Արթուր Դավթյան․ Եվրոպայի առաջնությունում գերնպատակս ոսկե մեդալ նվաճելն է

17:02   22 մայիսի, 2025

Գերմանիայում դահլիճային պայմանները շատ լավն են: Ես, թիմը նույնպես լավ մարզավիճակում ենք, բոլորս գերազանց մարզումներ ենք ունեցել այստեղ: Եվրոպայի առաջնությունում գերնպատակս ոսկե մեդալ նվաճելն է: Ամենակարեւորն այն է, որ ես իմ ցատկերը կարողանամ անել այնպես, ինչպես անում եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բեռլինից ասաց Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը:

Օլիմպիական փոխչեմպիոնը Հայաստանի հավաքականի հետ այս օրերին վերջին մարզումներն է անցկացնում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից առաջ: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը մայիսի 12-ից Գերմանիայի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցնում Բեռլինում, որտեղից մայիսի 23-ին թիմը կմեկնի Լայպցիգ:

«Գերմանիայի թիմի հետ համատեղ հավաքը հետաքրքիր է անցնում: Ամեն ինչ այնպես էր, ինչպես ծրագրել էինք: Դահլիճային պայմաններն այստեղ շատ լավն են: Ես, թիմը նույնպես լավ մարզավիճակում ենք, բոլորս գերազանց մարզումներ ենք ունեցել այստեղ:

Եվրոպայի առաջնությունից սպասելիքներ ունենք: Մեր ամբողջ թիմից ակնկալիքներ կան: Մեր ուժերը փորձելու ենք թիմային պայքարում: Սա փորձնական է լինելու 2027 թ. Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների համար: Ուզում ենք թիմ պատրաստել: Քանի որ սա փորձնական է լինելու, վստահ չեմ կարող ասել, որ բոլորս շատ լուրջ պատրաստվել ենք թիմային աշխատանքին: Կփորձենք միավոր վաստակել մեր ուժեղ գործիքների վրա, հետո մեր ուժերը կփորձենք մյուս գործիքների վրա, որոնցում այդքան էլ ուժեղ չենք:

Հենացատկի վարժությունում գերնպատակս ոսկե մեդալ նվաճելն է: Ամենակարեւորն այն է, որ ես իմ ցատկերը կարողանամ անել այնպես, ինչպես անում եմ:

Օլիմպիական խաղերից հետո եւս մեկ փոփոխություն եղավ հենացատկում. ցատկելիս, երբ կանգնում ես ու քայլ չես անում, 1 տասնորդական միավոր ավել են գնահատում: Աշխատում եմ այս ուղղությամբ, փորձում եմ այնպես անել, որ քայլ չանեմ: 1 տասնորդական միավորը երկու ցատկերի հանրագումարում էլ կարող է շատ բան փոխել»,- ասաց Արթուր Դավթյանը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 26-ից 31-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.