08:52 23 ապրիլի, 2025Հույզերով լի առաջնություն ստացվեց: Չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ բուռն էին, քանի որ նախորդ 2-3 մրցաշարերում ինչ-որ բան խանգարում էր, որ մեդալով վերադառնամ: Քրտնաջան մարզումների շնորհիվ հասա գերազանց մարզավիճակիս եւ կարողացա ոսկե մեդալ նվաճել:
Այս մասին «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Գարիկ Կարապետյանը, որն այս գիշեր Հայաստանի թիմի հետ Քիշնեւից վերադարձել է հայրենիք:
Ապրիլի 14-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 411 կգ արդյունքով երկրորդ անգամ հռչակվեց չեմպիոն (185 + 226): Առանձին վարժություններում Կարապետյանը նվաճեց նաեւ երկու փոքր ոսկե մեդալները:
«Աշխարհի առաջնությունում ստացած վնասվածքիցս հետո շատ դժվարություններ ունեցա: Մարզվելու համար շատ քիչ ժամանակ ունեի: Երկու հավաքի եմ մասնակցել, երկու ամիս ժամանակ եմ ունեցել մարզվելու համար: Քրտնաջան մարզումների շնորհիվ հասա գերազանց վիճակիս եւ կարողացա ոսկե մեդալով վերադառնալ Հայաստան:
Չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ բուռն էին, որովհետեւ նախորդ 2-3 մրցաշարերից պետք է մեդալով վերադառնայի, բայց ինչ-որ բան խանգարում էր: Այս անգամ ստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում: Մրցակցությունը շատ թեժ էր, ամեն ինչ լավ էր: Հույզերով լի առաջնություն ստացվեց»,- ասել է Գարիկ Կարապետյանը:
Գարիկ Կարապետյանն առաջին անգամ տիտղոսը նվաճել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ երկամարտի 392 կգ արդյունքով սահմանել է երեք ռեկորդ (178+214):
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.