Հակոբ Սերոբյան. Համլետ Մանուկյանի հաղթանակներում մեծ դերակատարում ունի Արթուր Դավթյանը

09:03   30 ապրիլի, 2025

Համլետ Մանուկյանը բոլորիս անակնկալի բերեց իր փայլուն հաղթանակներով: Ինձ համար անսպասելի էր, որ կդառնա գավաթակիր, որովհետեւ սպասելիքներս միայն Արթուր Դավթյանից էին: Աշխարհի գավաթի փուլերում մեր արդյունքներն իմ ծրագրածից ավելի լավ ստացվեցին, ինչի համար շատ ուրախ եմ: Համլետ Մանուկյանը ոչ միայն իրավունք ստացավ մասնակցելու մեծահասակների աշխարհի առաջնությանը, այլ նաեւ մեծ հրավեր ունի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականը 13 մեդալով ավարտեց պայքարը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը նախորդ գիշեր Երեւան է վերադարձել 9 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով: Աշխարհի գավաթի քառակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը եւ եռակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը աշխարհի գավաթակիրներ են:

Պարոն Սերոբյան, շնորհավում եմ աշխարհի գավաթի փուլերում տպավորիչ հաղթանակների եւ 13 մեդալի կապակցությամբ: Ինչպե՞ս եք գնահատում թիմի մասնակցությունն ու արդյունքները 5 փուլերում:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Մեր սպասելիքներն արդարացվեցին: Այն, ինչ պլանավորել էի, ավելի լավ ստացվեց: Սպասում էինք, որ միայն Արթուր Դավթյանը կդառնա գավաթակիր: Համլետ Մանուկյանի հետ փորձարկումներ էինք անում, օղակներում մեր հնարավորությունները գիտեինք: Գավաթակիր դառնալու ամենամեծ հնարավորությունն Արթուր Դավթյանինն էր, բայց Համլետ Մանուկյանը բոլորիս անակնկալի բերեց իր փայլուն հաղթանակներով: Ինձ համար էլ էր անսպասելի, որ Համլետ Մանուկյանը երեք փուլ անընդմեջ կդառնա ոսկե մեդալակիր եւ վերջում կդառնա գավաթակիր: Ստացվում է, որ իմ ծրագրածից ավելի լավ ստացվեցին մեր արդյունքները, ինչի համար շատ գոհ եմ:

Աշխարհի գավաթի փուլերը 6-ն էին, որից մասնակցեցիք 5-ին: Համլետ Մանուկյանը երեք ոսկե մեդալների արդյունքում դարձավ գավաթակիր: Ինչպե՞ս ստացվեց:

Համլետը հաղթեց միավորներով: 6 փուլերից 4-ի լավագույն արդյունքներով են հաշվում միավորները: Այնպես ստացվեց, որ նա մասնակցեց 4-ին եւ այս պայքարում գերազանցեց նժույգ թափեր վարժության օլիմպիական փոխչեմպիոն ղազախ մարմնամարզիկին: Արթուր Դավթյանը 4 ոսկե մեդալով 6 փուլերի հանրագումարում ամենաբարձր միավորներով դարձավ գավաթակիր:

Այս միավորներով մարմնամարզիկները աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ստացա՞ն:

Մեր բոլոր մեդալակիրներն իրավունք ձեռք բերեցին մասնակցելու աշխարհի առաջնությանը: 3 անգամ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալն արդեն իրավունք է տալիս մասնակցել աշխարհի առաջնությանը: Համլետ Մանուկյանը ոչ միայն իրավունք ստացավ մասնակցել մեծահասակների աշխարհի առաջնությանը, այլ նաեւ մեծ հրավեր ունի: Բոլորը ցանկանում են նրան տեսնել մեծերի աշխարհի առաջնության պայքարում: Համլետին շատ են երկրպագում: Կահիրեում միջազգային ֆեդերացիայի լրագրող-մեկնաբանները, Արթուր Դավթյանի եւ Համլետ Մանուկյանի անունը լսելիս ոտքի կանգնեցին: Այդ պահը որսացի, երբ զուգահեռ նաեւ մեկնաբանում էին: Համլետ Մանուկյանից շատ տպավորված են:

Կահիերում Ձեր գլխավորած թիմը 3 ոսկե մեդալ նվաճեց: Ինչպիսի՞ն էր մրցակցությունը:

Անկեղծ կլինեմ՝ Կահիրեի աշխարհի գավաթի փուլը մեկ տոկոսով էր զիջում մեծահասակների աշխարհի առաջնությանը: Նժույգ թափերում շատ մեծ մրցակցություն կար, շատ ուժեղ մարմնամարզիկներ էին մասնակցում, միավորները շատ բարձր էին, միմյանց մոտ. իրար հետեւից գնում էին: Այդ պայքարում Համլետն ամենաբարձր միավրոներն ստացավ: Շատ ուրախ եմ այդ առիթով:

Համլետ Մանուկյանի եզրափակիչին հետեւում էիք տրիբունայից եւ սովորականից ավելի լարված էիք: Ինչո՞վ էր պայմանավորված:

Համլետը երիտասարդ է, թոռնիկս է (ծիծաղում է): Լարված էի այն մտքից, թե ինչպես նա կդիմանա նյարդերի պայքարին: Եզրափակիչում մեկնարկի դուրս եկավ 7-րդը ու մեծերի հետ պայքարում մինչեւ իր մասնակցությունը տեսավ շատ բարձր միավորներ, որոնք իր, բոլորիս համար անհասանելի էին թվում: Մտածում էի՝ կարո՞ղ է, թե՞ ոչ, կդիմանա՞ այդ լարվածությանը եւ միավորները տեսնելուց հետո կկարողանա՞ անել իր վարժությունը մաքուր: Համլետը փոքր է ու դիմացավ: Օլիմպիական փոխչեմպիոն ղազախ մարմնամարզիկը, երբ տեսնում է իրենից առաջ բարձր միավորներ են լինում, լարվածությունից այլեւս չի կարողանում վարժությունն անել: Կահիրեում էլ այդպես եղավ, չարեց:  Համլետի հաղթանակներում մեծ դերակատարում ունի Արթուր Դավթյանը: Նա Համլետի կողքն է, շատ է աջակցում, իր ներկայությամբ արդեն վստահություն է տալիս: Ես տրիբունայից էի հետեւում, որպեսզի կարողանայի հուշել: Ներքեւում չէի կարող, իրավունք չունեմ, կորակազրկեն:

Վահագն Դավթյանը Դոհայում արծաթե մեդալակիր դարձավ, Կահիրեում 7-րդն էր: Ի՞նչը չբավականացրեց:

Այս տեմպին, իրար հաջորդող մրցաշարերին չկարողացավ դիմանալ: Մյուս աշխարհի գավաթներին այսպես չի գա: Վահագնը տարիքով մեծ է, ունի աշխատանք սպորտից դուրս, համատեղում է: Այս ծանրաբեռնվածությանը չի դիմանում: Այդքան չվերթները, իրար հաջորդող մարզումներն ու մրցաշարերը շատ ծանր էին բոլորիս համար: Վահագն Դավթյանի պարագայում հասկանալի է, 37 տարեկան է, դժվար է:

Արթուր Ավետիսյանի ոսկե մեդալը սպասվա՞ծ էր:

Ինձ շատ ուրախացրեց նաեւ Արթուր Ավետիսյանի ոսկե մեդալը: Իսկապես, շատ սպասված հաղթանակ էր, մեդալ: Նրան շատ պետք էր այս մեդալը: Նա շատ լավ մարզիկ է, իր կատարումները գեղեցիկ են, մաքուր: Արդեն պետք էր, որ նա վերջապես ոսկե մեդալ նվաճի: Արժանի հաղթանակ էր: Այժմ այդպիսի լավ մասնակցություն սպասում եմ Եվրոպայի առաջնությունում: 

Մամիկոն Խաչատրյանն ուժերը փորձեց միայն երկու փուլում: Գո՞հ եք նրա մասնակցությունից:

Մամիկոնն անում է, լիարժեք տիրապետում է իր վարժությանը, ուղղակի կատարման մեջ թերություններ ունի, որոնց վրա պետք է աշխատենք: Մարզումներին մի քիչ կծկվում է, բայց չի վախենում: Գագիկ Խաչիկյանը մրցահարթակում չի կարողանում իր վախը հաղթահարել: Մարզումներին շատ լավ անում է, մրցահարթակում ոչինչ չի անում: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը: Նա ոչ մի մրցման չի արել այն, ինչ կարողանում է: Ես Գագիկի հնարավորությունները լավ գիտեմ: Ունի, բայց չի անում:

Փարիզի Օլիմպիական խաղերից հետո Արթուր Դավթյանի ցատկերում ի՞նչ փոփոխություն եք տեսնում:

Վստահություն եմ տեսնում: Այստեղ, իհարկե, գործիքները մեծ կապ ունեն, բայց ավելի վստահ է ցատկում, ավելի կատարելագործված է, առաջ է գնացել: Օլիմպիական խաղերից հետո Արթուրը ցատկերն ավելի լավ է անում: Կանոնադրություն է փոխվել, երբ ցատկելիս քայլ չեն անում, 1.00 ավել են գնահատում: Արթուրն ուզում է օգտվել այդ հնարավորությունից եւ քայլ չանել: Աշխարհի գավաթի փուլերում մի քանի անգամ ստացվեց եւ շատ բարձր միավորներ ստացավ: Արթուրը Կոտբուսի առաջին փուլում շատ լավ մասնակցեց՝ 14.900, որն առաջվա 15.300 միավորն է: Այժմ 4.00 իջեցրել են բոլոր ցատկերը: Աշխարհում այս նոր կանոնադրությամբ դեռ ոչ մեկ 14.900 միավոր չի վաստակել երկու ցատկերի արդյունքում:

Եվրոպայի առաջնությանը մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել: Ովքե՞ր են մասնակցելու եւ ի՞նչ ծրագրով կպատրաստվեք:

Եվրոպայի առաջնության կազմն արդեն որոշված է: 6 մարմնամարզիկով ենք մասնակցելու՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան եւ Գագիկ Խաչիկյան: Առաջնությանը կպատրաստվենք Գերմանիայում՝ Բեռլինում, որտեղ մայիսի 12-ից համատեղ հավաք ենք անցնելու իրենց հավաքականի հետ: Բեռլինից կմեկնենք Լայպցիգ, որտեղ էլ մայիսի 26-31-ը կանցկավի Եվրոպայի առաջնությունը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.