Տրեզեգե․ «Յուվենտուսի» մուտքը Հայաստան մեծ հույս է տալիս, որ այստեղ կզարգանա շատ կայուն ֆուտբոլ

23:50   29 մայիսի, 2025

Ապագայում «Յուվենտուս-Արմենիա» ակադեմիայի ազդեցությունը կտեսնենք ֆուտբոլի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների վրա. պետք է ի հայտ գան նոր Մխիթարյաններ, որի պոտենցիալը մեր ազգն ունի: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք վերադարձնել հայկական ֆուտբոլի երբեմնի փառքը:

Այսպես «Յուվենտուս-Արմենիա» ֆուտբոլային ակադեմիաների հիմնումը Հայաստանում մեկնաբանեց ակադեմիաների հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդար ֆուտբոլիստ, ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեի մասնակցությամբ մայիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ «Յուվենտուս-Արմենիա» ֆուտբոլային ակադեմիաների շնորհանդեսը:

Փակ միջոցառմանը ներկա էին «Յուվենտուսի» միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, սպորտի ներկայացուցիչներ: 

Շնորհանդեսին ներկայացվեց Հայաստանում բացվող «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիաների նախագծերը, ենթակառուցվածքները, նախատեսվող մեծ մարզադաշտը: Ցուցադրվեցին Երեւանում նախատեսվող երկու մեծ մարզաբազաների մակետները, որոնք կառուցվելու են «Ավան» ակադեմիայի հարեւանությամբ եւ «Հրազդան» ստադիոնի հարեւանությամբ:

Լեգենդար ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն շնորհանդեսին ժամանել էր տիկնոջ հետ: Նրան ներկայացնելուց առաջ դահլիճի հյուրերին ցուցադրեցին Տրեզեգեի մասին պատմող ֆիլմ, ապա կարճ հոլովակ նրա երեւանյան երկօրյա այցի մասին:

Դավիդ Տրեզեգեն հիացած է հայաստանյան ընդունելությունից եւ հույս ունի, որ ակադեմիան կնպաստի կայուն ֆուտբոլի զարգացմանը:

«Երկու օր Երեւանում գտնվելուց հետո վստահ կարող եմ ասել, որ այս երկիրն իրենից ներկայացնում է դինամիկ մի երեւույթ, որը հարուստ է մշակույթով, պատմությամբ եւ ներուժով նաեւ ֆուտբոլի առումով: Երեկ հնարավորություն ունեցա հայ երեխաների հետ ֆուտբոլ խաղալ եւ նրանց աչքերում նկատեցի կրակ, որը նրանց անպայման կդարձնի ֆուտբոլիստ: Այս երեխաները բոլորիս աջակցության կարիքն ունեն: Հայաստանում «Յուվենտուս» ակադեմիայի հիմնադրումը շատ կարեւոր իրադարձություն է: «Յուվենտուսի» մուտքը Հայաստան մեծ հույս է տալիս, որ այստեղ կզարգանա շատ կայուն ֆուտբոլ, որը հիմնված կլինի նոր մեթոդների եւ որակապես նոր մակարդակի վրա: Այս նախագիծը հիմնված է «Յուվենտուս» ակադեմիայի ամենալայն սկզբունքների վրա: Մեր հիմնական նպատակն է սպորտային մշակույթի զարգացումը:

Իմ եւ ակումբի անունից շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իրականություն դարձրին այս գաղափարը»,- ասաց Դավիդ Տրեզեգեն:

«Յուվենտուս-Արմենիա» մարզաբազայի եւ ակադեմիաների շինարարության ավարտը նախատեսված է 2026 թ. ամռանը: Ակադեմիաների հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը հույս ունի, որ ակադեմիաները հայկական ֆուտբոլին նոր Հենրիխ Մխիթարյաններ կտան:

«Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնումը սպորտի ոլորտում նախադեպը չունեցող նախագիծ է: Երկու տարիների ընթացքում մեր թիմով արել ենք անհնարինը  այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան բաղկացած է լինելու 2000 սաների համար նախատեսված 3 մարզաբազաներից, որոնցից 2-ը տեղակայված կլինեն մայրաքաղաքում, երրորդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում: Ակադեմիաներն ունենալու են միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ, այդ թվում տարբեր չափերի բնական, արհեստական խոտածածկերով մարզադաշտեր՝ գիշերային լուսավորությամբ: Ակադեմիան գործելու է վճարովի եւ անվճար հիմունքներով: Կախված առաջադիմությունից եւ գրանցած արդյունքներից, ակադեմիա հաճախող վճարովի եւ անվճար սաների ցանկը փոփոխվելու է: Մեր ակադեմիայի եվրոպացի տեխնիկական տնօրենի եւ եվրոպացի մասնագետների կողմից սելեկցիա անցած երեխաների համար ակադեմիա հաճախումը լինելու է անվճար՝ մեր ընկերության հաշվին:

Ակադեմիային կից կգործի հյուրանոց-կացարան, որը նախատեսված է լինելու մարզերում ապրող երեխաների համար, որոնք կընտրվեն մարզիչների կողմից:

«Յուվենտուսի» ղեկավարության հետ ունենք պայմանավորվածություն, որ ամեն տարի մեր ակադեմիայի լավագույն սաները մարզումներ են ունենալու Թուրինում՝  «Յուվենտուսի» ակադեմիայում, նաեւ կանցկացնեն ընկերական խաղեր: Առավել ակտիվ եւ լավ արդյունքներ ցուցադրող սաները կընտրվեն «Յուվենտուսի» կողմից եւ կմնան Իտալիայում:

 Ակադեմիաները ներառում են նաեւ ՈւԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, մասնագիտացված սպորտային բժշկական եւ վերականգնողական կենտրոն, որտեղ ֆուտբոլիստներից բացի հաճախելու են նաեւ ըմբիշները, ծանրորդները, հեծանվորդները եւ այլն:

Երեւանում կկառուցվի ֆուտբոլային-սպորտային ենթակառուցվածքներով առաջին հյուրանոցը:

Ակադեմիաների, ֆուտբոլային դաշտերի, մարզաբազաների շինարարությունները կավարտվեն հաջորդ տարի: Ակադեմիան իր սաների առաջ դռները կբացի 2026 թ. օգոստոսից, սաների նախագրանցումը կսկսվի 2026 թ. գարնանը:

Վստահեցնում եմ, որ այս ծրագրի իրականացումը նոր դռներ կբացի հայ երեխաների երազանքներն իրականացնելու, այդ թվում, դեպի եվրոպական գրանդ ակումբներ տեղափոխվելու համար: Ապագայում ակադեմիայի սաները կսկսեն համալրել նաեւ հայկական ակումբների շարքերը: Անկասկած մենք կսկսենք տեսնել ակադեմիայի ազդեցությունը մեր ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականների վրա եւս: Պետք է ի հայտ գան նոր Մխիթարյաններ, որի պոտենցիալը ունի մեր ազգը: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք վերադարձնել հայկական ֆուտբոլի երբեմնի փառքը»,- ասաց Ալֆրեդ Սադոյանը:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիաների հիմնադիրի խոսքերից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը գտավ, որ երկար բացատրելու կարիք չկա, թե ինչու է իտալական ակումբի ակադեմիաների հիմնումը կարեւոր հայկական ֆուտբոլի համար:

«Ֆուտբոլի պատմության ուժեղագույն ակումբներից մեկի մուտքը Հայաստան մեզ լուրջ առաջընթաց է խոստանում: Մեզ համար անչափ ուրախալի է, որ վերջին տարիներին ակումբային ֆուտբոլում իրականցվող հիմնային փոփոխությունները, որոնցից կարեւորն այս դաշտի ազատականացումն է եւ համակարգումը, նման նախագծեր է բերում Հայաստան: Ամենակարեւորն այն է, որ այսօրինակ նախագծերը պայմանավորված են նաեւ ենթակառուցվածքներով: Մեր նման երկրներում սա ֆուտբոլի զարգացման նախապայմաններից մեկն է: Անչափ կարեւորում եմ այն փաստը, որ ակադեմիաներից մեկը նախատեսվում է հիմնել մարզում: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը մեծ հաջողություն կբերի հայաստանյան ֆուտբոլին»,- նշեց Արմեն Մելիքբեկյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.