Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ․ Մենք Հայաստան ենք բերել 50 երկրի թիմ

16:02   6 մայիսի, 2025

Մենք Հայաստան ենք բերել 50 երկրի թիմ: Երջանիկ ենք, որ այստեղ ենք եւ ունենք իշխանությունների աջակցությունը: Ուրախ ենք, որ Հայաստանը հնարավորություն է ունեցել պատմության մեջ առաջին անգամ անցկացնել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություն:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, որ այս օրերին Երեւանում է:

Մայիսի 7-11-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: 

 «Ուրախ եմ Հայաստանում լինելու համար: Շնորհակալ եմ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին մեզ եւ առաջնության մասնակից բոլոր պատվիրակություններին բարձր մակարդակով հյուրընկալելու համար:

Շնորհակալություն այն քաջության համար, որ ցուցաբերել եք՝ առաջնությունն ընդունելով: Կարատեի ոլորտում շատ ենք գնահատում այսպիսի վերածնվող առաջնորդներին։ Մեզ անհրաժեշտ են այսպիսի երիտասարդները, որոնք ունեն բավարար եռանդ, քաջություն եւ վճռականություն նման մեծ մարզական իրադարձություն կազմակերպելու համար։ Եվրոպայի առաջնությունը Հայաստանում իսկապես մեծ իրադարձություն է: Մասնակից մարզիկների թիվը ավելի մեծ է։ Այստեղ ենք բերել Եվրոպայի 50 երկրի թիմ։ Կարատեն համընդհանուր մարզաձեւ է։ Ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այն ցույց է տալիս կարատեի համընդհանրությունը։

Հայաստանը եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամ է: Մեր բոլոր անդամները ոչ միայն իրավունք ունեն, այլեւ պատասխանատու են մեր կողմից կազմակերպած միջոցառումների տարածման եւ աջակցման համար։ Ամեն տարի ունենում ենք երկու աշխարհի եւ երկու Եվրոպայի առաջնություններ։ Կարեւոր է, որ յուրաքանչյուր երկիր ունենա անհրաժեշտ վճռականություն եւ ինստիտուցիոնալ աջակցություն այսպիսի առաջնություններ կազմակերպելու համար։ Եվրոպայի առաջնության կազմակերպման պատասխանատվությունը վերապահված է Կոնգրեսին, որն էլ որոշում է, թե որտեղ են անցկացվելու հաջորդ մրցաշարերը: Որոշակի պայմաններ պետք է բավարարեն հայտ ներկայացնող երկրին մրցաշարը վստահելու համար: Հայաստանի կարատեի ֆեդերացիան մեր պայմաններին լիարժեք համապատասխանում էր։ Մեծ դեր ունեցավ նաեւ ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի անձնական նախաձեռնությունն ու վճռականությունը, ինչպես նաեւ պետական աջակցությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանը աջակցության համար: Մեզ անհրաժեշտ է իշխանությունների աջակցությունը, եւ այն մենք այստեղ ունենք:

Մենք իսկապես երջանիկ ենք, որ Հայաստանում ենք եւ ձեր երկիրը հնարավորություն է ունեցել պատմության մեջ առաջին անգամ կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունն ընդունել: Հայաստանի մասին միշտ դրականն եմ լսել: Հուսամ՝ բոլորս միասին կվայելենք Երեւանն այս օրերին»,- ասաց Անտոնիո Էսպինոսը:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցի նաեւ Թուրքիան, որի 73 հոգանոց պատվիրակությունն արդեն ժամանել է Երեւան: Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել, չնայած Հայաստանի ֆեդերացիան համաձայնել է ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.