Եվրոպայի չեմպիոններին եւ մեդալակիրներին մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոցում» (ֆոտո, վիդեո)

08:09   23 ապրիլի, 2025

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններին, մեդալակիրներին, Հայաստանի կանանց եւ տղամարդկանց թիմերին: Ծանրորդները Երեւան ժամանեցին Քիշնեւ-Վիենա-Երեւան  չվերթով կեսգիշերն անց 03:45-ին: 

Չեմպիոններին եւ մեդալակիներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ, Եվրոպայի չեմպիոն, արդեն նախկին ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը,   Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր նախագահ, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ծանրորդների ծնողները, ընկերներ, երկրպագուներ:

«Զվարթնոցի» օդանավակայանում հավաքված երկրպագուների մեծ մասը դրոշներով, ծաղկեփնջերով, փուչիկներով եւ պաստառներով սպասում էին կանանց հավաքականի անդամներին, մեդալակիրներին:

Ծանրորդներին սպասասրահում դիմավորեցին առանց զուռնա-դհոլի, դափնիների, փոխարենը՝ ծափերով եւ ծաղիկներով, որոնք մարզիկներին հանձնեց ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում նվաճեց 10 մեդալ՝ երկու ոսկի, 6 արծաթ եւ երկու բրոնզ:

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը (450, 210+240) եւ Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226),  արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131), Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225) եւ Լիանա Գյուրջյանը (246 կգ, 106+140):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):

Տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականներն առանձին թիմային հաշվարկներում գրավել են առաջին տեղը: Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 3-րդն է։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.