21:01 18 ապրիլի, 2025Տափօղակով հոկեյը մեծ ապագա ունի Հայաստանում: Ունեք բավականին լավ թիմ եւ կարող եք ավելի մեծ արդյունքների հասնել: Այդ հարցում Հայաստանի հավաքականին կարող է օգնել սփյուռքը:
Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) պատվավոր նախագահ Ռենե Ֆազելը, որն այս օրերին Երեւանում է: Ռենե Ֆազելը նախօրեին հետեւել է Երեւանում անցկացվող տափօղակով հոկեյի աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնության Հայաստան - Իրան հանդիպմանը, որտեղ ազգային հավաքականը 8:0 հաշվով հաղթանակ տարավ:
«Տափօղակով հոկեյը մեծ ապագա ունի Հայաստանում: Ունեք բավականին լավ թիմ եւ կարող եք ավելի մեծ արդյունքների հասնել: Այդ հարցում Հայաստանի հավաքականին կարող է օգնել սփյուռքը: Երբ իմ հայ գործընկերոջ հետ ծանոթացա, այդ ժամանակ մարզաձեւի առաջին քայլերն էին այստեղ: Հասկանալի էր, որ Հայաստանի համար շատ դժվար էր, քանի որ կար միայն մեկ սահադաշտ: Հիշում եմ, երբ 2006 թ. Հայաստանը 32:1 հաշվով հաղթեց Իռլանդիային: Այդ ժամանակ սփյուռքից շատ էին խաղացողները, որի շնորհիվ Հայաստանի հավաքականը շատ ուժեղ էր:
15 տարվա դադարից հետո նորից խաղում եք աշխարհի առաջնությունում: Սա նշանակում է, որ վերջին երկու տարիներին մարզաձեւը զարգանում է, առաջխաղացում կա:
Պետք է ներգրավել հոկեյիստների Հյուսիսային Ամերիկայից եւ Ռուսաստանից։ Այդ դեպքում դուք իսկապես կունենաք շատ ուժեղ թիմ։ IIHF-ի կանոնակարգը թույլ է տալիս, սակայն մի փոքր երկար գործընթաց է: IIHF-ի կանոնակարգի համաձայն նույնիսկ եթե հոկեյիստը քաղաքացի է, նվազագույնը երկու տարի պետք է ապրի եւ խաղա Հայաստանում, որպեսզի իրավունք ստանա աշխարհի առաջնությունում խաղալ հավաքականի կազմում:
Երեկ հետեւում էի Հայաստան - Իրան հանդիպմանը, որտեղ ձեր ընտրանին հաղթեց 8:0 հաշվով: Սա մեծ քայլ է մարզաձեւի տարածման եւ զարգացման համար»,- ասել է Ռենե Ֆազելը:
Երեւանում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 տուրում տարել է 3 հաղթանակ կրել 1 պարտություն: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել է Մալայզիայի թիմին, երկրորդ տուրում՝ բուլիտներով 3:2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի նկատմամբ: Երրորդ տուրում ավելացված ժամանակում 4:5 հաշվով պարտվել է Քուվեյթի թիմին, 4-րդ տուրում 8:0 հաշվով հաղթել Իրանին: Վերջին տուրում Հայաստանը կմրցի Ինդոնեզիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.