09:07 18 ապրիլի, 2025Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Կանանց 76 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան Աննա Ամրոյանը եւ Միլենա Խաչատրյանը, տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում Մնացական Աբրահամյանը:
Առաջինը մրցահարթակում կլինի Մնացական Աբրահամյանը:
Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 8 ծանրորդ: Մնացականյան Աբրահամյանի նախնական հայտը երկամարտում 365 կգ է:
Մնացական Աբրահամյանը Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:
Տղամարդկանց 89 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Երեկոյան մրցահերթում կանանց 76 կգ քաշային կարգում կմրցեն Աննա Ամրոյանը եւ Միլենա Խաչատրյանը:
Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Միլենա Խաչատրյանը Եվրոպայի Մ20 չեմպիոն է, Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր:
Կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կմրցի 11 ծանրորդ: Հայաստանի երկու ներկայացուցիչների նախնական հայտը երկամարտում 230 կգ է:
Կանանց 76 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է երկամարտի 4 մեդալ՝ 3 արծաթ, 1 բրոնզ:
Առաջին մեդալը նվաճել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ ճանաչված Ալեքսանդրա Գրիգորյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր (202, 85+117): Բրոնզե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151): Արծաթե մեդալներ են նվաճել նաեւ Գոռ Սահակյանը (338, 153+185) եւ Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.