Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

21:52   18 ապրիլի, 2025

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց 4-րդ արծաթե մեդալը: Եվրոպայի Մ20 չեմպիոն Աննա Ամրոյանը առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն:

Կանանց 76 կգ քաշայինների պայքարում Աննա Ամրոյանը երկամարտում գրանցեց 231 կգ արդյունք (100+131):

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 226 կգ արդյունքով 6-րդն է (95+131):

Աննա Ամրոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 95 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 100 կգ: Այս վարժությունում պայքարն ավարտեց 6-րդ տեղով:

Միլենա Խաչատրյանը պոկում վարժությունում միայն առաջին մոտեցումը հաջողեց՝ բարձրացնելով 95 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրած 100 կգ-ը ձախողեց: Խաչատրյանն այս վարժությունում 12-րդն է:

Հրում վարժությունում Ամրոյանը մեկնարկեց 126 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար պատվիրած 131 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ հրեց 131 կգ: Այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Միլենա Խաչատրյանը  առաջին մոտեցմամբ հրեց 121 կգ: Երկրորդ մոտեցման համար Արտաշես Ներսիսյանը պատվիրեց 128 կգ, որը երիտասարդ ծանրորդը հաջողությամբ բարձրացրեց: Երրորդ մոտեցմամբ էլ հրեց 131 կգ-ը: Այս վարժությունում Միլենա Խաչատրյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը երկամարտի 233 կգ արդյունքով նվաճեց իատալացի Ռամիդա Տոկո Կենգեն (100+133): 

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է երկամարտի 4 մեդալ՝ 3 արծաթ, 1 բրոնզ:

Առաջին մեդալը նվաճել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ ճանաչված Ալեքսանդրա Գրիգորյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր (202, 85+117): Բրոնզե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151): Արծաթե մեդալներ են նվաճել նաեւ Գոռ Սահակյանը (338, 153+185) եւ Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185):

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից Մնացական Աբրահամյանը 0 է ստացել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.