17:47 19 ապրիլի, 2025Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը 4-րդ մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Արթուր Դավթյանը նվաճեց ոսկե մեդալ:
Հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը վաստակեց 14.449 միավոր:
Որակավորման փուլում օլիմպիական փոխչեմպիոնը հավաքել էր 13.899 միավոր:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 4 մեդալ նվաճեց Դոհայի աշխարհի գավաթի 5-րդ փուլում: Նժույգ թափեր վարժությունում կրկնակի ոսկե մեդալակիր դարձավ երիտասարդ Համլետ Մանուկյանը (14.700 միավոր): Օղակների վարժությունում արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը (14.333), բրոնզե մեդալակիր՝ Արթուր Ավետիսյան (14.200):
Մարմնամարզիկները մասնակցել են եւս երեք փուլերի՝ Գերմանիայում, Թուրքիայում եւ Խորվաթիայում:
Փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր հենացատկում։
Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։
Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել:
Մարտին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է հաղթողի կոչումը։
Ապրիլի սկզբին Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված 4-րդ փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 1 ոսկե, 2 բրոնզե մեդալով ավարտեց պայքարը:
Ոսկե մեդալակիր դարձավ երիտասարդների աշխարհի կրկնակի, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը: Երիտասարդ մարմնամարզիկը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժության եզրափակիչում՝ վաստակելով 14.633 միավոր: Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել հենացատկում: Բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.