարողանան խաղալ:

Դեռ երեք ամիս ունենք մինչեւ առաջին պաշտոնական հանդիպումը: Այս պահին չենք կարող դատողություններ անել, թե ովքեր կընդգրվեն հաջորդ հավաքին: Ֆուտբոլիստներն էլ պետք է իրենց ակումբերում իրենց դրսեւորեն, որպեսզի մեզ համար պարզ լինի»,- ասաց Ջոն վան'տ Սխիպը:

Նախորդ խաղում Հայաստանի հավաքականը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյին։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.